Փաշինյանի օգտին քվեարկողներն ընտրեցին Ադրբեջանը ու Թուրքիա ն «Թուրքական ուղին» դեպի Եվրոպա չի փոխհատուցի Ռուսաստանից կտրվելու հետևանքով Հայաստանին պատճառված վնասը
Վերլուծություն«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջողության համար և ցանկանում եմ հաջողություններ երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում»,– ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հունիսի 11-ին հրապարակված Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում: Անկարայում համոզված են, որ Հայաստանի ներկայիս վարչապետի՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելու և այս ուղղությամբ անհրաժեշտ համագործակցություն ապահովելու ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի: Թուրքիայի առաջնորդը Փաշինյանին մաղթել է «առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»: Թվում է, թե սա ամենևին էլ արարողակարգային քաղաքավարություն չէ՝ հովանավորչական երանգով, այլ Փաշինյանի Հայաստանի և Էրդողանի Թուրքիայի տիպաբանական նմանության արտացոլում:
Այստեղ հարկավոր է նշել Ալիևի արձագանքը, որն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի ընտրություններից, սակայն նրա ուրախությունը մռայլվում է նրանով, որ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունի։
Ինչպես գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, «Փաստերի ամբողջությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանի գլխավոր խորհրդատուները առաջնորդվել են նույն քաղաքական տեխնոլոգիաներով, որոնց օգնությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տասնամյակներում կազմակերպել և վերահսկել է Թուրքիայի ընտրական գործընթացները»։ Ընտրությունների ինստիտուտի ձևական պահպանման հետ մեկտեղ «իրական քաղաքական մրցակցությունը լրջորեն սահմանափակված է։ ....ընտրական գործընթացը դարձել է խորապես անարդար՝ պետական ռեսուրսների չարաշահման, տեղեկատվական անհավասարության և ընդդիմության վրա համակարգված ճնշումների պատճառով։ ....Դատական համակարգը լայնորեն օգտագործվում է իշխանության համար վտանգավոր մրցակիցներին չեզոքացնելու նպատակով»։ Քաջ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը բնութագրվել են Հայաստանի գործող իշխանության լիակատար անօրինություններով ընդդիմադիրների նկատմամբ. ճիշտ նույնն է տեղի ունենում նաև Թուրքիայում, որտեղ իշխանություններն ակտիվորեն հետապնդում են «ժողովրդական հանրապետականներին»։ Այլախոհների ձերբակալություններ, խուզարկություններ, ոստիկանական ճնշում, հիստերիկ արշավ, ֆեյքեր իշխանամետ լրատվամիջոցներում՝ ընդհուպ ուղղակի սպառնալիքներ, իսկ հիմա նաև ընդդիմության առաջնորդների՝ երկրից դուրս գալու արգելք. սա ներկայիս հայկական «ժողովրդավարության» զինանոցի գործիքների ամբողջական ցանկը չէ, որոնք լիակատար հավանություն են գտնում Անկարայում ու Բաքվում։
Փաշինյանի կառավարության ցուցադրական մերձեցումը Ռուսաստանի դեմ պատերազմի ուղի մտած Եվրամիության հետ ստիպեց Մոսկվային մի շարք հայտարարություններով ու գործողություններով հիշեցնել այն բացասական հետևանքների մասին, որոնցով հղի է հայկական տնտեսության համար մեր պետությունների միջև կապերի հետագա քայքայումը և ավանդական շուկաների կորուստը։ Պատասխանները եղան, եղել են և շարունակում են մնալ հավաստիացումները Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պլանների բացակայության մասին, զուգահեռաբար «կամուրջների կառուցումը» Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանը «թյուրքական աշխարհին» ինտեգրելու ուղղությամբ Բաքվի և Անկարայի հեռահար պլաններին։
2022 թվականին Հայաստանի իշխանությունները վերացրին առանց դրա էլ թուրքական ապրանքների ներմուծման ձևական արգելքը և սկսեցին սահմանների ականազերծման գործողություններ: Այնուհետև բացառության կարգով որոշ ժամանակով բաց էր Ալիջանի հսկիչ-անցագրային կետը, որպեսզի 2023 թվականի երկրաշարժից հետո մարդասիրական օգնությունը Հայաստանից Թուրքիա հասներ: Նույն թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Էրդողանի հերթական երդմնակալությանը: 2025 թվականի հունիսին Փաշինյանը Թուրքիա գնաց արդեն աշխատանքային այցով, ինչը Երևանում շտապեցին «պատմական քայլ» անվանել: 2026 թվականի սկիզբը նշանավորվեց նոր քայլերով. դիվանագիտական և հատուկ անձնագրերի տերերի համար վիզայի ընթացակարգերի պարզեցման համաձայնագրով, ինչպես նաև Ալիջան-Մարգարա հսկիչ-անցագրային կետի բացման տեխնիկական նախապատրաստական աշխատանքների ավարտով: 2026 թվականի մարտին ”Turkish Airlines”-ը («Թուրքական ավիաուղիներ») ամենօրյա չվերթեր մեկնարկեց Ստամբուլի և Երևանի միջև: Ապրիլի 28-ին երկու կողմերը համաձայնվեցին վերականգնել ու շահագործել Կարսի և հայկական Գյումրի քաղաքի միջև երկաթուղային գիծը, իսկ մայիսի 4-ին նրանք համաձայնագիր ստորագրեցին՝ իրենց ընդհանուր սահմանին Անիի միջնադարյան կամուրջը վերականգնելու մասին:
Որոշ փորձագիտական գնահատականների համաձայն, մինչև վերջերս հայ-թուրքական առևտրի ծավալները, որը գլխավորապես կատարվում էր Վրաստանի և մասամբ Իրանի միջոցով, կարող են հասնել տարեկան 300-400 միլիոն դոլարի, որի մոտավորապես երեք քառորդը կազմում է թուրքական արտահանումը դեպի Հայաստան: Իսկ ահա կառավարական “YeniŞafak” («Ենի Շաֆակ») թերթը գրում է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացնելու ծրագրերի մասին՝ տարեկան մինչև 1 միլիարդ դոլար, ինչին կնպաստի ցամաքային սահմանի նախատեսված բացումը մի քանի տասնամյակ անց այն բանից հետո, երբ 1993 թվականին Թուրքիայի կառավարությունը միակողմանիորեն փակեց այն: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր Թուրքիայի հետ սահմանի շուտով բացման մասին, ինչը դեռևս չկա, բացառությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության ընթացքը ստուգող պաշտոնատար անձանց սակավաթիվ այցելությունների: Շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանը կարող են մասամբ բացել սեպտեմբերին, այդ թվում՝ միջսահմանային զբոսաշրջության համար՝ վերջին չորս տարվա հայ-թուրքական երկխոսության տրամաբանությանը համապատասխան: Սակայն այս ամենը, ինչպես ասում են, օդում կախված է. Անկարան պաշտոնական մակարդակով համերաշխ է Բաքվի այն մոտեցմանը, որի համաձայն հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորմանը պետք է նախորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, իսկ դա անհնար է առանց Բաքվին ձեռնտու Հայաստանում սահմանադրական հանրաքվեի արդյունքների: Առայժմ լիովին պարզ չէ, թե ինչ ժամկետներում դա կարող է տեղի ունենալ, ինչը, ակնհայտորեն, Թուրքիայի որոշ շրջանակների դրդում է կանխարգելիչ գործողությունների, որպեսզի բաց չթողնեն այն պահը, ինչի մասին դեռ կխոսենք։
Այնուամենայնիվ, հունիսի սկզբին հայ արտադրողներին խոստացան Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղի մուտք գործելու թույլտվություն: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը որոշումն անվանեց նոր քայլ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև անմիջական առևտրի մեջ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որը կոչված է նպաստելու Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Բացի դրանից, Հայաստանն այժմ կարելի է նշել որպես թուրքական արտահանման ապրանքների վերջնական ստացողի, ինչը պետք է դիտարկել որպես Փաշինյանին ու նրա այսպես կոչված «խաղաղության օրակարգին» միանշանակ աջակցության նշան հունիսյան ընտրություններից առաջ:
Հասկանալի է, որ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են դրականորեն վերաբերվում արևմտյան սահմանի բացման հեռանկարին, որը, շատերի կարծիքով, սպառնալիքի տակ կդնի շատ ապրանքարտադրողների գոյատևման միջոցները, հատկապես՝ տեքստիլի, շինանյութերի, ջերմոցների և այլն: «Թուրքիան մեր թշնամին է, և մեզ կհեղեղեն էժան թուրքական ապրանքները, որոնք ունակ են սնանկացնելու տեղական արտադրողներին»,– մոտավորապես այսպիսի կարծիք է տարածված հայ քաղաքացիների շրջանում՝ անվերահսկելի միգրացիոն գործընթացների վախերի հետ մեկտեղ: «Մենք պետք է ներգաղթ կազմակերպենք, եթե նույնիսկ դա չի տեղավորվում այսպես կոչված ազգային գաղափարների մեջ: Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ: Մենք նաև պետք է փոխենք մեր գլուխներում մոնոէթնիկ մտածելակերպը: Որովհետև այս տարածաշրջանում գոյատևելու այլ միջոց չկա»,– խորհրդարանում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր և կառավարության ղեկավարի մտերիմ դաշնակից Արսեն Թորոսյանը:
Անբարյացակամ հարևանի ուղեծիր ընկնելը դժվար թե ձեռնտու լինի հայ հասարակության մեծամասնությանը: 1915 թվականի ցեղասպանության մասին պատմական հիշողությունը, որը Փաշինյանի կառավարությունը փորձում է վերացնել, և Լեռնային Ղարաբաղի մասին հիշողությունը ազգային ինքնության հիմնարար տարրերն են: «Երբ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը ձգտում է դեպի Եվրամիություն և եվրոպական մայրցամաք, պետք է հասկանանք. այս ուղղությամբ մեզ համար ամենամոտ «մայրաքաղաքը» ոչ թե Բրյուսելն է, այլ Անկարան: Եվրամիության, եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի համար տարածաշրջանի գլխավոր ներկայացուցիչը Թուրքիան է»,– ռուսական լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում հիշեցրել է «Դաշնակցություն» կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Բնականաբար, Անկարայի պայմաններով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը սատարում է Եվրոպական Միությունը, որը նշանակալից ջանքեր է գործադրում Հայաստանին Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միությունից պոկելու համար: Թուրքիան մտնում է ԵՄ ընդհանուր մաքսային գոտու մեջ, ինչը ենթադրում է Թուրքիայի Հանրապետության և Եվրամիության մասնակից պետությունների սահմանը ապրանքներով հատելիս որևէ մաքսային սահմանափակման բացակայություն: Հունիսի սկզբին՝ Հայաստանում ընտրություններից մի քանի օր առաջ, ռուսական կողմը հայտարարեց հայկական ծագում ունեցող ապրանքների լայն տեսականու ներմուծման արգելքի մասին, ինչը չէր կարող Երևանի և Բրյուսելի միջև շփումներին լրացուցիչ խթան չտալ: Եվրահանձնաժողովի ղեկավար Կայա Կալլասը խոստացավ 50 միլիոն եվրո՝ հայ գյուղացիների կորցրած եկամտի փոխհատուցման, ինչպես նաև նրանց արտադրանքի Եվրոպայի երկրների շուկաներ արտոնյալ մուտքի համար: Ակնհայտ է, որ նման կարգի միջոցառումները, որոնք արդեն դժգոհություն են առաջացրել եվրոպացի գյուղացիների շրջանում, կունենան խիստ ժամանակավոր բնույթ: Առավելագույն բարենպաստման համեմատաբար կարճ ժամանակ անց ԵՄ-ի մեջ չմտնող երկրի համար ժամանակավոր արտոնությունները անխուսափելիորեն անցյալի գիրկը կգնան:
Միրգ-բանջարեղենի եվրոպական շուկայում մրցակցությունը այդ նույն Թուրքիայի, Հունաստանի և Հարավային Եվրոպայի այլ երկրների հետ զգալիորեն բարձր է։ Կոշտ քվոտաների, չափանիշների և սահմանափակումների տեսքով թակարդը անխուսափելիորեն շրխկալով կփակվի, մանավանդ եթե ռուս-հայկական հարաբերությունները այն աստիճան վատթարանան, որ արդեն չկարողանան վերադառնալ նախկին մակարդակին։
Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը. գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ առանցքային ճյուղերի համար ռուսական շուկային այլընտրանք պարզապես չկա: Տնտեսական օրակարգը ռուս-հայկական երկխոսության կարևոր գործոն է ուժերի արմատապես փոփոխվող դասավորության պայմաններում Կովկասում և հետխորհրդային տարածքում ամբողջությամբ վերցված: ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցված է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես Կովկասում ռազմաքաղաքական գործոն, անցյալ է դարձել (իսկ նրա հետ՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմը), նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի տարածքում շարունակվող զինված հակամարտությունը օբյեկտիվորեն նպաստում է «21-րդ դարի Օսմանյան կայսրության» նախագուշակների տարածաշրջանային դիրքերի ուժեղացմանը:
“Kafkassam” («Կաֆկասամ») վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով՝ Թուրքիան պետք է վերջին տարիներին ձեռք բերած ռազմական ու քաղաքական նվաճումները վերածի երկարաժամկետ տնտեսական ազդեցության՝ ներառյալ վերահսկողությունը ենթակառուցվածքների և առևտրային հոսքերի նկատմամբ: Փաշինյանի կուսակցության հաղթանակը վառ կերպով նկարագրելով որպես Թուրքիայի համար «պատմական աշխարհատնտեսական պատուհանի»՝ նրանցից մեկը, հետևելով որոշ արևմտյան գործընկերների, առաջարկում է Հայաստանն աստիճանաբար ներառել Թյուրքական պետությունների կազմակերպության ֆինանսական, արդյունաբերական և տրանսպորտային մեխանիզմների մեջ: Որպես հեռանկարային քայլ է ենթադրվում տրանսպորտային կոնցեսիաների փոխանցումը թուրք-ադրբեջանական ընկերություններին՝ ռուսական կապիտալի դուրսմղմամբ, հայկական մաքսային ծառայության միացումը Անկարայի հետ կապված թվային ծառայություններին, ինչպես նաև էներգետիկայի, հումքի և շուկայի մուտքի օգտագործումը որպես Երևանի նկատմամբ ազդեցության լծակների, որն այս դեպքում վերջնականապես կորցնում է որևէ սուբյեկտայնություն:
Ամերիկյան գրանցում ունեցող թուրք փորձագետներ Իսմայիլ Ալփեր Ջոշքունը (Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան և ՄԱԿ-ում ներկայացուցիչ) և Գարո Փայլանը (Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագումով նախկին պատգամավոր) ավելի հեռու են գնում՝ առաջարկելով հուլիսի սկզբին Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում, որը կոչված է «կանխելու խաղաղության գործընթացի լճացումը»՝ դրան տալով լրացուցիչ քաղաքական ու տնտեսական ազդակ։ Որպես առաջին քայլ առաջարկելով «Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը անմիջական առևտրի և երրորդ երկրների քաղաքացիների համար՝ որպես խաղաղություն հաստատելու միջոցի Ադրբեջանի կողմից ըմբռնողությամբ ու աջակցությամբ» և չմոռանալով «Թրամփի ճանապարհի» մասին՝ հեղինակներն առաջարկում են մտածել «Հարավային Կովկասի երկրների միջև ավելի լայն տնտեսական համաձայնագրի նախապատրաստման մասին՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների վրա»։ Բացի դրանից՝ ինչ-որ «Միացյալ Նահանգների, Եվրամիության, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և շահագրգիռ միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ մշտական համակարգման մեխանիզմը կարող է օգնել հետևելու առաջընթացին, բացահայտելու խոչընդոտները, ներգրավելու ներդրումներ և կանխելու խաղաղության օրակարգից շեղումները»։
Դժվար է ասել՝ կիրականանա՞ն արդյոք նման նախագծերը, սակայն չի կարելի չընդունել, որ վերջին տարիներին թուրքական ազդեցությունը Կովկասում զգալիորեն աճում է, ինչն արդեն հանգեցրել է Հայաստանի համար լուրջ ռազմաքաղաքական ու տնտեսական ծախսերի: Ռուսական շուկա մուտք գործելու կորուստը, արտոնյալ գներով էներգառեսուրսների մատակարարման դադարեցումը և հաստատված տնտեսական կապերի խզումը զգալի ռիսկեր կստեղծեն տնտեսության համար՝ նպաստելով երկրի վերածմանը աշխարհաքաղաքական հակամարտության դաշտի, միգրացիոն տրամադրությունների աճին, էթնո-դավանական փոփոխություններին և տարածքային հետագա կորուստներին։
Անդրեյ Արեշև
Լուսանկարում՝
Փաշինյանը նախկինում հայտարարել էր Թուրքիայի հետ սահմանի շուտով բացման մասին, ինչը դեռևս չկա: Սահմանը կարող են մասամբ բացել սեպտեմբերին, այդ թվում՝ միջսահմանային զբոսաշրջության համար, վերջին չորս տարիների հայ-թուրքական երկխոսության տրամաբանությանը համապատասխան: Սակայն, ինչպես ասում են, այս ամենը օդում կախված է։

