Ընդդիմության լիդերները մի հատ «լայաղ» չեն անում, անգամ մարդկանց փողոց հանել. Տիգրան Ավետիսյան
Մշակութային«ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՍՈՎԱԾ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
Թե ինչպիսի ազդեցություն կունենա 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները մշակույթի եւ այն ներկայացնողների համար, «Իրավունք»-ը պարզել է երգահան ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ տեսակետը:
«ԵՍ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՄ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԱՆԱՏԸ ՉԵՄ»
— Ինչպես տեսանք եւ շատերի համար էլ անակնկալ չէր՝ վերընտրվեց ՔՊ-ն: Ինչպե՞ս ստացվեց, որ պատերազմում պարտված եւ բազում աղետների մեջ մեղադրվող քաղաքական ուժը կրկին վաստակեց ժողովրդի վստահությունը:
— Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր երկրում կա մի զանգված, որն իրականում մոլորված եւ խաբված է: Ինձ թվում է՝ իրենք մի քիչ մտածողության խնդիր ունեն ու իրականությունն ուրիշ աչքերով են նայում: Ամենայն հավանականությամբ, ընտրողների 15-20 տոկոսն այդպիսի մարդիկ են եղել։ Հետո, դրանից բացի, եթե ՔՊ-ի ընտրազանգվածին նայենք, կտեսնենք, որ պետական աշխատողներ են՝ մարդիկ, ովքեր տարբեր կերպ կապվածություն ունեն պետական ապարատի հետ: Այսինքն՝ անձինք են, ովքեր ստանում են պետական պարգեւավճարներ, աշխատավարձեր, մտածում են, որ եթե ՔՊ-ն չանցնի, իրենք իրենց աշխատանքից կզրկվեն: Բնականաբար, այդ մարդիկ կամ գոնե նրանց մեծ մասը՝ 90 տոկոսը, իշխանությանն է ընտրել:
Ցավոք, մենք գործ ենք ունենում այնպիսի մարդկանց հետ, որոնց համար ավելի կարեւոր է ոչ թե երկիրը, անվտանգությունը, ինքնասիրությունն, այլ, կոպիտ ասած, սեփական լափը: Իհարկե, նրանց ընտանիքի անդամներն էլ են ընտրել ՔՊ-ին, որովհետեւ պարզ հասկանում ենք չէ, որ, օրինակ, ԱԱԾ կամ ոստիկանության աշխատողը եւ այլն տանն ագիտացիա է անում իր աշխատանքի համար ու նրա հարազատները՝ բարեկամները, ընկերները ընտրում են ըստ շահի:
Ամենակարեւորներից մեկը, թե ինչու են շարունակում մարդիկ ՔՊ-ին ընտրել եւ ոչ ընդդիմությանը (չնայած նրան, որ ընդդիմությունը որոշակի տոկոս հավաքել էր), այն է, որ Փաշինյանը գերազանցում է մնացած բոլորին՝ խաբելու, խոստանալու, ավելի գեղեցիկ ամեն ինչ ներկայացնելու հարցում: Այդ հարցում նա առաջատարն է ու ինքն ամեն ինչ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Ցավոք, մի հատված հավատում է կեղծ խաղաղությանը, թոշակների բարձրացմանը, բժշկական ապահովագրությանը եւ այլ խոստումներին: Իրենք կարողացել են այդ ամենն այնքան սիրուն մատուցել, որ ավելի համոզիչ է եղել, քան, օրինակ, «Հայաստան» դաշինքի կամ Սամվել Կարապետյանի ուժի ներկայացրածը։
— Ըստ Ձեզ, մասնավորապես՝ որտե՞ղ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը թերացան:
— Ընդդիմությունը չի կարողանում ամեն ինչ ներկայացնել, խոստանալ ու հիմնավոր ապացուցել, թե գալու դեպքում իրենք ինչքան լավն են լինելու, ինչ են անելու, արդյոք իրենց խոստացածը կանեն, թե՝ ոչ: Նույնիսկ եթե սեփական ամբիցիաներն ու հակակրանքը դնենք մի կողմ, շատ մարդկանց հանդեպ, օրինակ, ես առանձնապես Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի ֆանատը չեմ ու չեմ կարծում, որ իրենք իդեալական տարբերակ են: Բայց, ամեն դեպքում, շատ լավ հասկանում ենք, որ այդ մարդիկ Հայաստանի համար որոշակի բաներ ունեն արած: Հատկապես Սամվել Կարապետյանը, ով միլիոնավոր դոլարների օգնություններ է տվել երկրին իր գրպանից՝ մանկապարտեզներ, հիվանդանոցներ սարքել եւ այլն: Եվ այդքանից հետո, նույնիսկ Սամվել Կարապետյանն իր ոչ փորձառու լինելով հանդերձ, ավելի լավ ղեկավար կլինի, քան Փաշինյանը։ Բայց այս դեպքում իրենք չեն կարողացել ժողովրդին համոզիչ ձեւով ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց անելիքները, ինչպես Փաշինյանն է ներկայացնում: Այսինքն՝ որքան էլ խոսենք, կրկին պտտվում, գալիս ենք մի կետի, որ Փաշինյանը թոզ փչելուց, խաբելուց ու խոստանալուց ավելի ուժեղ է։
«ԻՐԵՆՔ ՈՉ ԹԵ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԱՅԼ ԻՐԵՆՔ ԼԱՏԵՆՏ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԵՆ»
— Ինչո՞ւ ժողովուրդն այլեւս չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, ինչի արդյունքում ստեղծվում է տոտալ անտարբերություն:
— Չէի ասի ժողովուրդը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի: Եթե հանենք այն տոկոսը, որը չի գնացել ընտրության, ընտրության գնացած մարդիկ, ամենայն հավանականությամբ, ամեն մեկը վստահում է այն ուժին, ում ընտրել է: Դա եղավ մեր աչքի առաջ՝ միլիոնից ավելի մարդ էր գնացել ընտրության: Այսինքն, այս դեպքում մի հատվածը վստահել է այս մի ուժին, այն մի հատվածն էլ մյուսին: Այսինքն, վստահություն, ամեն դեպքում, կա: Մի հատված էլ կա ժողովրդի մեջ, որոնցից մեկը, օրինակ, ես եմ, ովքեր գնում են ընդդիմադիր ամենաշատ ձայներ հավաքող թեկնածուին են ընտրում՝ անկախ նրանից, թե թեկնածուն ով է, որպեսզի առաջնային դարձնի իշխանափոխությունը։
Այն էլեկտորատը, որը Փաշինյանի բերած աղետները շատ լավ պատկերացնում է ու նաեւ պատկերացնում է, թե ինչ աղետներ դեռ կբերի, եթե մնա, վստահության-չվստահության խնդիր այդքան էլ չունի: Իրենց համար ավելի կարեւոր է ամեն գնով հասնել իշխանափոխության: Բայց, մյուս կողմից էլ կարելի է ասել, որ ընդդիմությունն այնքան «որձ» չգտնվեց ու շարունակում է կրկին նույն ճանապարհով գնալ, ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո էր գնում։ Այսինքն, ընդդիմությունը չի անում այն, ինչ մենք ենք անում, որպես ժողովուրդ՝ տեսանյութեր, տարբեր ուղերձներ, քաղաքացիական պարտք տարբեր ձեւերով, միտինգի մասնակցել եւ այլն: Ցավոք սրտի, տպավորություն է, որ միակողմանի է ամեն ինչ: Մենք անում ենք, բայց ընդդիմության լիդերները մի հատ «լայաղ» չեն անում, անգամ մարդկանց փողոց հանեն։
—Որոշ մշակութային գործիչներ մշտապես խուսափելով քաղաքական հարցերից՝ պատասխանում են, որ իրենց չեն զբաղվում քաղաքականությամբ, սակայն լավ տեսանք, թե ով ում էր սատարում նախընտրական շրջանում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Մշակութային գործիչների հարցն ամենանուրբ թեմաներից է: Ես եկել եմ վերջերս մի համոզման, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ընդհանրապես տարիների ընթացքում կես բառ, կես տառ չեն ասել Փաշինյանի հասցեին ու ընդդիմության հասցեին, իրենք ոչ թե չեն զբաղվում քաղաքականությամբ, այլ իրենք լատենտ նիկոլական են:
Ամենայն հավանականությամբ, իրենց մեծ մասը գնացել է ընտրության ու լավ էլ ընտրել ՔՊ-ին: Նրանցից շատերը, ինչպես հետագայում պարզ դարձավ, նաեւ վերջին օրերին հանկարծ Ալեն Սիմոնյանի կազմակերպած խնջույքներին էին մասնակցում: Շատ բլոգերներ հանկարծ դարձան նիկոլական եւ որոշեցին, որ պետք է Նիկոլին սատարեն տարբեր տեսաուղերձներով: Բայց քանի կար, տարիներ շարունակ, երբ ենք ասում էինք՝ ինչո՞ւ ձայն չեք հանում, իրենք պատասխանում էին, թե՝ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ: Լավ, գոնե մեր պես, մեր չափ տղամարդկություն կարելի՞ էր ունենալ ու պարզ ասել, որ իրենք Նիկոլին են սատարելու։
«ՔԱՆԻ ԴԵՌ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՍՈՎԱԾ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
— Անցած 8 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եղան մշակույթում, եւ ի՞նչ սպասենք մոտակա 5 տարիներին:
— Անկեղծ ասած, այդքան լավ չեմ ուսումնասիրել, մշակույթում ինչ ձեռքբերումներ եղան կամ չեղան այդ 8 տարինների ընթացքում: Կարծում եմ, մշակութային ձեռքբերումները իրականում պետության շնորհքը չէ, ինչպես նաեւ այն ժամանակահատվածը, որ ձեռքբերումներ չկան, եւս պետության մեղքը չէ, որովհետեւ անկախ ամեն ինչից, մշակութային գործիչներն անկախ են գործում: Հիմնականում չեն հովանավորվում պետությունից: Այսինքն, իրենք աշխատում են իրենց խղճի հետ ու իրենք են որոշում, թե ինչ արվեստ, արժեքներ կստեղծվեն:
Բայց գոնե կարող ենք փաստել, որ նախորդ իշխանությունների ժամանակ պետությունն ինչ-որ չափով խրախուսում էր կամ սատար էր կանգնում մշակութային տարբեր իրադարձությունների, ազգային տարբեր դիմագծեր ցույց տվող ծրագրերի: Օրինակ, թումանյանական շատ ծրագրերի եւ այլն: Այսինքն, նախագծերի, որոնց պետությունը պետք է հովանավոր կանգնի: Ասենք, պետությունը աջակցի, որ նվագախումբը գնա արտերկիր, ներկայացնի ազգային ուրվագիծը: Այս դեպքում իշխանությունները, քանի որ ազգայինին դեմ են, իրենք չեն հովանավորի, հատկապես, եթե մշակութային գործչի ծրագրի մեջ կա «Արցախ» բառը կամ արցախյան թեմատիկա, Արեւմտյան Հայաստանի կամ Մասիս սարի հետ կապված միտք: Այս պարագայում հաստատ արվեստագետի թիկունքին չեն կանգնի: Ու քանի դեռ այս իշխանություններն են, ազգային մտածելակերպով արվեստագետները, կոպիտ ասած, սոված են մնալու ու իրենք միայն իրենց միջոցներով են փորձելու ինչ-որ բան կազմակերպել։
— Ձեր մոտ ինչպիսի՞ ստեղծագործական նորություններ կան, ի՞նչ սպասի հանդիսատեսը:
— Անցած տարի ձայնագրեցի իմ «Հասկենի» ալբոմը, որը ծավալուն աշխատանք էր: Եթե համեմատենք «Սխալ երկիր» ալբոմի հետ, այն ավելի ազգային բնութագիր ուներ՝ ավելի քիչ քաղաքական, ավելի շատ ազգային: «Հասկենի» ալբոմից հետո առանձնապես չեն եղել ստեղծագործական նորություններ:
Այս պահին աշխատում եմ երրորդ ալբոմիս վրա, որը կոչվում է «Սերմեր»: Գաղափարն այն մասին է, որ հայերը կապ չունի որտեղ են, ինչպես են, իրենք պետք է շարունակական լինեն: Ու եթե նույնիսկ որոշ տարածքից տարհանվել են, էթնիկ զտման են ենթարկվել, ապա միեւնույնն է, իրենք պետք է գնան Հայաստանի այլ տարածքներում իրենց սերմերը գցեն, կրկին աճեն, շատանան, զարգանան: Սա, ավելի շատ Արցախի հայաթափման հետ կապված թեմա է, չնայած՝ հույսներս չենք կորցնում, որ մի օր կարող է վերադառնան արցախահայերը Արցախ։ Ալբոմը կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբեր պատրաստ կլինի։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

