Ռաիսա Մկրտչյանի մահով ամփոփվեց հայկական էստրադայի մի ամբողջ դարաշրջան

Մշակութային

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏՆ՝ ԱՅՍՕՐ

Գնա՜ց… 84 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, Մովսես Խորենացու մեդալակիր ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ այն բացառիկ արվեստագետներից մեկը, որի անունը վաղուց արդեն գրված էր հայկական երգարվեստի ոսկե էջերում։ Նա պարզապես երգչուհի չէր։ Նա հայկական երգարվեստի մի ամբողջ դպրոց էր, մի ողջ սերնդի հիշողություն, մշակութային արժեք, որի երգերով մեծացան տասնյակ հազարավոր մարդիկ։

44-օրյա պատերազմի օրերին ծանր հիվանդ էր. կորոնավիրուսն արդեն խլում էր ուժերը, բայց դա չէր նրա ամենամեծ ցավը։ Ամեն օր ապրում էր պատերազմի ողբերգությամբ, յուրաքանչյուր զոհված զինվորի համար ցավում էր մոր պես։ Նրա ձեռքերը դողում էին, բայց առավել շատ դողում էր հոգին՝ հայրենիքի կորստի վախից ու ցավից։

Քաղաքականությունը երբեք իրենը չէր։ Նա չէր սիրում, խուսափում էր դրանից, երբեք չթաթախվեց դրա մեջ։ Ուներ իր մշտական վախերը՝ քննադատությունից, գրաքննությունից, իշխանությունից, ամեն տեսակ աղմուկից։ Ներդաշնակ չէր այս իրականության հետ: Ուղղակի, այս իրականության հետ որեւէ աղերս չուներ, իր աշխարհն այլ էր… Իր աշխարհը երաժշտությունն էր, գեղեցիկը, ազնվականությունը, մարդկային արժանապատվությունը։

«Իրավունք-ը բազմաթիվ գեղեցիկ ու անկեղծ զրույցներ է ունեցել Ռաիսա Մկրտչյանի հետ, որոնք տարբեր տարիներին տպագրվել են թերթի էջերում: Այդ զրույցներում նա բացել է իր կյանքի ամենահետաքրքիր էջերը, պատմել հաջողությունների, հիասթափությունների, ծիծաղելի դեպքերի ու մեծ արվեստի մասին։

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԳԵԼՆ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ ԷՐ»

Հատկապես հիշարժան էր նրա պատմությունը բեմական առաջին ելույթի մասին, որը պատմում էր ռաիսամկրտչյանական հատուկ հումորով։

«Ինձ նախապես զգուշացրել էին, որ զգեստն ամբողջությամբ փակ պետք է լինի։ Այդպես էլ արել էի՝ զգեստն ամբողջությամբ փակ էր, բայց մեջքը՝ լավ բաց։ Դե, ինչ-որ բան պետք էր լինի բեմի համար բաց»,– ծիծաղելով՝ հիշում էր նա։

Երբ արդեն բեմ էր բարձրանում, կազմակերպիչները զայրացած նկատել էին բաց մեջքը. «Ես էլ ասացի՝ մեջքի մասին ոչինչ չէիք ասել»։ Բայց զավեշտը դեռ առջեւում էր։

«Հենց այդ պահին կոշիկիս կրունկը մտավ բեմի փտած տախտակների արանքը։ Փորձում էի ոտքս հանել, չէր ստացվում։ Կռացա, ուժեղ քաշեցի, կրունկս մնաց ներսում։ Ու ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան կիսաթոփալ դուրս գալ բեմի առաջնամաս», - այդպիսի ինքնահեգնանքով էր նա պատմում իր կյանքի ամենահիշարժան դրվագներից մեկը։

Քչերը գիտեն, որ Ռաիսա Մկրտչյանը սկզբում չէր էլ երազում երգչուհի դառնալ. «Իմ երազած ճանապարհը դաշնակահարուհու կարիերան էր։ Այն ժամանակ էստրադային երգչուհի լինելը այնքան էլ պատվաբեր չէր համարվում»։

Բայց կյանքն ուրիշ ճանապարհ ընտրեց նրա համար։ Ուսանողական տարիներին ընդմիջումների ժամանակ նա երգում էր, իսկ ընկերները հավաքվում էին շուրջը։ Հենց այդ ժամանակ երիտասարդ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը սկսեցին իրենց առաջին երգերը վստահել նրան։

«Դա եղավ հիմնական պատճառը, որ սկսեցի երգել: Հիշում եմ, երբ սկսեցի երգել, տնային «ժողով» եղավ ազգականներիս հետ, թե արդյոք արժե, որ իրենց աղջիկը բեմ դուրս գա էստրադային երգերով` ունենալով այդպիսի «սոլիտ», ազնվական մասնագիտություն, ինչպիսին դաշնակահարուհի լինելն է: Բայց Մարտին Վարդազարյանը եկավ, խոսեց ընտանիքիս հետ, ասաց, որ ռադիոյում նոր է ստեղծվում խումբը  այդտեղ պետք է ձայնագրվեն մեր հայ կոմպոզիտորների երգերը ու իրենց համար պատիվ է միայն, որ ես այդքան պրոֆեսիոնալ ձեւով կատարեմ դրանք»,– պատմում էր նա։

Շուտով նրան լսեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։

«Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը, որը շարունակվեց մինչեւ նրա մահը։ Դա իմ ստեղծագործական կյանքի ամենակարեւոր էջերից մեկն էր», - ասում էր Ռաիսա Մկրտչյանը:

Նրա ստեղծագործական ուղին դարձավ հայկական էստրադայի պատմությունը։ Հարյուրավոր երգեր, տասնյակ երկրներում հյուրախաղեր, համագործակցություն հայ մեծագույն կոմպոզիտորների հետ։ Սակայն, որքան մեծ էր հաջողությունը, այնքան մեծ էր նաեւ համեստությունը. «Ես երբեք հատուկ ջանքեր չեմ թափել երգչուհի դառնալու համար։ Դա ինձ համար հաճույք էր: Շատ գեղեցիկ երգեր ունեմ, շատ եմ ափսոսում, որ ժամանակներն ու մոտեցումներն այդքան փոխվեցին»։

Նա հաճախ էր կրկնում. «Մի մեծ երջանկություն է, երբ ստեղծում ես երգը, դու ես առաջին կատարողը, քո ներքնաշխարհն ես դնում դրա մեջ, ու ծնվում է այն»։ Եվ հետո ավելացնում էր. «Ձայնագրությունից դուրս ես գալիս լրիվ անէացած վիճակում... Ինձ համար դա Աստծո պարգեւ էր»։

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԷՐ, ՈՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Ժամանակի ընթացքում նա դարձավ ոչ միայն հայտնի երգչուհի, այլեւ հայկական երգարվեստի խիղճը։ Ցավով էր խոսում ժամանակակից երաժշտության մասին. «Գեղխորհուրդը շատ անհրաժեշտ էր, որովհետեւ այդ դեպքում պատահական մարդիկ չէին կարող ասպարեզում լինել: Կուզեի, որ այսօր էլ դա լիներ, որովհետեւ հեռուստատեսությունը, ռադիոն պրոպագանդայի շատ հզոր ուժեր են եւ այդտեղ պետք է հսկողություն լինի: Այսօր ինչ ասես չեն երգում, որպեսզի գումար վաստակեն: Երգեր կան, որ պետք է հնչեն միայն խրախճանքների ժամանակ, ոչ թե Հանրային հեռուստատեսությամբ կամ մյուս հեռուստաընկերություններով, որոնք լի են անճաշակ երգերով ու կատարումներով: Էլ  չեմ ասում, որ  Հայաստանի կազմավորման հեղեղուկ վիճակից նոր էինք ամրանում, երբ ինչ տիպի մարդ ասես չմտավ երգարվեստ ու, ընդհանրապես, արվեստի ոլորտ, է՛լ թուրքական, է՛լ արաբական, է՛լ հունական ինչ ռիթմեր ասես չներթափանցեցին, անգամ հնդական ֆիլմերից էին կտորներ վերցնում, կպցնում իրար ու շատ «վարպետորեն» այդ ամենը ներկայացնում որպես իրենց երգեր»։

Մտահոգված էր, որ պրոֆեսիոնալիզմը նահանջում է. «Հիմա ով գումար ունի, կարող է ձայնագրվել՝ լինի պրոֆեսիոնալ, թե՝ ոչ։ Բայց այն կիրթ ու հղկված կատարումները, որոնք պետք է հնչեն, այլեւս քիչ են: Մեր երգչուհիներից ինձ դուր է գալիս Լեյլա Սարիբեկյանն իր անհատականությամբ, իր հայրենասիրական ոգով ու մտածելակերպով: Կան երգիչներ, որոնց ոչ բոլոր երգերն են ինձ դուր գալիս, այլ առանձին ինչ-որ կատարումներ: Դա էլ արդեն դեֆիցիտն է պրոֆեսիոնալ կոմպոզիտորների: Բայց այսօր էլ շատ լավ ձայներ ունենք, որոնց պոտենցիալը մեծ է»։

Նրա համար երաժշտությունը երբեք բիզնես չէր, ծառայություն էր, մշակույթ, Հայրենիք։ Իսկ ամենամեծ ժողովրդականությունը, ինչպես ինքն էր պատմում, բերեց իրեն ոչ թե ամենաբարդ ստեղծագործությունը, այլ ժողովրդական երգը. «Շուկա էի գնում, բղավում էին՝ «Վա՜յ, Ռաիսան ա, Ռաիսան ա, «Ծիրանի ծառն ա» երգում...»։ Անկեղծ ասած՝ մի տեսակ վիրավորվում էի։ Մտածում էի՝ այդքան լուրջ երգեր եմ երգել, բայց հենց «Ծիրանի ծառն» ավելի մեծ ժողովրդականություն ունեցավ: Այսօր երգիչները շատ նման են իրար ձայնային առումով, իսկ մեր ժամանակ բոլորն էլ անհատականություններ էին` իրենց մարդկային տեսակով, իրենց ձայնի որակով ու կատարումներով, երբեք մեկը մյուսին չէր նմանակում: Արտաշես Ավետյանն իր կատորաղական հանգիստ ու գեղեցիկ տեմբրով, գուցե մի փոքր չափազանցնում եմ, բայց, կարծես, հայկական Ֆրենկ Սինատրան լիներ, Բելլա Դարբինյանն առանձնանում էր իր շատ գեղեցիկ թավ ձայնով, հայկական երգերի ու անգամ ռուսական ռոմանսների մեջ իր խորությամբ, կամ Էռնա Յուզբաշյանն իր շատ հետաքրքիր, էմոցիոնալ կատարողականով, Զառա Տոնիկյանն իր թռչող ձայնով նույնպես շատ գեղեցիկ երգեր ուներ: Բոլորն էլ ունեին իրենց սիրողներն ու չսիրողները, որովհետեւ անհնարին է, որ ժողովուրդը բոլորի նկատմամբ նույնը լինի։»։

Հայրենիքը նրա կյանքի գլխավոր արժեքն էր։ Նրան հաճախ հարցնում էին, թե ինչու երբեք չմնաց արտերկրում, երբ բոլոր հնարավորություններն ուներ։ Պատասխանը շատ պարզ էր. «Հեռանալով՝ քո բոլոր ցավերին ավելանում է մի նոր ցավ՝ կարոտի ցավը եւ հայրենիքը կորցնելու ցավը: Երազում եմ, որ մեր տղաները կարողանան աշխատել մեր երկրում, ապրեն իրենց հայրենիքում»։

Այսօր վերջին հրաժեշտն ենք տալիս ոչ միայն մեծ երգչուհու, այլեւ մի ամբողջ մշակութային դարաշրջանի։ Ռաիսա Մկրտչյանի հետ ավարտվում է հայկական էստրադայի մի լուսավոր ժամանակաշրջան, որի հիմքում պրոֆեսիոնալիզմն էր, ազնվականությունը, համեստությունն ու արվեստին անսահման նվիրվածությունը։ Բայց նրա թողած ժառանգությունը չի ավարտվում. նրա երգերը շարունակելու են հնչել, նրա ձայնը՝ ապրել, իսկ նրա մարդկային տեսակն ու արվեստի նկատմամբ վերաբերմունքը մնալու են որպես օրինակ եւ չափանիշ գալիք սերունդների համար։

Մնաս բարով, սիրելի՛ Ռաիսա Հրանտովնա... Դուք երգեցիք այնպես, ինչպես ապրեցիք՝ մաքուր, ազնիվ եւ հայրենասիրությամբ լի։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։ Հուղարկավորությունը կկայանա հունիսի 30-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում