Ընտրությունները պատերազմի նման են. հաղթում է ուժային ռեսուրսը
ՎերլուծությունՑավով խոստովանում եմ, որ հունիսի 7-ի այս խորհրդարանական ընտրությունների համեմատ նախորդ բոլոր ընտրությունները ժողովրդավարության գագաթնակետ են թվում։ Ակնհայտ է, որ Փաշինյանի եվրոպական աջակցությունն ազդեցություն է ունեցել՝ ամբողջությամբ ազատ արձակելով նրա ձեռքերը, և նա գործեց իրեն բնորոշ ահաբեկչական ոճով, որն այսօր կարելի է անվանել եվրոպական։ Առնվազն նա առարկություններ չի հարուցում նրանց մեջ։
Փաշինյանն իրեն հաղթող հռչակեց, երբ հաշվարկված էր քվեաթերթիկների ընդամենը 3 %-ը։ Պետք է ենթադրել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նկատմամբ վստահության բարձր մակարդակ ունեցող ընտրատեղամասերում։ Սա աննախադեպ է. նույնիսկ սուլթանություններում այնուամենայնիվ սպասում են մինչև ավարտվեն ընտրությունները։ Հնարավոր է՝ ձայների երեք տոկոսի հիման վրա նա փորձում էր ներշնչել յուրայիններին այն միտքը, թե ամեն ինչ նորմալ է, և չարժե կասկածել ընտրությունների ելքին։ Նա հավանաբար հասկանում էր, որ պարտվում է, և նրա հաղթական զեկույցները կոչված էին հերքելու իրականությունը։ Այնուհետև 3 %-ը վերածվեց 9-ի, իսկ նրա հաղթական զեկույցների ավարտին՝ 12,5-ի։
Այնուհետև հաջորդեց Վրաստանի վարչապետ Կոբախիձեի շնորհավորանքը, երբ դեռ նոր էր մեկնարկել ձայների հաշվարկը։ Ըստ երևույթին, նա հիշել էր Փաշինյանի թմբուկ նվագելուց ստացած հիացմունքը, որով նա ուրախացրել էր վրացական վերնախավին Թբիլիսի կատարած իր այցի ժամանակ։ Բայց շնորհավորանքում թմբուկ խփելու մասին խոսք չկար։ Սովորական տեքստ, թե՝ «սերտ կհամագործակցեն՝ հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման»։ Թե ինչու նա այդպես շտապեց շնորհավորել ընտրատեղամասերի փակվելուց չորս ժամ անց, պարզ չէ։ Որտե՞ղ է վրացական սնոբիզմը, որը զսպում է ոչ վրացիների նկատմամբ նման հիացմունքը։
Ղազախստանից Տոկաևը և Ֆրանսիայից Էմանուել Մակրոնը մի փոքր ավելի շատ համբերություն ցուցաբերեցին և իրենց շնորհավորանքները հղեցին հունիսի 8-ին, երբ ձայների հաշվարկից ծուխը դեռևս քուլա-քուլա բարձրանում էր։ Թրամփը հայտնվեց հունիսի 10-ին, երբ Փաշինյանի հաղթանակով հետաքրքրված գրեթե բոլորն արդեն գրանցվել էին։
Այժմ՝ հենց ընտրությունների մասին։ Երևանի 440 ընտրատեղամասերից ձայները հաշվարկվել էին վեցում, որից հետո լրագրողների կապը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ ընդհատվեց։ Երևանը՝ որպես գերիշխող ընդդիմադիր տրամադրություններով մայրաքաղաք, սպառնալիք էր ԿԸՀ-ի համար, ուստի ավելի լավ էր կապն ընդհատել։ Ինչ-որ բան այնտեղ տեղի ունեցավ, և կտրված կապի պայմաններում Երևանը ընդդիմադիրից վերածվեց իշխանամետի։
Ընտրությունները տևեցին 12 ժամ՝ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը։ Ժամը 17.00-ին քվեարկել էր 1224 հազար քաղաքացի։ Վերջին երեք ժամերին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ են գալիս ընտրատեղամասեր։ Եվ եթե օրվա ընթացքում յուրաքանչյուր երեք ժամը մեկ ընտրատեղամաս է եկել միջինում 408-հազարական քաղաքացի, ապա վերջին երեք ժամերին պետք է ավելի շատ մարդ գար։ Բայց մենք ժողովրդավարության առաջակետն ենք, և վերջին երեք ժամվա ընթացքում քվեարկելու է եկել... 250 հազար մարդ։ Բոլոր սահմանված նորմերի խախտմամբ։
Այնուհետև։ Ընտրատեղամասերում անջատել են լույսը. մի հնարք, որը կիրառվել է նաև նախորդ ընտրություններին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանից (որն այժմ տնային կալանքի տակ է) դա խլելուց հետո, հայտարարեց, որ նման բան չի եղել, այն դեպքում, երբ տեղերից կադրերը հակառակն են ապացուցում: Որից հետո ԿԸՀ-ի ղեկավարը խոստովանեց. այո՛, եղել են անջատումներ, բայց ընտրությունների արդյունքների վրա դրանք չեն ազդել: Իհարկե, ինչպե՞ս կարող էին դրանք ազդել արդյունքների վրա, եթե մթության մեջ կարելի է քվեաթերթիկներ փոխել, քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ և ո՞վ գիտի՝ է՛լ ինչ: Փորձառու ընկերները կարողանում են օգտվել մթությունից:
Զինծառայողները ժամը 20.00-ին խռնվել էին ընտրատեղամասերի դռների մոտ՝ սպասելով իրենց հերթին։ Նրանց բերել էին ամբողջ վաշտերով ու գումարտակներով, որի հետևանքով փոքր տեղամասերում հայտնվել էին հարյուրավոր համազգեստավոր մարդիկ, և անհնար էր հետևել նրանց քվեարկելու իրավունքին։ Հրամանատարները բազմաթիվ միջոցներ ունեն ազդելու զինվորի ընտրության վրա, երբ նա իրենց կողքին է։ Բացի այդ, զինվորին կարելի է հրամայել ընդդիմադիր կուսակցության քվեաթերթիկները դուրս հանել ընտրատեղամասից, որպեսզի համոզվեն, որ նա նրանց օգտին չի քվեարկել։ Հասկանալի էր, որ Փաշինյանը կգնար ամեն ինչի՝ և՛ կեղծարարություն, և՛ ընտրողների ցուցակների մանիպուլյացիաներ, և՛ ընդդիմադիրների ձերբակալություններ։ Բայց ինձ համար գլխավորը իրեն հաղթող հռչակելու հայտարարությունն է ձայների 3 %-ի հաշվարկից հետո, ինչը իշխանության յուրացում է, և ընտրատեղամասերի վերջին երեք ժամվա աշխատանքի թվերով լարախաղացություն։ Բացի դրանից, ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների գրանցամատյանում ընդգրկված է 2,507,216 մարդ։ 3,1 միլիոն բնակչությամբ և կյանքի 78 տարվա միջին տևողությամբ (թեև վերջին ընտրություններում այն 74 էր), ընտրազանգվածը կազմում է առավելագույնը 2,400,000։ Նշեմ, որ Հայաստանում բեյբի բում չի եղել, ուստի 2,400,000-ը ավել է ասված։ Դուրս է գալիս, որ իշխանությունն ունի առնվազն 100,000 ընտրական ռեսուրս։
Ըստ ԿԸՀ-ի՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) չի կարողացել մտնել խորհրդարան. չի բավականացել մի քանի տասնյակ ձայն։ Վերահաշվարկը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն անցնում է, սակայն ԿԸՀ-ն որոշեց հաշվարկից բացառել երեք ընտրատեղամասերի տվյալները, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր այդ անբավարար ձայների քանակը։ Եթե ընտրությունները անվավեր են ճանաչվում, ապա այդ ընտրատեղամասերում պետք է անցկացվի վերաքվեարկություն, ինչը որոշված էր դատարանով։ Բայց դա չեղավ։ Քանի որ ԿԸՀ-ի խնդիրն էր ԲՀԿ-ին չթողնել խորհրդարան, ուստի դատարանի որոշումն էլ անտեսվեց։ Եվ քաղաքացիների ընտրական իրավունքը անտեսելու իրենց որոշման հիմնավորումը նույնպես վերցված էր ֆանտաստիկայի ժանրից։
Ասում են՝ իբր քաղաքացիները կքվեարկեն, երբ հայտնի լինեն մյուս ընտրատեղամասերի արդյունքները, ուստի ավելի լավ է, որ նրանք դա չանեն։ Վեց կուսակցություններ հայտարարություն ներկայացրին ԿԸՀ, որը նա անտեսեց՝ ընտրությունների արդյունքները թողնելով անփոփոխ։ Ավելացնեմ, որ խորհրդարանին ԲՀԿ-ի մասնակցելու արգելքը կարևոր է իշխանության համար, քանի որ այդ դեպքում նա կորցնում է իր մենաշնորհային իրավունքների մի մասը խորհրդարանում, և այստեղ արդեն բոլոր միջոցներն էլ արդարացված են։ Հաջորդ իրավական մարմինը Սահմանադրական դատարանն է, որը որոշ վերափոխումներից հետո արդեն լիովին կապված է իշխանությունների հետ։ Եվ նրա պատասխանը լիովին կանխատեսելի է։
Չեմ զլանա նշել, որ ընդդիմությունն էլ որոշ սխալ հաշվարկներ է արել։ Պետք էր ստեղծել իշխանականին զուգահեռ տեղեկատվական կենտրոն, և կեղծարարությունները պետք է լուսաբանվեին առցանց ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով ԿԸՀ-ի ժամանակը խեղաթյուրումների համար։ Առավել ևս, որ Փաշինյանն այսօր փողոց չունի. նրա կոչով հիմնականում դուրս են գալիս բյուջետային աշխատողներն իրենց ղեկավարության ճնշման տակ, իսկ ընդդիմությունը դա ունի։ Բայց փողոցային բողոքները պահանջում են կազմակերպվածություն, որում թեև փորձ կա, ապա բացասական փորձ։ Չմոռանանք, թե ինչպես Բագրատ Սրբազանի խաղաղ բողոքի շարժմանը լուսաձայնային նռնակներ նետեցին ԱՄՆ-ի դեսպանատան հավանությամբ։ Այնպես որ միայն բողոքը բավարար չէ. հարկավոր է այն կազմակերպել։ Այնուամենայնիվ, հեղափոխական փոփոխություններին ես այս փուլում չեմ հավատում։ Ամեն մի «գունավոր հեղափոխություն» կազմակերպվում է արտաքին ուժերի կողմից, իսկ մեր ընդդիմության մեջ արտաքին ուժերի մասնակցություն չի դիտարկվում։
Նախընտրական գիշերը ձերբակալվեց մոտ 700 մարդ, բռնաճնշումները հիմնականում վերաբերում էին «Հզոր Հայաստանի» շտաբներին, հարյուրից ավելի մարդ մինչև հիմա նստած է։ Ռազմական դասականությամբ հարված հասցվեց շտաբներին։ Եվ եթե ընդդիմությունը ցանկանում էր խաղաղ միջոցներով հաղթել ընտրություններում, ապա Փաշինյանը պատերազմի էր գնում։ Ադրբեջանի դեմ պատերազմում նա, որ իրեն հռչակել էր գերագույն գլխավոր հրամանատար, պարտվեց, բայց սեփական ժողովրդի դեմ պատերազմում նա առայժմ հաջողակ է։ Ընդդիմությունը նրա համար թշնամի է, «եռագլուխ հիդրա», ինչպես ինքն է նրան անվանում, որի գլուխները խոստացել է և խոստանում է թռցնել։
Ու նաև առանձին սպառնաց սպանել ընդդիմության առաջնորդներին։ Նրան, որ ունի Եվրոպայի աջակցությունը, կարելի է։ Հետաքրքիր կլիներ դիտել, թե ինչպես են Փաշինյանի մեթոդներին տիրապետում Եվրոպայում, և այնտեղ նույնպես ընդդիմադիրներին բանտարկում են և սպառնում կոտորել նրանց։ Երրորդ ռայխի ժամանակների նման մի բան՝ համակենտրոնացման ճամբարներով ու գեստապոյով, նրանք բավականաչափ հեշտությամբ տարան դա և հիմա, հավանաբար, կարոտում են այդ ժամանակներին, ինչպես բաց թողած երջանկությանը։ Եվ Փաշինյանի դեմ պայքարում կարող են հաղթել ոչ թե ազնիվ պոռթկումները, այլ բռնությանը հակազդելու կոշտ կառուցված համակարգը, որը դեռևս չկա։
Բացի դրանից, ընդդիմությունն առաջարկում էր տնտեսական ծրագրեր, մինչդեռ պայքարի հիմքը պետք է դառնար գաղափարախոսությունը, մեր արդեն կրած և սպասվող կորուստները Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջների հետևանքով։ Դրա մասին խոսվեց, բայց այն չհասցվեց տագնապարարական պատմության մակարդակի։ Այսինքն՝ ոչ միայն այն մասին, որ Ալիևը, Փաշինյանի թողտվությամբ, պատրաստվում է Հայաստանում բնակեցնել 300,000 ադրբեջանցիների, ավելի շուտ՝ մերձավորարևելյան ահաբեկիչների, քանի որ 300,000 հայրենակիցներին իրենց ապրած վայրերից տեղահանելը հեշտ խնդիր չէ նույնիսկ Ալիևի համար, այլ ավելի շատ հետևանքների մասին, որոնք կհանգեցնեն Հայաստանի՝ որպես պետության, ոչնչացմանը։ Փաշինյանը ծրագրային դրույթներ չունի, բայց փոխարենը նա ունի ուժային ու վարչական ռեսուրսներ, որոնք ավելի արդյունավետ են գործում ծրագրերից: Նա ունի նաև մոտիվացիա՝ հաղթելու ընդդիմությամբ ներկայացված իր թշնամիներին: Իսկ ընդդիմությունը, ի դեմս Փաշինյանի, տեսնում էր մրցակցի: Թշնամի և մրցակից. այնուամենայնիվ, տարբեր բաներ են: Եթե Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեին, նրանք կկորցնեին ամեն ինչ, իսկ ընդդիմությունը պարզապես խորհրդարանական մեծամասնություն չէր շահի: Մոտիվացիայի տարբեր մակարդակներ...
Փաշինյանի ծրագրում, որի մասին նա այնքան էլ չի մանրամասնել, շարունակում են մնալ Եկեղեցու դեմ ուղղված չորս կետերը։ Մինչև ընտրությունները դա նրան չհաջողվեց, իսկ հիմա նա նորից գործի կանցնի։ Նա պետք է Եկեղեցին դարձնի իրենը, լիովին վերահսկելի, և այստեղ թե՛ կաթողիկոսը, թե՛ եկեղեցական նվիրապետությունը (հիերարխիա) շատ բան ունեն մտորելու։ Կասկած չկա, որ Փաշինյանը Եկեղեցու վրա բաց կթողնի իր ճնշիչ ռեսուրսները։ Իմանալով նրա անչափելի փառասիրության մասին՝ լիովին կարելի է մտածել, որ նա կցանկանար իրեն Տեր Աստված հռչակել, ինչպես դա արել են նրա կողմնակիցներից ոմանք՝ անհամարժեք աշխարհընկալմամբ։ Սա բարձրագույն, ավելի շուտ անհասանելի նպատակ է, բայց դրա ճանապարհին շատ բան կարելի է անել։
Փաշինյանին հաջողվել է պահպանել կառավարման իր ավտորիտար (հավակնոտ) ոճը, որը ենթադրում է բոլոր պետական ինստիտուտների ենթարկեցումը իրեն: Դրա հետագա զարգացումը ամբողջատիրությունն (տոտալիտարիզմ) է: Եթե ավտորիտարիզմի դեպքում թույլատրելի են որոշ ազատություններ, և բացակայում է կոշտ մոնոգաղափարախոսությունը, ապա ամբողջատիրության դեպքում այն անհրաժեշտ է որպես պայմանականությունների մի տեսակ վարքականոն, որոնց ժխտումը հանցավոր է: Կոպիտ ասած, ավտորիտարիզմը բավարարվում է բանտերով, ամբողջատիրության դեպքում անհրաժեշտ են դառնում համակենտրոնացման ճամբարները: Ամբողջատիրության ծիլերը մեզանում արդեն կան: Մասնավորապես, Փաշինյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր իրենց ձայները տվել են ընդդիմությանը կաշառքի դիմաց, թշնամիներ են: Այնուհետև հերթը կհասնի նրանց, ովքեր կաշառք չեն վերցրել: Եվ այդպես շարունակ: Այսինքն՝ ընթանում է քաղաքացիներին թշնամիների վերածելու գործընթացը։ Այսինքն՝ ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է։ Ճիշտ է, ամբողջատիրությունը կարող է ծառայել ազգային շահերին. հարցն այն է, թե ինչ գին ունի։ Մեզանում հակառակն է, մեր ամբողջատիրությունը կծառայի պետականության կորստին։ Լավ օրինակ է Ուկրաինան՝ որպես Ռուսաստանի դեմ ամբողջատիրական գործիք, և իզուր չզգուշացրեց Պուտինը, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով։ Եվ Փաշինյանին հովանավորող արտաքին ուժերի հեռահար թիրախը Հայաստանը հակառուսական գործիքի վերածելն է, և եթե նա այդ դեպքում ջնջվի քարտեզից, ապա հետո՞ ինչ, Աստված իր հետ։ Ինչպես Ուկրաինայի դեպքում։
Ռուսաստանն առայժմ չի շտապում շնորհավորել՝ իմանալով զանգվածային կեղծարարությունների մասին: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ընտրությունների արդյունքներն անվանել է «որոշակի իմաստով կասկածելի»։ Թե որքան երկար ժամանակ դա կշարունակվի՝ հայտնի չէ:
Եվ նաև բարձրահարգ մանրամասնություններից. Փաշինյանի կենակցուհի Աննա Հակոբյանը, որը հրապարակայնորեն բաժանվեց նրանից, չնայած ամուսնական կապերով կապված չէր նրա հետ, շուտով կմեկնի ԱՄՆ՝ որպես Փաշինյանի կին մասնակցելու առաջին տիկինների ամենամյա հավաքին: Այնտեղ, հավանաբար, ամուսնական կապը պարտադիր չէ:
Ընտրությունների արդյունքներից հետո ակցիզային հարկերը բարձրացվեցին. ընտրարշավը պահանջում էր միջոցներ, և ակցիզները, պետք է ենթադրել, նախատեսված են դրանք փոխհատուցելու համար: Եվ Փաշինյանի կենակցուհու հեռավոր ճանապարհորդությունները նույնպես անվճար չեն:
Իսկ առայժմ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը եկավ Դիլիջան՝ հավանաբար պահանջելով կատարել մինչև ընտրությունների ավարտը հետաձգված Փաշինյանի խոստումները։ Նա շտապում է...
Հայկ Նահապետյան,
քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ, Երևան

