Երբ լռեց արտիստի սիրտը...
ՄշակութայինՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ՝ ՎԱՂԸ
Լռեց մի ձայն, որը տարիներ շարունակ հնչել է բեմից, կինոյից, հեռուստաէկրաններից։ Լռեց մի սիրտ, որն ապրում էր իր յուրաքանչյուր կերպարի մեջ, բայց կշարունակի բաբախել այն ֆիլմերում, ներկայացումներում ու հիշողություններում, որոնք թողեց հայ ժողովրդին։ Մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ. հուլիսի 17-ին նա կդառնար 65 տարեկան…
Նրա խաղացած դերերից յուրաքանչյուրն ուներ իր ձեռագիրը, իր ներքին հոգեբանությունը, իր շունչը։ Նա այն դերասաններից էր, ով երբեք չմնաց մեկ ամպլուայի մեջ։ Նրա ձայնի յուրահատուկ հնչերանգը, խորը հայացքը, արտահայտիչ դիմախաղն ու դերասանական ճշգրտությունը նրան դարձրել էին այն արվեստագետներից մեկը, ում կարելի էր վստահել ամենաբարդ կերպարները։
Հայ հանդիսատեսը նրան ճանաչեց «Գարեգին Նժդեհ»-ից, «Սողոմոնի երգեր»-ից, «Վերադարձ»-ից, բազմաթիվ ֆիլմերից ու հեռուստասերիալներից։ Ռուս հանդիսատեսը՝ «Ջարդված լապտերների փողոց»-ից եւ «Բանդիտական Պետերբուրգ»-ից։ Բայց ամենամեծ դերը, թերեւս, նա խաղում էր կյանքում՝ լինելով իր երկրի ցավով ապրող հայ մարդ։
«ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՉՈՒՆԻ ԻՐ ՀԵՐՈՍԸ»
«Իրավունք»-ի ընթերցողները Արտաշես Ալեքսանյանին ճանաչում էին ոչ միայն որպես դերասան, այլեւ որպես մտահոգ քաղաքացի, որն իր համոզմունքները չէր թաքցնում։ Մեր բազմաթիվ զրույցներում նա նույն անկեղծությամբ էր խոսում հայրենիքի, մշակույթի, պատերազմի, ազգային ինքնության, սերունդների դաստիարակության եւ հայկական կինոյի մասին։ Նրա համար արվեստը երբեք պարզապես մասնագիտություն չէր։ Այն ազգային առաքելություն էր։
Արտիստը համոզված էր, որ հասարակությունը պետք է դաստիարակվի մշակույթի միջոցով, իսկ կինոն պետության գաղափարական ամենաուժեղ զենքերից մեկն է։ Ցավով էր արձանագրում, որ հայրենասիրական ֆիլմերի պակասը երիտասարդ սերնդին զրկում է իր հերոսներից։
Մեր զրույցներից մեկում ասում էր, որ ազգը չի կարող պահպանվել, եթե կորցնի իր պատմական հիշողությունը, մշակույթն ու ազգային արժեքները։ Նրա համոզմամբ՝ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել ոչ միայն երկրի սահմանները, այլեւ` իր լեզուն, արվեստն ու պատմական հիշողությունը։
Արտաշես Ալեքսանյանը երբեք չէր բաժանում արվեստն ու հայրենասիրությունը։ Նա հավատում էր, որ իսկական արվեստագետը պատասխանատու է իր ժողովրդի առջեւ, իսկ յուրաքանչյուր դեր կարող է դառնալ դաստիարակության միջոց։
«Մեր երիտասարդ սերունդը չունի իր հերոսը, որովհետեւ ծրագիր է, որ չունենան իրենք իրենց հերոսը: Ու սպայդերմեններով լցնում են դաշտը: Ո՞ւմ է պետք իմանալ, որ դու ունեցել ես Նժդեհ, Մամիկոնյան, Անդրանիկ…. Ցավոք սրտի, մեր ազգի փողատերերը, օլիգարխները երկար չեն մտածում: Լավ, այսօր ունես, թոռանդ, ծոռանդ ապահովեցիր, բայց եթե չունեցար մշակույթ, այդ թոռն ու ծոռը վաղը, մյուս օրը կդառնան ասիացի: Եվրասիայի թոռնիկ կլինի: Չի լինի հայ», - համոզված էր նա:
«ՄԵՐ ՄԵՋ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐ ԻՆՉՔԱ՞Ն ԵՆ ՄՆԱՑԵԼ»
Հաճախ էր կրկնում, որ իր առաքելությունն ավարտված չի համարում այնքան ժամանակ, քանի դեռ կարող է խոսել, նկարահանել, ստեղծել ու ունեցած փորձը փոխանցել երիտասարդներին։
«Առողջ եւ գրագետ սերունդ ունենալու համար պետք է վերադաստիարակել հասարակությանը, որ դավաճաններն ու օտարերկրյա գործակալները վերանան հայրենիքից… Իսկ հասարակությանը վերադաստիարակելու համար այսպիսի գզվռտոցներն, աթոռակռիվները տեղին չեն: Հիմա մեր հայրենիքն ահավոր վտանգի տակ է: Մենք 98 տոկոս արդեն պետականությունից զրկվում ենք: Ես մի քանի օր առաջ մի հայտարարություն եմ արել, որտեղ ասվում է, որ փորձում եմ կազմել հայ գենետիկ նորաստեղծ մահապարտների ջոկատ: Գենետիկորեն ստուգվում են բոլորը: Առայժմ երկու հազար դիմում ենք ընդունել: Մարդիկ ցանկություն ունեն գենետիկ մահապարտների ջոկատի անդամ դառնալու: Ստուգվելուց հետո պետք է տեղեկանք ներկայացնեն, որ իրենք գենետիկորեն հայեր են: Ըստ այդմ` մենք կատարում ենք մեր ընտրությունը: Գենետիկորեն ստուգվելով՝ պետք է տեսնենք մեր մեջ մաքուր հայեր ինչքա՞ն են մնացել, որ իմանանք այսօր պետականություն կարո՞ղ ենք պահել», - ասում էր նա:
Նա նաեւ հպարտությամբ էր պատմում, որ մասնակցել է արցախյան պատերազմներին՝ որպես «Սեւ հովազ» ջոկատի մարտիկ, եւ վստահեցնում էր, որ իր համար հայրենասիրությունը երբեք չի սահմանափակվել խոսքերով։
Արտաշես Ալեքսանյանն ուներ իր հստակ դիրքորոշումը նաեւ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ. «Ասում են՝ Ռուսաստանը պատերազմելով Ուկրաինայի հետ, պարտվում է: Ես նույնպես կցանկանայի, որպեսզի մեր երկիրը նման պարտություն ունենար: Հարյուր հազար կիլոմետր տարածք նվաճելով՝ այդպես «պարտվեր»: Այսինքն` խոսքս Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մասին է, որը Ռուսաստանն ընդունեց իր կազմի մեջ՝ ավելացնելով իր երկրին հարյուր հազար կիլոմետր եւ վեց միլիոն մարդ: Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը պարտվո՞ւմ է: Փաստորեն, Ռուսաստանը մարտնչում է աշխարհի դեմ եւ, տարածքներ գրավելով՝ գնում է առաջ: Մենք նույնպես պատերազմեցինք աշխարհի դեմ, բայց ոչ թե հազարավոր կիլոմետրեր գրավեցինք, այլ նահանջեցինք եւ, ցավոք սրտի, համալրեցինք մեր Եռաբլուրը, գերեզմանները: Հենց նույն ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի օրինակը ինչո՞ւ չի կարող ծառայել արցախյան հարցի լուծմանը, որ ինքնորոշման իրավունքով հանդես գա աշխարհում: Իսկ աշխարհը կույր եւ խուլ է, եւ ինչ վերաբերում է Արցախին եւ Հայաստանին, ո՛չ տեսնում է, ո՛չ` լսում»:
«ՀԱՅԵ՛Ր, ՍԹԱՓՎԵՔ…»
Մեր վերջին հարցազրույցներում էլ նրա մտահոգությունները նույնն էին՝ Հայաստանի ապագան, ազգային միասնականությունը, մշակույթի դերը պետականության պահպանման գործում։ Այդ թեմաները կարմիր թելի պես անցնում էին նրա բոլոր խոսքերի միջով։ «Այն մարդիկ, ովքեր մտածում են իրենց հայրենիքի, պետականության, հողի եւ ջրի մասին, չպետք է լուռ մնան... Երբ դու ունես դարդ ու ցավ, ասելիք, եւ քո հիշողությունն ու գենետիկ կոդը դեռ աղավաղված չեն, պետք է խոսես: Եթե ես, կամ մյուսը չխոսի, ո՞վ պետք է ներկայացնի հանրությանը, բացատրի, որ նայե՛ք, տեսե՛ք ժողովուրդ, թե մեր մշակույթի, արվեստի, մեզ հետ ինչպես են վարվում: Մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, առողջություն եւ, իհարկե՝ միաբանություն, որ կարողանանք փրկել մեր երկիրը: Հայե՛ր, սթափվեք», - շեշտում էր նա:
Կյանքում նա շատ ավելի մեղմ ու բարի մարդ էր, քան հաճախ թվում էր էկրանին։ Խիստ հայացքի հետեւում թաքնված էր զգայուն, խիզախ ու հայրենասեր մարդը, որը երբեք չէր վախենում ասել այն, ինչ մտածում էր։
Այսօր նրա սիրտը դադարեց բաբախել։ Բայց արտիստի սիրտը չի լռում, քանի դեռ ապրում են նրա կերտած հերոսները, քանի դեռ հեռուստաէկրաններից մեզ են նայում նրա աչքերը, հնչում է նրա ձայնը, իսկ հայ հանդիսատեսը շարունակում է ապրել նրա ստեղծած կերպարների հետ։
Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում հուլիսի 8-ին՝ ժամը 17։30 ից։ Հուղարկավորումը՝ հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից դեպի Սովետաշենի գերեզմանատուն։
«Իրավունք»-ը խորին ցավակցություն է հայտնում Արտաշես Ալեքսանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի հազարավոր երկրպագուներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

