Որտե՞ղ էր Մարդու իրավունքների պաշտպանը․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հունիսի 24-25-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Գդանսկ քաղաք՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Անխոս, դժվար է պատկերացնել, թե Արմեն Գրիգորյանի ներկայությունն ինչով կարող է նպաստել Ուկրաինայի վերականգնմանը։ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, Հայաստանի մասնակցությունից չի վերականգնվի, բայց Հայաստանն ինքն իր վրա նոր ռիսկեր վերցնելու հարցում, կարծես, հետեւողական է: Համենայնդեպս, մի բան արդեն ակնհայտ է՝ նման համաժողովին մասնակցությունը հերթական անգամ կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել Հայաստանի եւ ՌԴ-ի հարաբերություններում։ Ռուսաստանը, որը պաշտոնապես շարունակում է համարվել Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, դժվար թե անտարբեր հետեւի այն հանգամանքին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձը մասնակցում է հակամարտության շուրջ ձեւավորված արեւմտյան քաղաքական եւ տնտեսական հարթակին։ Իսկ թե հերթական նման քայլի գինը ինչ կլինի Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքական դիրքերի համար, իշխանությունները նախընտրում են չխոսել, իսկ հանրությունը, այդ թվում ընդդիմությունն ասելիք չունի՞։
Իսկ Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ Երեւանի քաղաքապետարանում հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպը գնահատել է որպես մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ եւ հայտարարել, որ այն անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ։ ՄԻՊ-ը նաեւ դատապարտել է բռնության եւ անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում։ Հայտարարությունը, անշուշտ, գեղեցիկ է հնչում։ Սակայն ակամայից հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ էր Մարդու իրավունքների պաշտպանը, երբ նույն անհանդուրժողականության, վիրավորանքների, սպառնալիքների խոսքեր հնչում էր Նիկոլ Փաշինյանի շուրթերից, իսկ երբեմն նաեւ բախումների տեսարանները տեղի էին ունենում Ազգային ժողովում։ Ինչո՞ւ այդ դեպքերում նույն խստությամբ ու նույն անհապաղությամբ գնահատականներ չէին հնչում։ Ավելին, հանրությունը դեռ հիշում է այն դեպքերը, երբ սուր հակադրությունների եւ լարված գործողությունների թիրախում էին հայտնվում Հայ Առաքելական եկեղեցին, հոգեւորականները կամ եկեղեցական կառույցները։ Այդ ժամանակ եւս շատերի մոտ հարցեր էին առաջանում՝ արդյոք մարդու իրավունքների, խղճի ազատության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի նույն չափանիշները գործո՞ւմ են բոլորի համար, թե՞ միայն առանձին դեպքերում։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար ՄԱՐԹԱ ԿՈՍՆ էլ մեծ ոգեւորությամբ հայտնել է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրոպական միություն։ Ընդ որում, հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ խոսքը բառացիորեն մի քանի՝ ընդամենը 7 հատիկ ծիրանի մասին է, որոնք նրան նվիրել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Կոսը վստահեցնում է, որ այս գործընթացը կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը եւ մուտք գործել նոր շուկաներ։ Սակայն այստեղ մի փոքր զարմանք է առաջանում. իսկ եթե ոչ խորհրդանշական, այլ իրական արտահանման մասին է խոսքը, նույն Կոսը պատկերացնո՞ւմ է, թե ինչ ճանապարհով պետք է հայկական թարմ ծիրանը հասնի եվրոպական շուկաներ։ Թե՞ Եվրոպայում կարծում են, որ Հայաստանը հարեւանությամբ է գտնվում Բրյուսելին, եւ ծիրանը կարելի է առավոտյան քաղել, երեկոյան դնել եվրոպական սուպերմարկետներում։ Իսկ գուցե խոսքը ոչ թե թարմ մրգի, այլ արդեն ջեմ դարձած ծիրանի կամ չիրի՞ արտահանման մասին է։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

