Հիմա նիկոլյան հայաստանը դեպի Եվրոպա՞ է գնում, թե` Թուրքիա
ՎերլուծությունՆախօրեին Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի արձագանքում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային: Հիշեցնենք, նա հայտնեց, որ չեն արձագանքում, քանի որ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»:
ՈՐՊԵՍ ԷՐԴՈՂԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ
Միայն թե նման գնահատումն արդեն իսկ միանգամայն հստակ գնահատում է, որքան էլ որ Նիկոլը փորձում է դրանից խուսափել: Այսինքն, նրա գնահատմամբ, Իսրայելը Ցեղասպանության թեման որպես զենք է կիրառում Թուրքիայի դեմ` փորձելով այդկերպ քաղաքական հարցեր լուծել: Իհարկե, այդպես էլ կա: Բայց մի՞թե Հայաստանի համար գլխավորն այն է, թե ինչ նկատառումներից ելնելով է Իսրայելը Ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ տանում: Մինչ այս էլ Թել Ավիվը բացառապես իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չէր ճանաչում: Հիմա իրավիճակ է փոխվել, շահեր են փոխվել, եւ Ցեղասպանության թեման առաջ է մղում` հարվածելով Թուրքիային: Այն, որ անկախ պատճառներից, դա բխում է Հայաստանի շահերից, երկրորդ կարծիք չպետք է լիներ: Բացառությամբ, եթե միայն մեր իշխանավորները Հայաստանի շահ ասվածը համահունչ չեն համարում Թուրքիայի շահ ասվածին եւ այն հակադրելով Իսրայելի շահին: Կոպիտ ասած, Նիկոլի հայտարարության հիմքում ընդգծված է Թուրքիայի շահը` այն հակադրելով Իսրայելի շահին:
Ընդ որում, այստեղ առաջնայինն անգամ Իսրայելի շահ ասված հասկացությունը չէ: Իրողությունն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման նոր չէ, որ աշխարհում եւ հատկապես` խոշոր խաղացողների համար դարձել է քաղաքական շահարկումների հարց: Յուրաքանչյուր նման երկիր, եթե սկսում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, ապա դրանով հետապնդում է այս կամ այն պատճառով Թուրքիային հարվածելու նպատակ: Վերջին օրինակներից մեկը, երբ ԱՄՆ–ն պաշտոնապես խոսեց Ցեղասպանության մասին: Այսինքն, Փաշինյանի ակնարկը սա է. Հայաստանն առհասարակ չի խառնվի ճանաչման թեմային, քանի որ ամեն կոնկրետ դեպքում այս կամ այն երկրի շահն է` ընդդեմ Թուրքիայի: Սա, եթե անգամ ասվում է չեզոքության տոնի տակ, մեկ է` նշանակում է, որ մեր գործող իշխանությունների համար Թուրքիայի շահ ասվածը սկսում է դառնալ բացարձակ արժեք, հանուն որի պետք է նաեւ Ցեղասպանության ճանաչման հարցը առնվազն լռության մատնել:
Ընդ որում, որ գործող իշխանությունը հետեւողականորեն ավելի ու ավելի է ընդգծված տեսք տալիս, այսպես ասենք, թրքահաճո կուրսին, վերջին օրերին զգացվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին Փաշինյանի այս հայտարարությունից: Օրինակ, երբ ԱԺ նախագահի պաշտոնին են առաջ մղում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով Նիկոլի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին, ապա դա շատ ավելի ցցուն ցուցիչ է դառնում, քան անգամ Ցեղասպանության հետ կապված Նիկոլի նման խայտառակ հայտարարությունը: Ընդ որում, երբ հանուն Ռուբինյանին նշանակելու, Նիկոլը հետ է քաշում ավելի շատ գլոբալիստական համակարգի ջատագովի ներկայացուցչի համարում ունեցող Ալենին, ապա սա իր հերթին է շատ հեռուն տանող մտքեր առաջ բերում: Այն է` հիմա նիկոլյան Հայաստանը դեպի Եվրոպա՞ է գնում, թե՞ Թուրքիա: Նման նշանակումերից բխող ազդակը Թուրքիայի օգտին է:
Թե ինչու Հայաստանը հասավ նման խայտառակ վիճակի, հարցի մի կողմն է եւ հասկանալի կողմը: Սակայն այստեղ կա էլ ավելի կարեւոր այլ հարց. իսկ ո՞ւր է տանելու նման մոտեցումը մեր երկիրը: Իրողությունը, կրկնենք, սա է: Այն, որ Իսրայելը, Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդունելով կառավարության մակարդակով, արդեն իսկ ծայրահեղորեն սրեց Թուրքիայի հետ հարաբերությունները, դժվար չէ կռահել այն նյարդային ռեակցիայից, որն անմիջապես սկսեց գալ Էրդողանից: Ու եթե Ցեղասպանության թեման հասցնի նաեւ խորհրդարանով ճանաչելու մակարդակին, դա կդառնա «պատերազմից 5 պակաս» վիճակ: Ու նման իրավիճակում, երբ Նիկոլը Իսրայելին ներկայացնում է, որպես «Հայոց ցեղասպանությունը զենքայնացնող» եւ դրանով, կրկնենք, կանգնելով թուրքական շահի կողքին, ապա այն հարցը կա, թե ինչո՞ւ է նա այդքան վստահ, որ այդ հակամարտությունում տուժող կողմը Թուրքիան չի լինելու: Այսինքն, կա նաեւ այն հարցը, թե Էրդողանի տուժելու (դեռ մի կողմ թողնենք, որ դա կարող է դառնալ ծանրագույն պարտություն) դեպքում «մի մուշտի» էլ բաժին է հասնելու նրա աջակիցներին:
Առավել եւս, որ այս իրողությունների ֆոնին հայտնի դարձավ, որ Նիկոլը պատրաստվում է մեկնել Իրան` այաթոլլահ Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ: Սա, իհարկե, նրան հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալ տարածաշրջանում զարգացող իրողություններին: Բայց նաեւ, սա եւս դիրքորոշման արտահայտում է Իսրայելի նկատմամբ: Ասենք նաեւ Թրամփի, ով անվերապահորեն Իսրայելի թիկունքին է:
ՌՈՒՍՆԵՐԸ ԴԵՌ ՃՆՇՈՒՄ ԵՆ
Այսքանով հանդերձ այն, որ ռուսական քարոզչական դաշտն ակտիվորեն տիրաժավորում էր Ցեղասպանության թեմայով Փաշինյանի նման դիրքորոշումը, իր հերթին է հետաքրքիր հետեւությունների տեղիք տալիս: Այսինքն, ռուսական փորձագիտական հանրությունը նման քայլը գնահատում է արդեն ոչ թե նույնիսկ Ռուսաստանից դեպի Եվրոպա, այլ դեպի Թուրքիա տեղաշարժի ցուցիչ:
Արդյունքում, թեեւ նախօրեին եւս Փաշինյանը խոսում էր ԵԱՏՄ–ից դուրս չգալով, Մոսկվայի առաջարկած հանրաքվեն անելու ծրագրերից, սակայն փաստն այն է, որ նախ` այդպես էլ չի գալիս հայաստանյան ընտրությունների մասով ռուսական պաշտոնական գնահատումը: Երկրորդը, Ռուսաստանի ճնշումները շարունակում են միայն խորանալ: Գումարած այս ամենին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերթական անգամ հայտարարեց, որ ընթացքի մեջ է ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու թեման, եւ այդ հարցով ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում: Նաեւ համեմված ակնարկով, որ Փաշինյանը պարզապես վախենում է այդ հարցով հանրաքվե անցկացնել. «Անկեղծ ասած, մենք լիովին չենք հասկանում, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին այս շատ կարեւոր հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին: Ես չեմ բացառում, որ այս հետաձգման հետեւում կան որոշ օպորտունիստական նկատառումներ, այնպես չէ՞», – հայտարարեց փոխնախարարը:
Ընդ որում, թեեւ Փաշինյանը նախօրեին փորձեց լավատեսական հույսեր նետել շրջանառության մեջ, թե, տեսեք, մեր երկրի տնտեսական ակտիվությունը չի նվազել, այն է` ռուսական այդ արգելքները Հայաստանի տնտեսության համար խնդիրներ չեն առաջացնում, բայց դա, իհարկե, անլուրջ է. ռուսական նման արգելքների էֆեկտը կարող է տեսանելի դառնալ ամենաշուտը մյուս ամիս, եւ եղած վիճակագրական վերջին ցուցանիշները, որոնց վրա փորձեց հիմվել Փաշինյանը, վերաբերումն են մայիսին, երբ այդ էֆեկտը ոչ մի կերպ չէր կարող արտահայտվել:
ԵՎՐՈՊԱՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՉԻ ՕԳՆԻ
Մի խոսքով, Իսրայելի նման քայլը, իհարկե, Նիկոլի համար «գոտկատեղից ներքեւ» հարված էր: Այն պարզ պատճառով, որ, թեկուզեւ կմկմալով, սակայն ստիպված էր դրսեւորել թրքահաճո մոտեցում: Իսկ դա սրում է նրա հակասությունները ինչպես թրամփական թեւի, այնպես էլ` ռուսների հետ:
Ճիշտ է, դեռ մնում է Եվրոպան: ԵՄ–ն դեռ փորձում է աջակցել Էրդողանին` Կայա Կալլասի հայտարարության տեսքով: Ըստ որի, Թուրքիան ռազմավարական կարեւորության գործընկեր է` նշելով. «Եթե խոսենք Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարեւոր դեր է խաղում։ Իսկ եթե դուրս գանք Մերձավոր Արեւելքի սահմաններից, ապա կա նաեւ Կովկասը, որտեղ Թուրքիան նույնպես շատ կարեւոր դեր ունի»: Վաղն էլ Հայաստան եւ Ադրբեջան է գալիս Ուրսուլա ֆոն դեր Լեյնը, ով փորձում է հասկանալ, թե ԵՄ–ն ինչպես կարող է խաղարկել հայ–ադրբեջանական «խաղաղության», ավելի ճիշտ` կոմունիկացիոն միջանցքի գաղափարը` դեպի Թուրքիա տանող առանցքի տեսքով:
Բայց նաեւ, Կալլասը երեւի սովորականի պես լավ չհասկացավ, որ խոսելով Թուրքիայի դերի մասին, նա, ըստ էության, ընդգծեց, որ Էրդողանը, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ ունի, եթե մնացել է տարաբնույթ կալլասների պաշտպանության հույսին: Մյուս կողմից էլ, ինչպես Կալլասը, այնպես էլ` ֆոն դեր Լեյնը ներկա փուլում եվրոպական կառույցներում բուռն քաղաքական ճնշումների տակ են, եւ երբ նրանց մոտ ավելանում է թուրքասիրության դոզան, ապա պետք է սպասել, որ կավելանա նաեւ հրեական լոբբիից եկող ճնշումային դոզան: Այսինքն, որ նրանք Փաշինյանի համար հուսալի թիկունք են, երբ ընթանում է թուրք–իսրայելական նման շիկացումներ, ռեալ չէ:
Եվ, իհարկե, Նիկոլի համար նաեւ բարդ խնդիր է դառնում, որ նա այդպես ցուցադրաբար հայաստանյան հանրությանը ներկայացավ անգամ Ցեղասպանության ճանաչումից հետ քաշվելու գնով թուրքական շահերի պաշտպանի դիրքերից:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69116

