Փաշինյանը քաղաքական տուպիկի առաջ

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական կյանքը հերթական անգամ մտնում է վճռորոշ փուլ։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հարցեր թողեց, բայց գրեթե ոչ մի հստակ պատասխան չտվեց։ Մի բան, սակայն, ակնհայտ է․ հայ-ռուսական հարաբերություններում կուտակված խնդիրները չեն վերացել, իսկ Հայաստանի իշխանությունները հայտնվել են բարդ աշխարհաքաղաքական ընտրության առաջ։

Պաշտոնական հաղորդագրությունները տարբեր շեշտադրումներ էին պարունակում։ Երեւանը փորձեց ցույց տալ, թե Եվրամիությանն անդամակցության թեման տեսական հեռանկար է, մինչդեռ Մոսկվայից հնչող մեկնաբանությունները տպավորություն են ստեղծում, որ Ռուսաստանի համար առաջնային է, որպեսզի Հայաստանը վերջնականապես հստակեցնի իր արտաքին քաղաքական ուղղությունը։ Եթե այս գնահատականը ճիշտ է, ապա «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությունը կարող է մոտենալ իր ավարտին։

Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն հայտնվել է քաղաքական փակուղում։ Եթե իշխանությունը համաձայնի հանրաքվեի անցկացմանը, ապա ստիպված կլինի հասարակությանը ներկայացնել իրական ընտրություն՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։ Եթե հրաժարվի նման հանրաքվեից, ապա կբախվի այն մեղադրանքներին, որ խուսափում է ժողովրդի կամքը պարզելուց։ Իսկ եթե փորձի գործընթացը ձգձգել, ապա արտաքին ճնշումները կարող են միայն աճել։

Բայց ինչո՞ւ է Պուտինը պնդում, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունում մնալու կամ Եվրամիությանը միավորվելու նպատակը արտահայտի Հայատանի Հանրապետության քաղաքացին՝ հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը։ Հատկապես, որ այդ անձը վերջերս ձեւավորված Ազգային ժողովի մեծամասնության կողմից կարճ ժամանակ անց կրկին կվերընտրվի վարչապետ։

«Պուտինը սրանով փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված Ազգային ժողովի մեծամասնությանը չի համարում լեգիտիմ ու այդպիսի մեծամասնության ընտրած վարչապետը եւս չի կարող լինել լեգիտիմ», - ընդգծում է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

Այս հարցում էլ ավելի հեռուն գնացող տեսակետ ունի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

«Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, եւ Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը՝ ՌԴ դաշնակիցների՞, թե՞ նրանց ճամբարում, ովքեր պատրաստվում են «գրոհել ռուսական տարածքները»։ Ահա թե ինչու է անհրաժեշտ հանրաքվեն՝ վերջնական պատասխան տալու այն հարցին, թե որտեղ է իրեն տեսնում հայ ժողովուրդը։ Ոչ թե ընտրությունները, որոնց արդյունքները փորձում են ներկայացնել որպես Փաշինյանի կուրսին աջակցող հանրաքվե, այլ հենց առանձին, լիարժեք հանրաքվեն», - նշում է քաղաքագետը։ Նրա գնահատմամբ՝ եթե ընտրությունը լինի հօգուտ ՔՊ-ի կուրսի, ապա Մոսկվան իրենից կհանի պատասխանատվությունը նրա համար, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ դրանից հետո։ Հայկական կողմի համար, բնականաբար, գործը ռուսական տարածքների գրոհին չի հասնի․ այստեղ քթի տակ Թուրքիան է, որը Հայաստանի ուղղությամբ ռազմական լոգիստիկան արագացնելու համար սկսել է վերականգնել դեպի հայկական Գյումրի երկաթգծի հատվածը։ Բայց դա արդեն դուրս կլինի Մոսկվայի պատասխանատվության գոտուց։

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՇՆԱՆԸ

Ի դեպ, աշխարհաքաղաքական խնդիրները Հայաստանի համար միայն քաղաքական բնույթ չունեն։ Վերջին ամիսներին ռուսական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները հարվածել են արտահանողներին։ Հայաստանի գյուղատնտեսական եւ վերամշակող բազմաթիվ ընկերություններ մեծապես կախված են ռուսական շուկայից։ Եթե այդ խնդիրները շարունակվեն, ապա տնտեսական հետեւանքները կարող են զգալի լինել՝ հատկապես մարզերում, որտեղ հազարավոր ընտանիքների եկամուտը կապված է արտահանման հետ։

Փաստ է, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա աշնանն ու ձմռանը սոցիալական դժգոհությունը կարող է խորանալ։ Այսինքն՝ ժողովուրդը մեծ մասամբ կլինի ոչ միայն սոված, այլ նաեւ մրսած, ասենք, գազի գնի բարձրացման պատճառով։

Եթե տնտեսական խնդիրները համադրվեն աշխարհաքաղաքական անորոշության հետ, ապա իշխանությունների համար ներքաղաքական իրավիճակը կարող է դառնալ առավել բարդ։ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ իր քաղաքական լեգիտիմությունը կառուցել է ընտրական հաղթանակների վրա։ Սակայն եթե հասարակության զգալի հատվածի սոցիալական վիճակը վատթարանա, ապա նույնիսկ նախկին ընտրական աջակցությունը կարող է այլեւս չերաշխավորել քաղաքական կայունություն։

Հետաքրքիր է նաեւ խորհրդարանական ընդդիմության պահվածքը։ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր բացակայում է այնպիսի լայն ընդդիմադիր շարժում, որը կարողանա ամբողջությամբ կապիտալիզացնել իշխանության հնարավոր ձախողումները։ Մանդատավոր ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժերը, առայժմ չեն ներկայացրել միասնական ռազմավարություն այն հարցում, թե ինչպես պետք է արձագանքել ստեղծված իրավիճակին։ Դե, բնական է, տարօրինակ կլիներ, որ ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ Կիպրոսի քաղաքացի Սամվել Կարապետյանը հանկարծ հստակ դիրքորոշում հայտներ, որ Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում է։ Եվ այս իրավիճակում, երբ քիչ է մնում, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը ատոմային պատերազմ սկսեն միմյանց դեմ, թե՛ Կարապետյանը, թե՛ Քոչարյանը խոսում են կոմպլիմենտար քաղաքականության մասին, նույն է, թե՝ բոլորի հետ լավ լինենք, մենակ թե մեր փողերին բան չլինի։

Միաժամանակ, քաղաքական դաշտի մյուս հատվածները նույնպես լուռ են։ Հայաստանում հերթական կուսակցություններն են ստեղծվում, սակայն հանրության մոտ հաճախ ձեւավորվում է տպավորություն, որ դրանք ավելի շատ սպասարկում են բացառապես նեղ, ֆինանսական շահեր, քան իրական գաղափարական պայքար են մղում։ Այդ պայմաններում հանրության զգալի մասը կարող է իրեն չներկայացված զգալ։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Այս ամենի ֆոնին հանրաքվեի թեման շարունակում է մնալ գլխավոր ինտրիգը։ Եթե այն իրականում դառնա քաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկը, ապա Հայաստանը կանգնելու է ոչ միայն արտաքին քաղաքական, այլ նաեւ ներքին քաղաքական ամենալուրջ ընտրության առաջ վերջին տարիներին։

Հանրաքվեն այս դեպքում կդառնա ոչ միայն արտաքին կողմնորոշման, այլ նաեւ գործող իշխանության նկատմամբ վստահության յուրօրինակ քննություն։ Իշխանությունը ստիպված կլինի պատասխանել՝ արդյո՞ք պատրաստ է ժողովրդի ուղիղ կամարտահայտությանը, թե՞ կփորձի հետաձգել գործընթացը՝ ժամանակ շահելու նպատակով։

Հայաստանի առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել։ Իշխանությանն այլեւս չի հաջողվելու վերականգնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ միաժամանակ պահպանել հարաբերությունները Արեւմուտքի հետ։ Քաղաքական եւ սոցիալական լարվածության աճը կարող է դառնալ ներքաղաքական նոր շրջափուլի սկիզբ։

Այսօր արդեն ակնհայտ է մեկ բան․ Հայաստանի համար «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությունն իր մայրամուտն է ապրում։ Արտաքին խաղացողները, յուրաքանչյուրը սեփական շահերից ելնելով, ակնկալում են ավելի հստակ պատասխաններ, իսկ այդ պատասխանների քաղաքական գինը, անկախ ընտրությունից, առաջին հերթին վճարելու է Հայաստանի իշխանությունը։ Հետեւապես, Նիկոլ Փաշինյանին մնում է կա՛մ ամեն կերպ դեմ կանգնել հանրաքվեին՝ երկիրը վերջնականապես անդունդը գլորելով, կա՛մ թողնել իրավիճակն ինքնահոսի, առնվազն չխոչընդոտել, որպեսզի «Եվրասիական ալյանս» նախաձեռնությունն իրականացնի հանրաքվե, կա՛մ հենց ինքը հանրաքվեի ջահակիրը դառնա, կեղծի հանրաքվեն էլ՝ հույս ունենալով, որ Արեւմուտքը իր գրկում կպահի իրեն, իսկ երկրի հերն էլ անիծած․․․

Հնարավոր է՝ դեռ որոշ ժամանակ իշխանությանը հաջողվի քարոզչությամբ ներկայացնել, թե իրավիճակը վերահսկելի է։ Հնարավոր է՝ դեռ գտնվեն արտաքին գործընկերներ, որոնք կշարունակեն հնչեցնել հերթական բարեմաղթանքներն ու աջակցող հայտարարությունները։ Սակայն կա մի իրողություն, որը չի ենթարկվում ոչ քարոզչությանը, ոչ էլ դիվանագիտական ձեւակերպումներին՝ տնտեսությունը։ Եթե մարդիկ կորցնում են շուկաները, եկամուտները, աշխատանքը եւ վաղվա օրվա նկատմամբ վստահությունը, ապա ցանկացած քաղաքական տեխնոլոգիա վաղ թե ուշ սպառվում է։ Այդ ժամանակ իշխանության առաջ կանգնում է ոչ թե վարկանիշի, այլ պետական կայունության հարցը։ Իսկ այդպիսի իրավիճակներում իրադարձություններն արդեն զարգանում են ոչ թե իշխանության, այլ հասարակության օրակարգով։ Պատմության մեջ շատ են եղել իշխանություններ, որոնք կարծում էին, թե կարող են անվերջ շահել ժամանակ, մինչև ժամանակն ինքն է սկսել աշխատել իրենց դեմ։ Այսօր հենց այդ սահմանագծին է կանգնած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում