Հետընտրական «տուրիզմ»
ՎերլուծությունԸնտրություններին Նիկոլ Փաշինյանին արդարացի, թե ոչ արդարացի, բայց պարտված «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Սա մեր երկիրն է, Փաշինյանը ընդամենը տուրիստ է, ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի»։
Դիտարկմանը, որ ինքն ավելի քիչ է Հայաստանում ապրել, քան Փաշինյանը, Կարապետյանն արձագանքել է. «Դե հիմա, հիմա կտեսնենք, կարեւորը՝ ապագայում ով կապրի»։
Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի համար սա նույնիսկ կոմպլիմենտ է։ Չէ որ, օրինակ, 2021-ին խորհրդարան անցած ընդդիմությունն իրեն կոչում էր «դավաճան» ու «կապիտուլյանտ», իսկ ահա կարապետյանական ընդդիմության համար նա դարձավ լոկ տուրիստ։ Բայց, ախր ինչ-ինչ, բայց Փաշինյանից ի՞նչ տուրիստ։ Առվազն 90-ականների վերջից նա արդեն ընդդիմադիր թերթի խմբագիր էր, 2012 թվականից՝ պատգամավոր, 1997 թվականից սկսած հայաստանյան բոլոր քաղաքական պրոցեսների ընթացքում Փաշինյանը, ուզենք, թե չուզենք եղել է։ Իսկ ո՞ւր էր Սամվել Կարապետյանը։ 60-ամյա գործարարը միայն այս տարիքում որոշեց փորձել զբաղվել քաղաքականությամբ, ու այն էլ փորձը դարձավ փորձանք։ Հիմա էլ տուրիստը «տուրիստին» տուրիստ է անվանում։
Իհարկե, կարապետյանական հայերենով պարզ է, որ նա նկատի է ունեցել, թե Փաշինյան Նիկոլը ժամանակավոր է, բայց այստեղ էլ հարցեր են ծագում։ Չէ որ նույն Կարապետյանի ու Քոչարյանի ընդդիմադիրները բազմիցս ասել են, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, դավաճան է, պետք է դատվի։ Հիմա հանցագո՞րծ է, թե՞ տուրիստ։ Կարծես թե, նորաթուխ քաղաքական գործիչ Կարապետյանը խճճվել է ու այն էլ` շատ։
Իրականում հայաստանյան ներքաղաքական դաշտում թիվ մեկ տուրիստը հենց ինքը՝ Սամվել Կարապետյանն է, որն անգամ հազար հոգի մարդ չհանեց փողոց, որպեսզի այս օրերին ընթացող Սահմանադրական դատարանի նիստերին զուգահեռ՝ ցույց տար, թե բա՝ ուժեղ են… Ազատության հրապարակից մինչեւ Սահմանադրական դատարան պետք է հանրահավաքներ լինեին, եթե ընտրություններն իրապես ոչ լեգիտիմ են, ինչո՞ւ նրանք չկան, թերեւս այս հարցին նախ պետք է պատասխանի խորհրդարանական ամենամեծ ընդդիմության մանդատներ վերցնել-չվերցնելու համար պայքարող Սամվել Կարապետյանը։
ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵ՞Ր»
Ի դեպ, իրական տուրիստների մասին․ տեւական ժամանակ ներքաղաքական դաշտում քննարկվում ու քննադատվում էր այն, որ ճիշտ այն ժամանակ, երբ սեփական թիմակիցներին ձերբակալում ու բռնաճնշումների էին ենթարկում, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեկնել էր Էգեյան ծով՝ հանգստի: Այո, պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Բայց խոսքն այս անգամ ամենեւին էլ ՀՀ երկրորդ նախագահի մասին չէ, թեպետ ընտրություններից հետո նա կրկին պատրաստվում էր մեկնել, պարզապես, այս անգամ օդանավակայանում չթողեցին դուրս գալ երկրից:
Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր տրամադրված հանրությունը, հիասթափված Քոչարյանից, այս անգամ ընտրություններին տված իր քվեով ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժ կարգեց «Ուժեղ Հայաստան»-ին, որի առաջնորդը դե ֆակտո գործարար Սամվել Կարապետյանն է, դե յուրե՝ նրա եղբայր Կարեն Կարապետյանի որդի Նարեկը: Բայց ի՞նչ փոխվեց. պայքարը շարունակում է մնալ շարքային ընդդիմադիրների գործը՝ այս օրերին Կրկեսից դեպի Սահմանադրական դատարան՝ «մարշ-բրասոկ» տրամաբանությամբ, իսկ հանգիստն էլի, ինչպես միշտ, ընտրյալներինն է:
Արդեն մի քանի օր է` մամուլում շրջանառվում են լուսանկարներ, որ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանին նկատել են ծովափերից մեկում հանգստանալիս: Կարապետյաններին ձայն տվածները հոգու խորքում մի փոքրիկ հույս էին փափագում, թե իշխանական քարոզչություն է, ֆեյք լուր է, ֆոտոմոնտաժ է: Բայց՝ արի ու տես, որ լավ էլ ճիշտ է: Դե հո Կարեն Կարապետյանը հետ չէր մնա Ռոբերտ Քոչարյանից, բա ինքն էդ տղե՞ն է:
Օրերս Սամվել Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով եղբոր՝ Կարեն Կարապետյանի հանգստից հրապարակված հայտնի լուսանկարներին, ո՛չ ավել, ոչ պակաս նշել է. «Այո, իմ եղբայրը հիմա հանգստանում է, դա այդպես է։ Նախ իմ եղբայրը քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից։ Ու ինքը կարող է հանգստանալ, կարող է նաեւ անհանգստացնել։ Ինքն է որոշում»:
Նախ սկսենք նրանից, որ եթե Կարեն Կարապետյանը «քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից», բա ո՞վ էր հենց առաջին օրից Կարապետյանների սկսած «Մեր ձեւով» շարժման առաջին շարքերում քայլողն ու քայլերթերին, հանրահավաքներին ու ակցիաներին «սեռիյ կարդինալի» ինքնավստահությամբ «դիրիժորություն» անողը: Կարո՞ղ է քաղաքում պտտվում էր Կարեն Կարապետյանի ուրվականը, որը որեւէ աղերս չունի իր հետ, թե՞ «դվայնիկն» էր:
ԻՍԿ Ի՞ՆՉ ՇԱՀԵՑ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Բայց, լավ, սա էլ թողնենք մի կողմ՝ եթե Կարեն Կարապետյանը որոշել է այս փուլում հանգստանալ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Կարապետյան եղբայրների «գետերը սկսել են մի առվով չհոսել» կամ ավելին՝ վերածվել են «Սարոյան եղբայրների»: Այլապես ինչպե՞ս հասկանալ, որ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն իբր պայքարում է հանուն եկեղեցու եւ դեպի Հայաստան 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» դեմ, ՍԴ-ից պահանջում է արդարություն, պնդում, որ երկիրն օրհասական վիճակում է, եւ միայն իրենք կարող են փրկել, իսկ նույն ժամանակ եղբայրը «զագառ» է ընդունում ծովի ափին: Լավ, քաղաքական գործիչ չէ այլեւս Կարեն Կարապետյանը, սիրտն էլ չի ցավո՞ւմ քաղաքականության մեջ պատահական հայտնված եղբոր ու որդու համար։ Թեպետ համաձայնեք, որ վաստակած հանգիստ է՝ Կարեն Կարապետյանի որդին առնվազն կլինի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, իսկ ի՞նչ շահեց Սամվել Կարապետյանը՝ փողերը մսխելուց, հեղինակությունը «խուրդելուց» անդին:
Եվ ամենակարեւորը՝ երկիրն էլ օրհասական վիճակում չէ՞, եկեղեցին այլեւս պաշտպանվա՞ծ է, նախընտրական ընդդիմադիր խոսույթն էլ պաթո՞ս էր, որ Կարապետյան ընտանիքում հանգստի ռեժիմն են միացրել: Ի վերջո, այսպիսի ընդդիմությանը ձայն տված քաղաքացին պետք է իմանա՝ «կպնի իր գործերին», թե՞.... Չնայած՝ ի՞նչ թե, մի քիչ դժվար է վերադառնալ իրենց բնականոն կյանքին գոնե նրանց համար, ովքեր ընտրակաշառքների վերաբերյալ հարուցված քրեական գործերով ունեն մեղադրյալի կարգավիճակ: Հիշեցնենք՝ կա 258 մեղադրյալ, որոնցից 182-ը կապվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, եւ նրանք հաստատ այս ամառ ծովային հանգիստ չեն ունենա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

