Աթոռակռիվ՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր թեւերում
ՎերլուծությունԱյս օրերին Նիկոլ Փաշինյանին ամենաքիչը պետք են ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները։ Սակայն նրա քաղաքական բախտը բերել է. խորհրդարանական ընդդիմությունն այնքան է զբաղված հանրությանը բացատրելով, թե ինչու հիմա հնարավոր չէ հանրահավաք անել, ինչու դեռ պահը չի հասունացել, ինչու փողոց դուրս գալն արդյունք չի տա, որ գործնականում խաղում է հենց իշխանության սցենարով։ Մինչ երկիրը շարունակում է գլորվել նոր ճգնաժամերի մեջ, ընդդիմությունն էլ, իշխանության նման, ընկղմվել է աթոռների հաշվարկների մեջ։
Այսօր Հայաստանում գրեթե իսպառ բացակայում է քաղաքական բարոյականությունը։ Երկիրը կանգնած է անվտանգության, պետականության կորստի, տնտեսական ու ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առաջ, սակայն քաղաքական դաշտի հիմնական քննարկումը ոչ թե այն է, թե ինչպես պաշտպանել պետությունը, այլ՝ խորհրդարանում ով որ հանձնաժողովի նախագահն է լինելու, ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ում բաժին կհասնի ավելի ազդեցիկ աշխատասենյակն ու ծառայողական մեքենան։
Ոչ ոք լուրջ ծրագիր չի ներկայացնում, ոչ ոք չի խոսում երկրի անվտանգության վերականգնման կամ պետական ինստիտուտների ամրապնդման մասին։ Փոխարենը՝ հանձնաժողովի նախագահի մեկ աթոռի համար իրար տակ են փորում, խմբակային պայքարներ են ծավալում, ազդեցության կենտրոններ ձեւավորում։ Այնպիսի տպավորություն է, թե երկրի ճակատագիրը վաղուց երկրորդ պլան է մղվել, իսկ առաջնայինը քարտուղարուհին, վարորդը, բարձր աշխատավարձն ու պաշտոնական կարգավիճակն են։
Թեժ մրցակցություն է արդեն իսկ սկսվել նոր ձեւավորվող խորհրդարանում՝ առավել «յուղոտ» պաշտոններ զբաղեցնելու համար։ Ընդ որում՝ պայքարն ընթանում է ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր թեւերում։
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԵԿՄ-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ԶԵՂՉԵԼՈ՞Ւ ԵՆ
Առանձնապես լարված է մրցակցությունը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի շուրջ։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ պաշտոնին հավակնում են հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «Նավակ Ճոճող» մականունով, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ուշագրավ է, որ վերջինս անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ղեկավարել պաշտպանության հանձնաժողովը։ Համենայնդեպս, ըստ նույն աղբյուրների, նրա պաշտոնական կենսագրության մեջ զինվորական ծառայության մասին որեւէ հիշատակում չկա։
Հետաքրքիր է նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրումը, ինչը փաստացի նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատն ու վերադառնում խորհրդարան։ Իսկ ի՞նչ է լինելու ԵԿՄ-ի ճակատագիրը, զեղչելո՞ւ են, ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը պատարագներից։
Իսկ գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը մրցապայքարին չի միացել։ Իր վերջին ճեպազրույցում նա ակնարկել էր, որ եթե խմբակցությունը որոշի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել, միայն այդ դեպքում կմտածի մասնակցելու մասին՝ միաժամանակ դժգոհելով, որ որպես անկուսակցական՝ անհավասար պայմաններում է գտնվում ՔՊ-ի կուսակցական թեկնածուների համեմատ։
ԱԺ-ԻՆ ԳՈՆԵ «ՕՅԱՂ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Մինչ իշխանության ներսում ընթանում է պաշտոնների համար այս պայքարը, հանրությունը դեռ չի մոռացել նաեւ Վիլեն Գաբրիելյանի վերջին աղմկահարույց վարքագիծը։ Գյումրիի արտահերթ ՏԻՄ ընտրություններից հետո նա տեսախցիկների առաջ հարձակվել էր «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրողի վրա՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, հրահրելով ընդհարում եւ փորձելով քաշքշել լրագրողին։ Ականատեսների պնդմամբ՝ պատգամավորն ու նրան ուղեկցող անձը գտնվել են ոչ սթափ վիճակում, մինչդեռ ոստիկանները պարզապես հետեւել են այդ ամենին՝ չմիջամտելով։ Ու այսքանից հետո՝ Նավակ ճոճողը դեռ հավակնում է հանձնաժողովի աթոռի՞, բա որ էլի խմի ու սկսի այս անգամ ոչ թե հայհոյել, այլ պետական գաղտնիքներ հայտնել՝ ի լուր ամենքի։
Հիշեցնենք նաեւ Գաբրիելյանի ինքնախոստովանությունը, երբ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, թե սատանիստ է։ Այդ հայտարարությունը լայն արձագանք էր ստացել քաղաքական ու հասարակական շրջանակներում։
ՍԻՄ կուսակցության նախագահը, անդրադառնալով այդ երեւույթին, ժամանակին նշել էր. «Իմ կարծիքով՝ Հայաստանը շատ ավելի անկախ էր նույնիսկ Սովետական միության կազմում, քան այսօր։ Այն ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Գերագույն խորհրդի պատգամավորը կարող է կանգնել ու հայտարարել՝ ես սատանիստ եմ։ Անկախությունը միայն այն չէ, որ ինչ-որ մեկը հայտարարի՝ ես վարչապետ եմ։ Անկախությունը նաեւ հոգեւոր, մշակութային, տնտեսական եւ ռազմական ինքնիշխանությունն է։ Երբ պետությունն արդեն հետապնդում է եկեղեցուն, իսկ իշխանության ներկայացուցիչը կարող է հայտարարել, որ սատանիստ է, դա խոսում է ոչ թե անկախության, այլ հակառակ գործընթացի մասին»։
Այո, մինչ հասարակությունը սպասում է քաղաքական ուժերից պատասխանատվության, պետական մտածողության եւ երկրի փրկության ծրագիր, քաղաքական վերնախավի զգալի հատվածը շարունակում է զբաղվել աթոռակռվով։ Իշխանությունն ու ընդդիմությունը, տարբեր ճամբարներում գտնվելով հանդերձ, այսօր կարծես մի հարցում լիովին համախոհ են՝ առաջին հերթին լուծել սեփական քաղաքական ու պաշտոնական խնդիրները։ Իսկ պետությունը, ինչպես միշտ, մնում է հերթի վերջում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

