Նարեկի նավսը Ալիեւի նավթին վայիս չէ…
ՎերլուծությունԳործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ին հիմա էլ համակել է արծրունհովաննիսյանական «Հաղթելու ենք» սինդրոմը, որն իրականության հետ այնքան կապ ունի, որքան հենց ինքը՝ Կարապետյանը քաղաքականության։
Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկը, ավելի ճիշտ՝ այլեւս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն աչքալուսանք է տվել՝ ի լուր ամենքի, թե նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանը՝ եւս։ Իսկ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, եթե կազմակերպվի։ Այս եզրակացությունը նա կապել է նատրիումային (աղային) մարտկոցների տեխնոլոգիական զարգացման հետ։
«Էներգետիկ անկախության հասնելու եւ ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արեւային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր. արեւային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, եւ սա է գլխավոր արգելքը, որ արեւից ստացված էներգիայով կարողանանք ամբողջությամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը։ Այս ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ ձեռքբերում։ Մարտկոցները, որոնք կուտակում են արեւային էներգիան եւ երեկոյան բաշխում բնակչությանը, սկսել են արտադրվել մի հումքից, որը շատ տարածված է մեր երկրում՝ աղից։ Նատրիումային (աղային) ակումուլյատորները շատ էժան են ու էֆեկտիվ եւ կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախության հարցը», - ընդգծել է Նարեկ Կարապետյանը։
Երկրի ամենամեծ խորհրդարանական ընդդիմության առաջնորդն, ըստ էության, սիրողական մակարդակի վերլուծություն է անում։ Բայց եթե ինտելեկտը չի հերիքում, գոնե կարելի է չէ այս լուսավոր դարում օգտվել արհեստական բանականության հնարավորություններից։ Իհարկե, Հայաստանի քաղաքական կյանքում վաղուց արդեն նորություն չէ, երբ տնտեսական եւ աշխարհաքաղաքական բարդ գործընթացների մասին հնչում են աղմկոտ հայտարարություններ, որոնք ավելի շատ հիշեցնում են քաղաքական կարգախոս, քան մասնագիտական վերլուծություն։ Սակայն խնդիրն այլ է, երբ նման գնահատականները ներկայացվում են՝ իբրեւ ռազմավարական իրողություն։
ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻՑ Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, Ո՛Չ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱԳԵՏ
Առաջին հայացքից Նարեկ Կարապետյանի միտքը կարող է հնչել գրավիչ։ Սակայն, երբ այն համադրվում է միջազգային էներգետիկ շուկաների վիճակագրության, հեղինակավոր վերլուծական կենտրոնների կանխատեսումների եւ համաշխարհային տնտեսության իրական միտումների հետ, պարզ է դառնում, որ նման եզրակացությունը ֆանտաստիկայի ժանրից է։
Այսօր աշխարհում նավթի պահանջարկը ոչ միայն չի փլուզվել, այլ շարունակում է պահպանվել պատմականորեն բարձր մակարդակում։ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA), ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) եւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) գնահատականները ցույց են տալիս, որ նույնիսկ վերականգնվող էներգետիկայի արագ զարգացման պայմաններում նավթը դեռ տասնամյակներ շարունակ կմնա համաշխարհային տնտեսության առանցքային ռեսուրսներից մեկը։ Այսինքն՝ որեւէ հեղինակավոր միջազգային կազմակերպություն այսօր չի հայտարարում, որ «նավթի դարաշրջանն ավարտվել է»։
Հետեւաբար, նատրիումային մարտկոցների տեխնոլոգիական զարգացումը կարեւոր իրադարձություն է, բայց այն ինքնին չի նշանակում նավթային տնտեսության ավարտ, առավել եւս՝ Ադրբեջանի տնտեսական կամ աշխարհաքաղաքական դերակատարության անհետացում։ Եվ խոսքն ամենեւին էլ նոր տեխնոլոգիաների կարեւորության ժխտումը չէ։ Ընդհակառակը՝ արեւային էներգետիկան, կուտակիչները եւ էլեկտրական տրանսպորտը հաջորդ տասնամյակների առանցքային ուղղություններից են։ Սակայն քաղաքական ռազմավարություն կառուցել մեկ տեխնոլոգիական նորության շուրջ եւ դրանից անմիջապես եզրակացնել, թե նավթային պետությունների տնտեսական ազդեցությունը շուտով կվերանա, փաստական հիմքեր չունի։ Սա նույնն է, որ Նարեկ Կարապետյանը նախընտրական դեբատի ժամանակ ասում էր, թե Նիկոլ Փաշինյանը երեք օրից չի լինելու իշխանություն։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՆԱՏՐԻՈՒՄԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԸ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ
Նարեկ Կարապետյանի խոսքում հիշատակված նատրիումային մարտկոցներն իսկապես կարեւոր տեխնոլոգիական ուղղություն են։ Reliance Industries-ը, CATL-ը, BYD-ն եւ մի շարք այլ խոշոր ընկերություններ ներդրումներ են իրականացնում այս ոլորտում։ Սակայն նույնիսկ ոլորտի մասնագետները չեն պնդում, որ նատրիումային մարտկոցներն առաջիկա մի քանի տարում ամբողջությամբ կփոխարինեն լիթիումին կամ կվերացնեն նավթի պահանջարկը։
Այո՛, դրանք ունեն մի շարք առավելություններ՝ ավելի էժան հումք, բարձր անվտանգություն, լավ աշխատանք ցածր ջերմաստիճաններում։ Բայց ունեն նաեւ սահմանափակումներ. ցածր էներգախտություն, ավելի մեծ քաշ, սահմանափակ կիրառություն բարձր պահանջներ ունեցող ոլորտներում։ Այսինքն՝ խոսքը հերթական կարեւոր տեխնոլոգիայի մասին է, ոչ թե` համաշխարհային էներգետիկ հեղափոխության, որն արդեն ավարտել է նավթի դարաշրջանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տնտեսությանը, անշուշտ, այն մեծապես կախված է ածխաջրածիններից։ Նավթագազային ոլորտը կազմում է արտահանման շուրջ 90 տոկոսը, պետական բյուջեի զգալի մասը, արտարժութային եկամուտների հիմնական աղբյուրը։ Սակայն հենց այդ պատճառով Բաքուն վերջին տասնամյակում սկսել է խոշոր ներդրումներ կատարել նաեւ գազային ենթակառուցվածքներում, վերականգնվող էներգետիկայում, լոգիստիկ նախագծերում եւ տրանսպորտային միջանցքներում։ Այսինքն՝ նույնիսկ Ադրբեջանի պետական ռազմավարությունը չի հիմնվում այն ենթադրության վրա, որ նավթը վաղը կվերանա։
Ընդ որում՝ եթե նույնիսկ աշխարհի ամենազարգացած տնտեսությունները չեն հայտարարում նավթի ավարտի մասին, դժվար է հասկանալ, թե ինչու նման վստահ եզրակացություն պետք է հնչի Հայաստանից։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն նավթարտադրողը։ Սաուդյան Արաբիան իրականացնում է հարյուրավոր միլիարդ դոլարների ներդրումներ՝ միաժամանակ պահպանելով նավթային արդյունաբերության զարգացումը։ Նորվեգիան, որը համարվում է «կանաչ տնտեսության», նույնպես շարունակում է զարգացնել նավթի եւ գազի արդյունահանումը՝ միաժամանակ ներդրումներ կատարելով վերականգնվող էներգետիկայում։ Այս երկրներից ոչ մեկը չի ընտրել «կա՛մ նավթ, կա՛մ կանաչ էներգիա» մոտեցումը։ Նրանք զարգացնում են երկուսն էլ։
Այսքանից հետո՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, օրինակ, Կարապետյանները չենք ասում խոստացված 300 հազար աշխատատեղը, գոնե 5 աշխատատեղ չեն ստեղծում, մի ուղեղային կենտրոն բացեն, որտեղ գրագետ մարդիկ կվերլուծեն եւ կտեղեկացնեն, թե ինչ է կատարվում իրականում աշխարհաքաղաքական տեսանկյունից եւ ընդհանրապես՝ աշխարհում ինչ տենդենցներ կան, որ չարվեն նման բարձրագոչ հայտարարություններ ու մնան անհարմար դրության մեջ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

