«Փաստ». Հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացներին և ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:
Իր խոսքում ռուս բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ընտրությունների ընթացքում ակտիվորեն կիրառվել է վարչական ռեսուրս, արձանագրվել են հարձակումներ, ինչը չի համապատասխանում ժողովրդավարության պաշտպանության մասին իշխանությունների հայտարարություններին: Նա հավելել է, որ նախընտրական քարոզարշավին Արևմուտքի միջամտությունն աննախադեպ բնույթ է կրել, և որ արևմտյան կողմը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Մեդվեդևը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:
Սա նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Մոսկվայից հնչող պաշտոնական գնահատականները ստացել են ընդգծված կոշտ երանգներ: Ռուսաստանն այլևս չի սահմանափակվում դիվանագիտական մեղմ ձևակերպումներով և բաց տեքստով, այլ առանց քողարկվածության, ուղիղ հայտարարություններ է անում Երևանի որդեգրած քաղաքականության առնչությամբ։ Ռուսական կողմի այս արձագանքի գլխավոր դրդապատճառներից մեկը հենց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացն է, այդ թվում՝ կապված անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության հետ, ինչը դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների դեմ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդումների նոր ալիք։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69075

