«Գլուխարդուկոցի», ուրիշ ոչինչ. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ հայտարարել է, թե ժամանակին ինքն էլ «ոչ մի թիզական» է եղել, նույնիսկ հիշեցրել է, որ արմատներով Արցախից է, պապը՝ Շուշիից, ինքն էլ երկար տարիներ ապրել ու աշխատել է Արցախում։ Բայց այսօր, նրա խոսքով, «ոչ մի թիզական» լինելու համար, երեւի թե, ամոթ է զգում։ Զարմանալին, սակայն, ուրիշ տեղ է։ Եթե այդ գաղափարի համար այսօր ամոթ է զգում, ապա արդյո՞ք նույնքան ամոթ է զգում այն քաղաքական գծի համար, որն ավարտվեց ոչ միայն «ոչ մի թիզ»-ի, այլեւ ամբողջ Արցախի կորստով։ Թե՞ այդ մասով ամոթի հերթը դեռ չի հասել։ Ստացվում է՝ մեղավորը ոչ թե նրանք են, ովքեր իշխանության գալուց հետո Հայաստանը հասցրին Արցախի հայաթափմանը, այլ նրանք, ովքեր տարիներ առաջ համոզված էին, որ հայրենի հողը պետք է պաշտպանե՞լ։ Ամոթը, իհարկե, յուրաքանչյուրի անձնական զգացողությունն է։ Բայց երբ ամաչում են հայրենիքը պաշտպանելու գաղափարից, իսկ հայրենիքի կորստի քաղաքական պատասխանատվության մասին գերադասում են լռել, արդեն ոչ թե զարմանք է առաջանում, այլ շատ ավելի լուրջ հարցեր։
Իսկ ըստ «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԼԻԼԻԹ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ՝ Իլհամ Ալիեւը ժամանակ է ձգում, քանի որ Վաշինգտոնյան համաձայնագիրը նրան չի բավարարում, իր համար ավելի նախընտրելի է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ խոսք, քանի դեռ խորհրդարանական ընդդիմությունը չի բարձրաձայնում, որ պետք է վերադառնալ հենց նոյեմբերի 9-ի հայտարարության քաղաքական ու իրավական տրամաբանությանը, իշխանական քարոզիչներն ամեն ինչ անելու են, որ արդարացնեն իշխանության քայլերը: Բայց այստեղ տրամաբանությունը ո՞րն է։ Ինչպե՞ս կարող է Ալիեւի համար նախընտրելի լինել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե այդ փաստաթղթով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէր ճանաչվում։ Եթե հենց այդ տարբերակն էր նրա երազած փաստաթուղթը, ապա ինչո՞ւ Բաքուն հասավ նրան, որ Հայաստանի իշխանություններն արդեն պաշտոնապես ճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Ալիեւը դժգո՞հ է այն արդյունքից, որի համար տարիներ շարունակ պայքարել է։ Թե՞ պարզապես որոշ վերլուծաբաններ ցանկացած թեզ պատրաստ են շրջանառել՝ անկախ նրանից, թե այն որքանով է դիմանում տարրական տրամաբանությանը, միայն թե այն հարմար լինի իշխանության քիմքին: Ինչպես «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է արձանագրել՝ «գլուխարդուկոցի», ուրիշ ոչինչ։
Պակաս զարմանալի չէ, թե ինչ է կատարվում ոչ թե մեր շուրջ, այլ աշխարհում: Եթե հավատանք Reuters-ին, ապա Նիկարագուայի նախագահ ԴԱՆԻԵԼ ՕՐՏԵԳԱՆ որոշել է ընդհանրապես փակել ընտրությունների թեման. ասում է՝ այլեւս ընտրություններ չեն լինելու, որպեսզի ընդդիմությունը երբեք իշխանության չգա։ Համաձայնեք, որ հազվադեպ է հանդիպում ղեկավար, որն այսքան բաց տեքստով խոստովանի, թե ինչու է ուզում վերացնել ընտրությունները։ Առանց «ժողովրդավարության», «կայունության» եւ «ժողովրդի կամքի» մասին երկար ճառերի՝ պարզապես ասում է՝ ընտրություններ չեն լինի, որովհետեւ ընդդիմությունը կարող է հաղթել։ Ու այստեղ ակամա հիշում ես Հայաստանը։ Մեզ մոտ ընտրությունները, իհարկե, չեն չեղարկել, բայց վերջին տարիներին ընտրություններում հաղթած ընդդիմադիրները հայտնվել են դատարաններում, կալանքի տակ կամ տարբեր քրեական գործընթացների մեջ։ Ստացվում է՝ Օրտեգան պարզապես ավելի անկեղծ է. անում է այն, ինչի մասին մյուսները նախընտրում են չխոսել։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

