Նիկոլի եւ Ալիեվի համար բարդ ժամանակներ են սկսվում
ՎերլուծությունԱյն նոր սրացումները, որոնք նկատվում են թուրք–իսրայելական հարաբերություններում (Տե(ս նաեւ https://iravunk.com/?p=343835&l=am), առավել քան տարօրինակ վիճակում են դնում նաեւ նախ` Ալիեւին, ապա` Փաշինյանին: Իսրայելն ու Թուրքիան Ալիեւի ավագ եղբայրներն են, եւ եթե հանկարծ վիճակը հասնի այնպիսի ծայրահեղության, ինչպիսին պատերազմն է, ստիպված պետք է մեկին ընտրի:
Ի դեպ, վերջին ժամանակներս Ալիեւն արդեն մեկ անգամ ընտրելու պարտադրանքի առաջ կանգնեց: Այն բանից հետո, երբ Իրանի շուրջ պատերազմը մտավ հանդարտեցման փուլ, Հեյդարովիչի մոտ, թերեւս, այն տպավորությունն է առաջացել, թե դա նշանակում է Իսրայելի պարտությունը: Ամեն դեպքում, նա որոշեց, որ վատ չի լինի անցնել ընդգծված իսլամական դաշտ: Իհարկե, թյուրքական թեքումով, բայց նաեւ չմոռանալով այն դիրքերի մասին, որ այդ պատերազմի արդյունքում ձեռք է բերում Թուրքիան:
Ու հիմա պարզվում է, որ Իսրայելը կարող է եւ այնքան էլ չի պարտվել: Կամ որ այս պատերազմից նա իրեն հասանելի հիմնական պատառը ստանում է Լիբանանում, եւ Թրամփն ամեն կերպ մնում է կանգնած Թել Ավիվի թիկունքին: Իհարկե, Բաքուն շտապեց «անընդունելի» համարել Իսրայելի այդ որոշումը` կոչ անելով վերանայել: Բայց թերեւս Ալիեւն էլ է հասկանում, որ, ինչպես ասում են, «հրեան հենց այնպես ոչ մեկին անգամ բարեւ չի տա»: Այսինքն, երբ գնում են այնպիսի կտրուկ քայլի, ինչպիսին է կառավարության մակարդակով Ցեղասպանության ճանաչումը, ապա դա ոչ միայն հաշվարկված քայլ է, որը հետողորմյա չի արվելու, այլ նաեւ լուրջ խորացումներ դրանից պետք է սպասել: Կարճ ասած, արդեն էս գլխից պետք է մտածել նաեւ «մեկ ազգ, մեկ բանակ, երկու պետություն» ռազմավարության մասին: Նաեւ հաշվի առնելով, որ Իսրայելի հետ եւս կա այդ «մեկ բանակի» մոտեցումը, եւ թուրք–իսրայելյան թշնամության դեպքում պետք է նաեւ այդ «մեկ բանակների» մեջ ընտրություն կատարել:
Ասենք, Փաշինյանի համար էլ նման իրավիճակը հազիվ թե ամենահաճելիներից լինի: Ամենապարզը, ստիպված ես այդ քայլին ի պատասխան ռեակցիա ցուցաբերել: Իսրայելին գոնե շնորհակալություն չհայտնելը առնվազն տարօրինակ կլինի, էլ չասած, որ ներհայաստանյան հարթակում նորից կսրի ուրացման գաղափարը: Ողջունես, բա այդ դեպքում Էրդողանը չի՞ ասի` այ Փաշինյան, հարամ լինի նվիրածս գիրքը: Գերադասեց անտարբերության դիմակ հագնել, ինչպես հագավ այն ժամանակ, երբ Նեթանյահուն անցած տարի ասաց, որ ինքը ճանաչում է Ցեղասպանությունը: Նիկոլի ռեակցիան մոտավորապես սա էր` Ձեր գործն է: Բայց հիմա, եթե ճանաչումը տեղափոխվում է պաշտոնական մակարդակ, այդ ռեակցիայով գլուխն ազատելն ավելի դժվար է լինելու. նորից դա տանելու է ուրացման գաղափարի կտրուկ սրացման:
Ընդ որում, Փաշինյանի վիճակն էլ ավելի է բարդանում, հաշվի առնելով, որ դեռ պետք է կարողանա հաշվարկել, թե Իսրայելի այդ քայլն իր հետեւից ինչ կոնկրետ գործողությունների եւ հետեւանքների է բերելու: Եթե իրոք բանը հասնի այնպիսի ծայրահեղ, բայց հնարավոր սցենարներին, ինչպիսիք են թուրք–իսրայելյան բախումները, ապա նման իրավիճակում առաջ է գալիս հարցականների մի ամբողջ փունջ: Ընդհուպ, թե նման իրավիճակում որն է լինելու Թուրքիայի ապագան, եւ արդյոք նրան չե՞ն տանելու մասնատման: Հնարավոր տարբերակներից է Թուրքիայում հեղաշրջումը, որի մի քանի փորձեր արդեն եղել են: Եվ որը մնում է ոչ պակաս իրատեսական, հաշվի առնելով դժգոհության այն հավելյալ աճը, որը գեներացվել է Էրդողանի շուրջ: Իսկ այդ դեպքում հաջորդ իշխանությունները չե՞ն հարցնի` այ Նիկոլ, բա այդ ինչո՞ւ էիր այդպես ջերմ–ջերմ գրկել այս հանցագործ Էրդողանի գիրքը:
Վերջապես, նման զարգացումների դեպքում միանգամայն հնարավոր է դառնում նաեւ թուրք–իրանական դաշինքային բնույթի համագործակցությունը, որից կարող է նաեւ Ռուսաստանն անմասն չմնալ: Դա էլ մի նոր գլխացավանք է դառնալու Նիկոլի համար, հաշվի առնելով այն ակտիվությունը, որը նա փորձում է դրսեւորել Թրամփի ուղղությամբ:
Մի խոսքով, թուրք–իսրայելյան ներկայիս հարաբերությունները մտնում են ծայրահեղ անորոշությունների հարթություն: Եվ ամենավատն այն է, որ այդ անորոշությունները տարածվում են մեր ողջ մեծ եւ փոքր տարածաշրջանով մեկ: Գումարենք դրանց այն սրացումները, որոնք Նիկոլը հասցրեց ձեռք բերել Մոսկվայի հետ, եւ պատկերը կսկսի ամբողջական դառնալ:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69091

