Ում դեմ է ԱՄՆ–ն շարունակում է զենքի մեծ պաշարներ կուտակել Մերձավոր Արեւելքում
ՎերլուծությունԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության թեման առաջ մղելը Թրամփի համար եւս սուր իրողություններ է առաջ բերելու: Այսինքն, եթե նա մնում է Նեթանյահուի թիկունքին, ապա հիմա պետք է գոնե իր համար մեկ պարզ հարցի պատասխան գտնի: Այն է` իսկ ո՞վ է հիմա Իսրայելի հիմնական թշնամին` Իրա՞նը, թե՞ Թուրքիան: Ըստ այդմ, ընդդեմ ո՞ւմ է Նեթանյահուին օգնելու:
Այն, որ Նեթանյահուն չի հապաղի խաղի մեջ ներքաշել Թրամփին, արդեն իսկ ակնհայտ էր: Այսինքն, նա Թուրքիային սկսել է մեղադրել Իսրայելը ոչնչացնելու ծրագրերի մեջ, իր հայտարարության համաձայն, համապատասխան ապացույցները պատրաստվում է դնել Թրամփի սեղանին: Իսկ թե ինչպես է Նեթանյահուն կարողանում նման «ապացույցները» մատուցել, Թրամփի «գլուխը մտցնել», հայտնի բան է: Ու ահա այստեղ է, որ առաջ է գալիս նման ուշագրավ իրավիճակ:
Իրանում շատերը վստահ են, որ ԱՄՆ–ի հետ պատերազմն ամենեւին էլ չի վերջացել: Որպես հիմնավորում, իրանական փորձագիտական աղբյուրները մատնանշում են, որ չնայած առկա համաձայնագրին, ԱՄՆ–ն շարունակում է մեծ ակտիվությամբ համալրել տարածաշրջանում իր ռազմական պաշարները: Այսպես, հիմնվելով մոնիտորինգային հսկողության հաստատված աղբյուրների տվյալների վրա, իրանական մի շարք փորձագետներ հաստատում են, որ. «ԱՄՆ-ն ներկա փուլում իրականացնում է իր պատմության մեջ ամենամեծ լոգիստիկ գործողությունը»։ Այն է. դեպի տարածաշրջան ստեղծված է «ԱՄՆ ռազմական պատմության մեջ ամենամեծ օդային կամուրջը, որը գերազանցում է նույնիսկ 2003 թվականի իրաքյան պատերազմի ժամանակ իրականացված գործողությունը։ Բեռների այս ծավալը շատ ավելի լայն է, քան պաշարների պարզ համալրումը։ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմավարական պահեստները գրեթե ամբողջությամբ լցված են եւ շարունակում են հասցվել առավելագույն հզորության»: Նկատենք, որ գործնականում նույն բանն են ասում նաեւ իսրայելյան աղբյուրները. պատերազմի ժամանակ սպառված պաշարները ոչ միայն վերականգնված են, այլ` բազմապատկված:
Ամերիկացիները պրագմատիկ մարդիկ են, հազիվ թե հսկայական միջոցներ ծախսեն, զենքի եւ այլ պարագաների նման պաշարներ կուտակեն, եթե վստահ չեն, որ դա անհրաժեշտ է: Ընդ որում, ոչ թե դատարկ սպառնալիքների կամ ցուցադրական մանեւրների համար, այլ շատ ավելի լուրջ գործողությունների:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69117
Իրանական աղբյուրները վստահ են, որ նպատակը Իրանի հետ նոր պատերազմն է: Բայց այդպե՞ս է. սա դեռ հաստատում է պահանջում: Այո՛, չնայած բանակցություններին, Իրանի եւ ԱՄՆ–ի հարաբերությունները նաեւ ներկայումս են անցում ռազմական բախումների հարթություն: Սակայն մի քանի հարված հասցնելով, նորից սկսում են խոսել բանակցելուց: Ուրեմն, պատրաստվո՞ւմ է ԱՄՆ–ն ինչ–որ պահի դա դադարեցնել եւ վերադառնալ ռեալ պատերազմի: Հնարավոր է: Բայց որոշակի հարցեր այստեղ կան: Նախ, անցած պատերազմը եկավ ԱՄՆ–Իսրայել զույգին հուշելու, որ Իրանի դեմ հարձակումը չի դառնում նման բոլոր այլ հարձակումների կրկնությունը: Այսինքն, եթե պատերազմում ես Իրանի հետ, ուրեմն պետք է պատրաստ լինես նաեւ միանգամայն լուրջ կորուստների:
Ճիշտ է, այս պահին իրանական իշխանական վերնախավում որոշակի սրացումներ կան, որոնցից, միգուցե, ԱՄՆ–ն մտածում է օգտվել: Բայց այդ ներքին հակասությունները կային նաեւ նախորդ պատերազմի ժամանակ: Ավելին, այն ժամանակ էլ, հիմա էլ ԻՀՊԿ–ն ունի պոտենցիալ` չեզոքացնել նման խնդիրները, եթե անգամ կարիք լինի ազատվել նախագահի թեւից: Արդյունքում, այս պահին շարունակում է գերիշխել այն փորձագիտական գնահատումը, որ անկախ եղած ուժերի քանակից, Իրանի դեմ առանց ցամաքային օպերացիայի, հաղթանակի հասնելը գործնականում անհնար է: Իսկ ցամաքային օպերացիայի դեպքում պետք է պատրաստ լինել հսկայական կորուստների, որը Թրամփի համար կործանարար կարող է դառնալ:
Այսինքն, խնդիրները, որոնք կային նախորդ պատերազմի ժամանակ եւ որոնք Թրամփին պարտադրեցին` գնալ հրադադարի, այս պահին էլ չեն փոխվել: Ընդ որում, անկախ զենքի այն քանակից, որը կուտակում են տարածաշրջանում: Հենց դա է, որ ամենեւին էլ միանշանակ չի դարձնում, որ զենքը հենց Իրանի դեմ է կուտակված:
Իսկ այն դեպքում, երբ Իսրայելն արդեն «իրեն ոչնչացնել ցանկացող» նոր թշնամի է գտել եւ պատրաստվում է ապացույցները ներկայացնել Թրամփին, ապա առաջ է գալիս նաեւ այն տարբերակը, որ այդ կուտակվող զենքն ու ծախսվող մեծ փողերը կարող են նաեւ Թուրքիայի համար լինել: Ընդգծենք` ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի: Բայց եթե այն ցանկանում է «ոչնչացնել» Իսրայելին, եւ կան դրա «բոլոր ապացույցները», ապա այստեղ խոսքն ընդամենը «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի» մասին է, որի դեպքում ՆԱՏՕ–ի կոլեկտիվ պաշտպանության թեզը չի գործում:
Այսպիսով, կա զենքի մեծ ծավալներ, որոնք շարունակում են ավելանալ: Կան նաեւ երկու պոտենցիալ թեկնածուներ` Իրանը եւ Թուրքիան, որոնց դեմ այդ զենքը կարող է կիրառվել: Պարզապես առաջինի «ատամի ամրությունը» Թրամփը, ասենք նաեւ Նեթանյահուն սեփական մաշկի վրա արդեն զգացել են: Երկրորդին`դեռ ոչ: Թերեւս, սա էլ կարող է դառնալ այն կարեւոր գործոններից մեկը, որը կդրվի որոշման տակ` երկու թիրախներից որին է պետք հարվածել:
Բայց, ամեն դեպքում, բոլոր հարցերի պատասխանները կարող են լինել արդեն մի քանի օրից` ճակատագրի հեգնանքով նույն Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովում:

