Հայաստանի շուրջ մեծ խաղը շարունակում է թափ հավաքել
ՎերլուծությունԵրեւանի ավագանին, թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել` Նիկոլ Փաշինյանը որոշեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը` Ամիրյանը, անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»: Ո վ էր Արսեն Ամիրյանը. հայ բոլշեւիկ, հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից: Ով էր Պապ թագավորը. Եկեղեցու կողմից ամենամերժված հայաստանյան ղեկավարներից մեկը, ում մեղադրում են Կաթողիկոս Ներսես Ա–ի սպանությունը պատվիրելու մեջ:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԵՐԵՎԱԼ
Ուրեմն, պատահակա՞ն էր նման պահին երեւանյան կոլորիտի մաս դարձած Ամիրյան փողոցի անվանափոխությունը. նման պատահականություններ չեն լինում: Ամեն դեպքում, հաշվի առնելով, թե ինչն ինչով են փոխարինել, սա նմանվում է ոչ միայն հակաեկեղեցական, այլ նաեւ` հակառուսական ժեստի: Իհարկե, եթե Փաշինյանին հարցնես, միանգամից կհարձակվի, թե ինչ հակառուսական, ես այդ երբ եմ ռուսների դեմ ինչ–որ բան արել: Բայց ինչ էլ ասի, հերթական հակառուսական ժեստի տպավորությունը դրանից չի փոխվելու:
Ընդ որում, ներկա թեժ իրողությունները հաշվի առնելով, նման անվանափոխությունը կարելի է նաեւ ցուցադրական ազդակ համարել: Այսինքն, անկախ այն բանից, թե Մոսկվայի հետ հարաբերություններն ինչ սրության են հասել, նման քայլը նաեւ ակնարկ է հայաստանյան «վերընտրված» իշխանությունների կողմից էլ ավելի լուրջ սրացումների գնալու պատրաստականության ցուցիչի: Եթե այդպես է, ուրեմն պետք է առաջիկայում էլ ավելի սուր քայլերի սպասել: Ամեն դեպքում, առնվազն ռուսական փորձագիտական շրջանակներում այդ սպասելիքները կան: Այսպես, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արդեն պաշտոնաթող ավագ խորհրդական Անանիեւը բավականին ուշագրավ եզրակացության է գալիս Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան եւ ՄԱԿ-ում ներկայացուցիչ Իսմայիլ Ալփեր Ջոշքուի եւ տխրահռչակ Գարո Փայլանի հոդվածից, որը հրապարակվել է գլոբալիստական ուղեցույց համարվող «Քարնեգի» կենտրոնի կայքում՝ «Հաջորդ քայլերը դեպի խաղաղություն Հայաստանում ընտրություններից հետո» վերնագրով: Ըստ փորձագետի, այդ հոդվածում հեղինակներն առաջ են տանում այն թեզը` Էրդողանը մտադիր է Անկարայում հուլիսի 7-8–ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն օգտագործել որպես հարմար պահ՝ Թրամփի, Փաշինյանի եւ Ալիեւի հետ քառակողմ հանդիպում կազմակերպելու համար, որի նպատակը «պետք է լինի խաղաղության գործընթացում լճացման կանխումը եւ համատեղ պարտավորությունների մշակումը՝ դրա հետագա առաջխաղացման համար քաղաքական եւ տնտեսական հիմք ստեղծելու համար... եւ մշտական համակարգման մեխանիզմի ստեղծումը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ շահագրգիռ միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ»:
Այսինքն, ռուսական փորձագիտական շրջանակներում ամրանում է այն գաղափարը, որ Անկարան այդպիսով փորձում է փոխել հարավկովկասյան աշխարհաքաղաքական ողջ կոնստրուկցիան: Այսինքն, պաշտոնապես Թուրքիան հանդես է գալիս «3+3» տարածաշրջանային հարթակի դիրքերից, այն է` «Հարավային Կովկասի հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները եւ նրանց ամենամոտ հարեւանները» սկզբունքի օգտին, ինչը քանիցս ընդգծել են թուրքական բարձրաստիճան ղեկավարները: Այդ թվում ԱԳ նախարար Ֆիդանը` օրերս, այսինքն` հայաստանյան ընտրություններից հետո ՌԴ կատարած այցի շրջանակներում: Բայց մյուս կողմից էլ, դատելով Անանիեւի գնահատումից, ստացվում է, որ իրականում Էրդողանը մտածում է Ադրբեջան–Հայաստան–Թուրքիա առանցքի գաղափարի մասին` ԱՄՆ–ի եւ ԵՄ–ի եթե ոչ հովանու տակ, ապա գոնե սերտ համագործակցությամբ: Այսինքն, ծրագրում է տարածաշրջանից դուրս թողնել Իրանին եւ Ռուսաստանին:
ՖԻԴԱ՞ՆՆ Է ՌԴ–ՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ
Չնայած, ռուս դիվանագետը նաեւ պատահական չի ընդգծում, թե ովքեր են փորձում այդ միտքն առաջ տանել եւ ինչ գլոբալիստական աղբյուրներում: Տարածաշրջանից Ռուսաստանին ու Իրանին առնվազն դուրս թողնելու գաղափարն իրականում հին գլոբալիստական ծրագրերից է, որը ժամանակին ռազմավարական տեսքի էր բերել տխրահիշատակ Բժեժինսկին` իր «Մեծ շախմատային տախտակում»: Ու եթե հիմա նույն գլոբալիստների ներկայացուցիչները նույն մեխանիզմն են քարոզում նույն գլոբալիստական «Քարնեգի» կենտրոնի կայքում, դա նախ ակնարկ է այն մասին, որ այդ հին ծրագրերը դեռ օրակարգում են: Բայց իրականում «երկու աթոռի» մասնագետ Էրդողանն իրականո՞ւմ է խաղում գլոբալիստական գաղափարախոսության օգտին, այստեղ արդեն հարցեր կան:
Նախ, Անանիեւն ինքն է այն մտքին, որ. «Կարծես թե, պատահական չէ, որ Ֆիդանի ժամանումը տեղի է ունեցել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ օր անց, որոնք հաղթել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հովանավորվող կուսակցությունը՝ ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումների շնորհիվ։ Ըստ երեւույթին, Էրդողանի դեսպանորդը եկել էր այս «հաղթաթղթով»՝ Ռուսաստանի հետ իր նուրբ քաղաքական խաղում՝ Անդրկովկասում շահերի նոր հավասարակշռություն «բանակցելու» համար։ Նրա նպատակն էր համոզել Ռուսաստանի ղեկավարությանը` ճանաչել Հայաստանի ընտրությունների օրինականությունը եւ համագործակցություն կառուցել Անկարայի հետ՝ հաշվի առնելով Երեւանի հետագա շեղումը դեպի արեւմտամետ, իսկ իրականում՝ թյուրքական ուղղությամբ»:
Թերեւս, սա ավելի հավանական է. Էրդողանն այսքան ժամանակ կովկասյան ուղղությամբ նրա համար չէ համառորեն «քյալլա տվել», որ հիմա իր ձեռքբերումները հենց այնպես նվիրի Թրամփին, առավել եւս` եվրոպացիներին, անկախ այն բանից` նրանք գլոբալիստական տեսքով են, թե ցանկացած այլ: Ավելի շուտ, այն տպավորությունն է, որ Անկարան պարզապես փորձում է համոզել Մոսկվային, թե ինչ կա որ, պետք է ընդունել Փաշինյանի բազմավեկտոր կուրսը. համագործակցում է Եվրոպայի, ԱՄՆ–ի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ, բայց նաեւ ուզում է համագործակցել Ռուսաստանի հետ, դրանում ի՞նչ վատ բան կա: Բայց այն, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկումները սկսեց ծավալել Նիկոլի «վերընտրվելուց» հետո, թերեւս արդեն իսկ պարզ ակնարկ է, թե այդ «վերընտրության» տակ իրականում Անկարայում ում հաղթանակն են տեսնում եւ ինչպես են պատկերացնում հետագա սխեմաները:
Ասենք, այդ հետագա սխեմաների մասին հատկապես վերջին ժամանակներս շատ է խոսվել: Այն է` Հայաստանին պետք է միավորել Թյուրքական աշխարհի տրամաբանության մեջ: Ընդ որում, կուրսը, որով այդքան հպարտանում է Փաշինյանը, հիմքում հենց դա էլ ունի: Այսինքն` «գնում ենք Եվրոպա», բացում ենք «Թրամփի ուղի»: Իսկ իրականում դա նշանակում է Հայաստանի համար փակել հյուսիսն ու հարավը: Ու երբ դրանք կփակվեն, ապա պարզ կդառնա, որ Եվրոպային կամ Թրամփին հասնելու համար Հայաստանին մնացել է մեկ ճանապարհ` Թուրքիան: Անկարան էլ, երբ ուզի, կբացի այդ դուռը, երբ ուզի` կփակի, նայած, թե Հայաստանն իրեն ինչպես է դրսեւորում:
ՊԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ
Բայց այն, որ Ֆիդանը, ըստ ռուս փորձառու դիվանագետի պնդման, փորձել է Մոսկվային համոզել` ընդունել ներկա իրողությունները` Մոսկվային «վախեցնելով» Թրամփով եւ Եվրոպայով, նաեւ հուշում է, որ առանց Ռուսաստանի հետագա նահանջի, գործը ավարտին հասցնելու հետ կապված խնդիրներ ունեն: Փաստը սա է. անկախ ամեն բանից, Հայաստանում դեռ գտնվում է ռուսական ռազմաբազան: Նիկոլը, ով անգամ այդ մասշտաբային ընտրական գործողություններից հետո, երբ այդպես էլ գոնե քվեարկողների ձայների կեսը չհավաքեց, ավելի կոնկրետ, ստացավ Հայաստանի բնակչության ձայների մոտ 1/4–ը, կարո՞ղ է կոշտ մեթոդներով հասնել ռուսական ռազմաբազան հեռացնելուն. լուրջ հարցեր կան այստեղ: Ու սա այն թեման է, երբ Արեւմուտքի, էլ չասած` Անկարայի եւ Բաքվի միջամտությունը կարող է ի վնաս Փաշինյանի աշխատել: Ու ամեն բան շատ ավելի կխճճվի, եթե Մոսկվան որոշի ճանաչել հայաստանյան ընտրությունների օրինականությունը` դրանով լիովին լեգիտիմացնելով Նիկոլին:
Բայց իրողություններն այլ բան են հուշում. եթե իրոք Ֆիդանը փորձում էր «համոզել Ռուսաստանի ղեկավարությանը` ճանաչել Հայաստանի ընտրությունների օրինականությունը»,– ինչպես որ պնդում է Անանիեւը, ապա այն, որ ռուսներից այդպես էլ հայաստանյան ընտրությունների հետ կապված շնորհավորանք չի գալիս, հուշում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարն արդյունքի չի հասել:
Անկարան, իհարկե, իր կուրսը կշարունակի: Միգուցե նաեւ համոզելով Ալիեւին, որ վերջապես ստորագրի «խաղաղության պայմանագիրը» կամ գոնե մասնակի սահմանները բացելու միջոցով: Նաեւ դատելով այն ռեակցիայից, որը կա Հայաստանում, այդ թվում այնպիսի մանր «կծոցների» տեսքով, ինչպիսիք են փողոցների անվանափոխությունը, թուրքական կուրսն այստեղ իր աջակցությունը ստանում է:
Մյուս կողմից, Մոսկվան եւս այս ուղղությամբ փորձում է դիրքերը պահել: Սակայն այն մի քանի կոպիտ սխալները, որոնք նորից թույլ տրվեցին, այդ թվում` նախընտրական փուլում, իհարկե, հարցեր առաջացնում են: Բայց հարցերից զատ, իրավիճակը փոխելու ռեսուրսներն են պակասել: Ասենք, Սամվել Կարապետյանը հիմա կարող է ասել, թե սխալվել է կամ նման բաներ: Բայց ի՞նչ է պետք անել այդ սխալն ուղղելու համար, դա է, որ դեռ տեսանելի չէ: Մնում է տնտեսական լծակներով ճնշումները: Բայց դրանց էլ Նիկոլը կարող է քիչ–քիչ հարմարվել:
Կարճ ասած, ստեղծվել է մի վիճակ, երբ բոլոր խաղացողներն էլ, անկախ նրանից` ընտրական փուլում հաջողություններ ունեն, թե` ոչ, հիմա հայտնվել են պատային վիճակում: Իրավիճակի արմատական փոփոխություններ, թերեւս, կարող են դառնալ այն զարգացումները, որոնք ներկայումս ընթանում են ուկրաինական խաղատախտակին եւ դրա շուրջ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68874

