Գևորգ Մինասյան. Հայաստանը իմ փոքր հայրենիքն է, իսկ Ռուսաստանը իմ պատմական հայրենիքը

Վերլուծություն

Հարցազրույց Հայաստանի հատուկ ծառայությունների վետերան, պահեստազորի գնդապետ, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնին առընթեր Հայաստանի Հանրապետության նախկին լիազոր ներկայացուցիչ Գևորգ Մինասյանի հետ

– Գևո՛րգ Հարությունովիչ, վերջերս Դուք գիրք եք հրատարակել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասին։ Հատկապես ի՞նչը Ձեզ հետաքրքրեց այս անձնավորության մեջ, և որքանո՞վ է իրատեսական, ինչպես Դուք  եք մատնանշում այս գրքում, թե նա Թուրքիայի ապագա նախագահն է:
– Շնորհակալություն շատ հետաքրքիր հարցի համար։ Այս թեմային ես իմ համահեղինակի հետ մոտեցել եմ շատ վաղուց. անձամբ ես մոտեցա, իսկ հետագայում Անժելա Սիմոնյանը միացավ որպես թուրքագետ և օգնեց ինձ ստեղծել այս գիրքը։ Կա այսպիսի մի արտահայտություն. «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Այսինքն՝ ոչ թե կադրերի բաժինները, այլ կադրերը։ Հաքան Ֆիդանն այն կադրն է, որը որոշումներ է կայացնում և որոշում Թուրքիայի հետագա ճակատագիրը ոչ միայն նրա քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակի ճարտարապետության մեջ, այլև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Մեծ Բրիտանիայում և արևմտյան ուղու վրա։ Սա մի մարդ է, որը Էրդողանի ղեկավարությամբ նվագախմբում առաջին ջութակն է։ Իսկ առաջին ջութակը այն մարդն է, որն իր հետևից տանում է նվագախմբի մյուս անդամներին։ Դիրիժորի բացակայության ժամանակ նա ղեկավարում է նվագախումբը։ Այսինքն՝ նա այժմ Թուրքիայում տեղի ունեցող բոլոր գործընթացների գլխավոր «գորշ կարդինալն» է։
– Որքան գիտեմ, նա կապված էր բրիտանական հատուկ ծառայությունների և, հնարավոր է, ուրիշների հետ։
– 1999 թվականին, լինելով Բիլքենթի համալսարանի մագիստրանտ ուսանող, նա պաշտպանեց շատ հետաքրքիր ատենախոսություն՝ «Թուրքական, անգլիական և ամերիկյան հետախուզական մարմինների համեմատական բնութագիր»: Մեր գրքում առանձին գլխով թարգմանեցինք այս ատենախոսությունը, որպեսզի այս գիրքն ընթերցող մարդիկ պատկերացնեն երիտասարդ Հաքան Ֆիդանի աշխատանքի մակարդակը: Ամենահետաքրքիրն այն է, որ Բիլքենթի համալսարանում նրա հոգևոր հայրը Նորման Սթոունն էր: Այս անգլիացին երկար ժամանակ եղել է Մարգարետ Թետչերի ելույթները գրողը և միաժամանակ եղել է արտաքին տնտեսական ու քաղաքական հարցերի խորհրդատուն: Հետագայում նա աշխատել է Թուրքիայում՝ Բիլքենթի համալսարանում, եղել է միջազգային հարաբերությունների, ռուս-թուրքական հարաբերությունների ամբիոնի վարիչը. այնտեղ առանձին ակումբ կա: Եվ ահա այս ընդերքից է դուրս եկել Հաքան Ֆիդանը իր ատենախոսությամբ և Թուրքիայի հետախուզության մեջ հետագա ճակատագրով:
– Վերջերս Հաքան Ֆիդանը Մոսկվայում էր, հանդիպեց Ռուսաստանի գրեթե բոլոր ղեկավարների հետ։ Ի՞նչ արդյունք ունեցան այս հանդիպումները։

– Այցը կազմակերպել էր թուրքական կողմը՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին, որն անցկացվեց դրանից հետո։ Հաքան Ֆիդանը, ժամանելով Ռուսաստան, հանդիպեց Անվտանգության խորհրդի քարտուղարի, նախագահի համապատասխան օգնականների՝ Լևիտինի, Մեդինսկու հետ։ Լևիտինը վերահսկում է տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված ուղիները և դրա պատասխանատուն է։ Մեդինսկին վերահսկում է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների հետ կապված աշխատանքները և դրանց պատասխանատուն է։ Նա հանդիպեց Լավրովի հետ, իսկ հետո թռավ Կազան և հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսինքն՝ նա իր հետ բերեց հետագա գործողությունների այն փաթեթը, որոնք Թուրքիան կիրականացնի Մերձավորարևելյան տարածաշրջանում՝ Սևծովյան և Անդրկովկասի տարածաշրջանում։
- Այսինքն՝ նա համաձայնեցրե՞լ է իր գործողությունները։
– Ոչ, չի համաձայնեցրել, այլ ուրվագծել է իր դիրքորոշումները՝ Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության դիրքորոշումները։ Այդ գագաթաժողովից հետո նա արդեն մեկնեց Ուկրաինա և նկատել տվեց, որ Թուրքիան պատրաստ է լինել տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության երաշխավորը Սև ծովում։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան փաստացի արտահայտել է իր դիրքորոշումը այն մասին, որ ինքը կլինի Սև ծովում տեղի ունեցող գործընթացների համակարգողը, այսինքն՝ նրանց անվտանգության։ Այստեղ հարց է դրվում. ինչպե՞ս Ռուսաստանը կընկալի այս ամենը, ինչպե՞ս կաշխատի այս դիրքորոշման հետ։
– Դուք հիշատակեցիք Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Որո՞նք են այս գագաթաժողովի արդյունքները։ Ինձ անձամբ հետաքրքրում են գագաթաժողովի արդյունքները, ի՞նչ եզրակացություններ արվեցին, հատկապես՝ Ռուսաստանին և Հայաստանին վերաբերող։
– Այնտեղ ձևավորվեց ՆԱՏՕ-ի հետագա գործունեության օրակարգը հենց այս տարածաշրջանի՝ Թուրքիայի և մերձակա տարածաշրջանների համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն՝ Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի հետ, հստակ սահմանափակումների աղեղ է ձևավորում Թուրքիայի գործողությունների նկատմամբ Էգեյան ծովում, Հունաստանում և այլուր։ Այսինքն՝ այս գագաթաժողովի արդյունքում ՆԱՏՕ-ն Թուրքիային փաստացի առաջարկում է ընդլայնել իր ազդեցությունը դեպի Կովկասի, Սև ծովի և Կենտրոնական Ասիայի կողմը։ Այս գոտին սահմանափակվում է, իսկ Արևելքում կարող ես աշխատել։
– Այսինքն՝ փակվում է Եվրոպան, բացվում է Արևե՞լքը։ 
– Ռազմական առումով և հունական, կիպրոսյան հարցերում Թուրքիայի հնարավոր ճնշման պատճառով նրանք Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի սուր գործողությունները տեղափոխում են հենց Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ։ Համապատասխանաբար, այս փոխդասավորության հետևանքով փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը հենց Անդրկովկասում, ավելի ստույգ՝ կապված Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ, ինչն ամենից շատ է մտահոգում մեզ։ Ու նաև՝ Իրանի հետ կապված։
– Եվ ինչո՞վ է դա հղի Հայաստանի համար։
– Հայաստանի համար. նայած հատկապես որ։ Եթե նայենք ներկայիս Հայաստանին, որը սերտորեն շփվում է Թուրքիայի հետ, սա Անդրկովկասում Թուրքիայի ազդեցության կառուցվածքային ամրապնդումներից մեկն է։ Եթե նայենք այլ դիրքորոշումից, որը համաձայն չէ թուրքական գործոնի ուժեղացման հետ, այդ դեպքում սա իրական սպառնալիք է հայկական էթնոսի, մշակույթի և կենցաղի գոյության համար...
– Չեմ կարող չհարցնել Ձեր կարծիքը, իհարկե, խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի և, իհարկե, գրեթե բոլոր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ այն բռնաճնշումների մասին, որոնք անմիջապես հաջորդեցին այդ ընտրություններին։ Ինչպե՞ս կարող եք գնահատել սա, և ո՞ւր ենք մենք գնում ընդհանրապես։
– Եկեք այսպես ասեմ։ Հայկական անտառը կայուն կերպով կրճատվում էր, բայց ծառերը չընդհատվող համառությամբ շարունակում էին քվեարկել կացնի օգտին։ Որովհետև համարում էին, որ քանի որ նրա կոթը փայտից է, այդ գործիքը իրենց կողմից կլինի։
– Հետաքրքիր փոխաբերություն է։
– Ինձ վրա շատ ուժեղ տպավորություն գործեցին 1996 թվականի ընտրությունները։ Երբ ես՝ երիտասարդ լեյտենանտս, անցա ծառայության, առաջին բանը, որ ինձ ուղարկեցին անելու, Գյումրու ընտրական հանձնաժողովը պահպանելն էր։ Այն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս խորհրդարանում էր։ Իշխող կառույցը փաստացի պարտվել էր, սակայն ճնշման և բռնաճնշման գործողությունների հետևանքով շարունակում էր կառավարել։ Իմ կարծիքով՝ դա մեր պետության կործանումն էր, որը տեղի ունեցավ 1996 թվականին։
– Դուք նկատի ունեք Վազգեն Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև այն ժամանակվա դիմակայությո՞ւնը։
– Այո՛, եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը գիշերը չկանգներ ու չասեր «Մենք հաղթեցինք», իրականում այն ժամանակ բոլորովին այլ պատկեր կլիներ։ Բոլորը խոսում էին դրա մասին և գիտեին դա։
– Իսկապե՞ս նա պարտվեց։
– Այո՛, նա պարտվեց։
– Իսկ եթե նա ընդունե՞ր այդ պարտությունը։
– Հայաստանի Հանրապետության պատմության անիվը այլ կերպ կպտտվեր։ Հարգանք կլիներ ընտրությունների նկատմամբ, հարգանք ընտրած և իրենց ձայնը տված մարդկանց նկատմամբ։ Դու պարտվել ես՝ հեռացի՛ր արժանապատվորեն։
– Այսինքն՝ ժողովուրդը, իհարկե, կորցրեց վստահությունը ընտրությունների նկատմամբ։
– Ժողովուրդն ամբողջությամբ կորցրեց վստահությունը այդ ընտրություններն անցկացնող ինստիտուտների նկատմամբ։ Եվ ահա այս ընտրություններն այսօր 1996 թվականին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունն են։ Հետագայում էլ  խնդիրներ ունեցանք ընտրությունների հետ կապված, և եթե մեկ անգամ խախտում ես օրենքները, քեզ համար հեշտ է դառնում դրանք կրկին ոտնահարելը։
–  Ոչինչ չասացիք սրա հետ կապված բռնաճնշումների մասին։
– Բռնաճնշումները այդ բոլոր քաղաքական գործընթացների վերլուծական շարունակությունն են։ Այժմ տեղի ունեցող գրեթե բոլոր գործողություններում ներկայիս իշխանությունը սպառնալիք է տեսնում։
– Ընդդիմադիր առաջնորդների մե՞ջ։
– Ընդդիմադիր առաջնորդների մեջ նա սպառնալիք է տեսնում։ Բռնաճնշումները այն մեխանիզմներից մեկն են, որոնց միջոցով կարելի է հետաձգել արտաքին ուղղությամբ տեղի ունեցող որոշակի գործողություններ։ Որովհետև Հայաստանում ընտրությունները բուն բնակչության ընտրությունը չեն։ Դրանք աշխարհաքաղաքական ընտրություններ են։ Այնտեղ ավելացել են խաղացողները։ Դա և՛ Եվրամիությունն է, դա և՛ Թուրքիան է, դա Ադրբեջանն է, դա Ռուսաստանն է։ Եվ նրանք, փաստորեն, կթելադրեն ամբողջ իրավիճակը։ Իսկ քանի որ իշխանությունը թույլ է, նա ավելի խոցելի կլինի որոշումների ընդունման համար։
– Ի՛նչ շարունակություն եք տեսնում։ Ոչ միայն պատերազմը ընդդիմության, այլև Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի գլխավոր խորհրդանիշների դեմ. այս հարցերում ինչպե՞ս է։
– Եկեղեցին, ես ոչ մի գաղտնիք չեմ բացահայտում, հայ ժողովրդի ինքնության գենի կրողն է։ Ահա կա ԴՆԹ-ի ծածկագիրը (կոդը), որտեղ պահպանվում են տեղեկությունները ծնողների, նախնիների մասին, որոնք իրենց ժամանակին հեռացել են պատմական Հայաստանի տարածքից։ Եվ մարդը կրում է այս գենը։ Ահա ես կրում եմ իմ պապի գենը, որն իր ժամանակ ցեղասպանության պատճառով լքել է իր տարածքը և տեղափոխվել ժամանակակից Հայաստանի տարածք, բնակություն հաստատել Բջնի գյուղում, հետո տեղափոխվել է Երևան, և ես արդեն դարձել եմ Երևանի բնակիչ։ Բայց միևնույն է, ես Արևմտյան Հայաստանի այդ գենն եմ կրում։ Եվ Եկեղեցին այս գենի կրողն է։ Եվ որպեսզի կառուցվի մի հանրապետություն, որը չկրի այս տեղեկատվական գենը, հարկավոր է կործանել Եկեղեցին։
Այժմ եթե օպերատիվ տերմինաբանությունից օգտվենք, Եկեղեցին փաստացի օպերատիվ հետաքննության օբյեկտ է։ Նախկինում Եկեղեցին օպերատիվ սպասարկման օբյեկտ էր։ Ի՞նչ է սա նշանակում։ Տարբերությունը շատ մեծ է. երբ դու Եկեղեցում հայտնաբերում ես այլածին՝ օտար տարր, ասենք, թուրքական հետախուզությունը աշխատել է հայկական Եկեղեցու դեմ արտասահմանում, քո երկրի հատուկ ծառայությունները բացահայտում են այդ միջավայրում թուրքական, ադրբեջանական հետախուզությանը և ավտոմատ կերպով պաշտպանում են Եկեղեցին, այսինքն՝ ստեղծում են անվտանգության գմբեթ։ Հիմա հատուկ ծառայությունները,   հարձակվելով Եկեղեցու վրա, հետաքննություններ են անցկացնում արդեն ներսից, սակայն ոչ թե ստեղծման, այլ կործանման համար։ Ահա սա մեծ տարբերություն է։ Այսինքն՝ իշխանությունը ուրիշ խնդիրներ է դնում հատուկ ծառայությունների առաջ։ Եվ դրա հետևանքով ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվում։
– Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանում այդքան մեծ թվով մարդիկ, այդ թվում և՛ հատուկ ծառայությունները, և՛ իրավապահ մարմինները, պետական կառույցները, գրեթե բոլորը այժմ հակապետական գործունեություն են վարում։ Փաստացի հակահայկական գործունեություն՝ ուղղված հայկական ինքնության դեմ, այդպե՞ս է։
– Ես չէի ասի բոլորը։ Իմ կարծիքով՝ նման բան չկա, թե դրա մեջ ներգրավված են բոլորն անխտիր։ Կան որոշակի քանակությամբ մարդիկ, որոնք կենտրոնացած են այս թեմայի վրա։ Շատ մարդիկ կան, որոնք շատ հիվանդագին են ընդունում դա։
– Այո՛, բայց նրանք բոլորը լռում են։
– Իսկ հատուկ ծառայությունները երբեք չեն խոսում։
– Ոչ միայն հատուկ ծառայությունները։ Պետական մարմիններում էլ կան ազնիվ մարդիկ, ճի՞շտ է։
– Ես հասկանում եմ, որ մենք ունեինք տնտեսական խնդիրներ, պատերազմ էր և այլն, բայց աճող երիտասարդության հոգևոր-բարոյական դաստիարակությամբ մենք չզբաղվեցինք, ցավոք սրտի։ Դպրոցներում կրթությունը հանգեցրել է նրան, որ ձևավորվել է սպառողական հասարակություն։ Սա «նյամ-նյամ հասարակություն» է. այսօր կուտեմ, երեկոյան կզվարճանամ, իսկ վաղը կտեսնենք՝ ինչ կլինի։ Այլ կերպ ասած՝ պետության, հանրապետության գիտակցությունը, որը մեզ Աստված է տվել, մարդկանց մեծամասնության կողմից չի համարվում այժմ գերիշխող արժեք։
– Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ ադրբեջանական հսկիչ անցակետերը կանգնած են հայկական տարածքում Ջերմուկի կողմից։
– Հայաստանի տարածքում նրանք ստեղծեցին «անվտանգության գոտի»։
– Այո՛, իրենց համար։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ այժմ հանձնվում է Տիգրանաշենը։ Սյունիքում ճանապարհի մի մասը, որը  կապում էր Իրանի հետ, արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է, և այլն։ Եվ այս գործընթացը շարունակվում է։ Ո՞վ կարող է կանխել այս բոլոր կորուստները։ Ո՞ր ուժը կարող է կանխել այս բոլոր մարտահրավերները։
– Իմ կարծիքով՝ մենք մինչև վերջ չգիտենք բոլոր այն հանգամանքների մասին, որոնք  ստանձնել են իշխանությունները, քանի որ դրանք գաղտնի են պահվում։ Չի խոսվում այն պարտավորությունների մասին, որոնց հետ համաձայնվել են, որպեսզի անմիտ կերպով ստորագրեն այս խաղաղության պայմանագիրը։ Սա պարզապես թղթի կտոր է, որը ոչինչ չարժե, ցանկացած պահի աղբարկղ կնետվի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար։
– Այո՛, բայց տարածքներ են հանձնում, և մենք դրա մասին իմանում ենք կատարվելուց հետո։ Նշանակում է Հայաստանին անհրաժեշտ է օգնություն դրսի՞ց։ Իսկ ո՞վ կտրամադրի այդ օգնությունը։ Եվրո՞պան, Ա՞ՄՆ-ը։
– Եվրոպան արդեն իսկ իր «օգնությունը» ցուցաբերել է, երբ համոզեց հանձնել Արցախը՝ «խաղաղությունը պահպանելու համար»։ Այստեղ մնում են երկու խաղացողներ, որոնք կարող են ինչ-որ չափով օգնել մեզ. դա Ռուսաստանն է և Իրանը։ Սակայն երկու երկրներն էլ ներկայումս գտնվում են ձգձգվող հակամարտության մեջ. դա ուկրաինական ճակատն է և իրանա-ամերիկյանը։ Այժմ նրանք իրենք են այնպիսի վիճակում, որ չեն կարող ինչ-որ արմատական միջոցներ ձեռնարկել։
Ահա կանգնած է 102-րդ ռուսական բազան Գյումրում։ Այժմ 102-րդ ռազմաբազան փաստացի գտնվում է շրջափակման վիճակում։ Որտեղի՞ց պետք է գա զենքը։ Ի՞նչ ճանապարհով։ Վրաստանը թույլ չի տալիս։ Միակ ճանապարհը Կասպից ծովով է, Իրանով և այլն։ Անշնորհակալ պետք է լինել՝ չճանաչելու համար այն, ինչ արեց Ռուսաստանը Հայաստանի համար 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ ես դեռ ծառայում էի, ես ամեն ինչ հիշում եմ։ Պատկերացրեք, 30 հոգուց բաղկացած մեկ դասակը, ըստ վիճակագրական տվյալների, մարտի մի ժամվա ընթացքում մոտավորապես ծախսում է 3-ից մինչև 6 հազար փամփուշտ։ Պատերազմական 44 օր, լարված մարտեր։ Սա միայն «կալաշնիկովի» համար փամփուշտներն են։ Իսկ քանի՞ արկ։ Ո՞վ բերեց դրանք։ Միակ երկիրը, որն իսկապես օգնեց Հայաստանին, Ռուսաստանի Դաշնությունն էր։ Ամեն օր մի քանի ինքնաթիռ էր թռչում՝ պատերազմի ժամանակ իրավիճակը փրկելու համար։
– Իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունը մեղադրում է Ռուսաստանին այս պատերազմում կրած պարտության համար։
– Դա մեղք է։ Այս մեղքի համար Աստված մեզ պատժում է։ Պետք է ճանաչենք այն, ինչ արվել է։ Հետագայում, երբ այս բեռները բեռնաթափում էին բեռնատարների վրա և փորձում էին տեղ հասցնեել, Ադրբեջանը Թուրքիայի հետ Իրանում բնակվող ադրբեջանցիների միջոցով ակտիվ գործողություններ էր ձեռնարկում. նրանք արգելափակում էին ճանապարհները, որպեսզի զենքով բեռնված բեռնատարները տեղ չհասնեին։ Ո՞վ է հիշում այս մասին, ի՞նչ պայմանավորվեցին։ Իսկ երբ այդ ճանապարհը փակվեց, ինչպե՞ս ինքնաթիռներով բերեցին՝ Լեռնային Ղարաբաղը, այնտեղի հայերին ու Հայաստանը փրկելու համար։ Իսկ հիմա ի՞նչ։ Ռուսաստանը կարող է ասել. «Կներեք, մենք ձեզ համար այսքան շատ բան արեցինք։ Իսկ դո՞ւք»։ Բայց եկեք անկեղծ լինենք։ Այո՛, գուցե Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ինչ-որ չափով սխալ է եղել և այլն, բայց պետք է նայել այն իրավիճակին, որում այժմ գտնվում է Ռուսաստանը։ Չէ՞ որ նրանք բազմիցս զգուշացրել են Հայաստանի իշխանություններին, որ ուժերի հավասարակշռությունը փոխվում է։
– Եթե ուղիղ ասենք, միակ դաշնակիցը եղել և մնում է Ռուսաստանը։
– Ռուսաստանի հետ հարկավոր է աշխատել։ Ռուսաստանի հետ պետք է հանդիպել։ Ո՞վ կարող է հիմա ասել՝ կա՞ արդյոք գոնե մի մարդ, որը կգնա, կարող է գտնել այն դուռը, թակել ու ասել. «Ես եկել եմ։ Լսե՛ք ինձ»։ Վլադիմիր Վլադիմիրովիչը հետախուզության հին դպրոցի ներկայացուցիչ է։ Նա հավատում է միայն իր օպերատիվ տվյալներին, այլ ոչ թե նրան, որ գնաս ու պատմես այն մասին, թե որքան ես նրան սիրում ու պաշտում, և որ նա ամենալավն է, և ամբողջ կյանքում բարեկամություն ենք արել Ռուսաստանի հետ։
– Դեռևս ուշ չէ՞ արդյոք Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, որոնք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ծրագրված կերպով ոչնչացնում է։
– Հարկավոր են  այնպիսի մարդիկ, որոնք այստեղ ընդունվում են։
– Կա՞ն այդ մարդիկ։
– Ես չգիտեմ՝ ինչպես է հիմա, բայց պետք է հաշվի առնենք, որ մեր վերջնաժամկետն արդեն կարճ է։ Խորհրդային այն սերունդը, որը գիտեր, թե ինչ են Հայաստանը և բարեկամությունը, Վլադիմիր Վլադիմիրովիչի սերունդը, հեռանում է։ Վերջին հաշվով շատերն են հեռանում, բայց շուտով կգան նոր սերունդներ, որոնք ոչ մի պարտավորությամբ ծանրաբեռնված չեն լինի Հայաստանի Հանրապետության առջև։ Նրանք չունեն այն պատմական-բարոյական բեռը, թե մենք միահամուռ հաղթել ենք պատերազմում, որ իմ պապը պատերազմով անցել է այստեղից այստեղ, իսկ քոնը այնտեղից այնտեղ, և, հետևաբար, մենք հարազատ հոգիներ ենք։ Որովհետև մեր ցեղը արյուն է թափել այս երկրի համար, ընդհանուր Խորհրդային Միության համար։ Կան բանալիներ, որոնց հետ պետք է աշխատել, բայց Հայաստանի այս նոր սերունդը չգիտի այդ բանալիների մասին։ Որովհետև նրանք այլ կերպ են դաստիարակվել։ Ռուսաստանում այս ղեկավարող սերունդը կհեռանա, և այստեղ նույնպես նոր սերունդ կգա, և այդ ժամանակ ի՞նչ ենք անելու։ Կլինեն կոնկրետ բիզնես շահեր։ Իսկ Հայաստանը իր բիզնես հնարավորություններով, ցավոք, ոչ մեկին հետաքրքիր չէ։
– Դուք լավ գիտեք Պարսից ծոցի տարածաշրջանը։ Չեմ կարող չհարցնել Ձեզ, թեկուզ հակիրճ այն մասին, որ ԱՄՆ-ն ու Իրանը, ցավոք, սկսեցին նոր ռազմական գործողություններ։ Ինչպե՞ս կարող են այս գործողությունները մոտ ապագայում ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։
– Հիմնական նավահանգիստները, որտեղից բեռներ էին մուտք գործում Հայաստան, Իրանի հարավային նավահանգիստներն էին։ Սա գտնվում է Հորմուզի նեղուցի մոտ, որտեղ այժմ մարտական գործողություններ են ընթանում։ Այսինքն՝ փաստորեն Հնդկաստանից և Չինաստանից եկող կոնտեյներային բեռնափոխադրումների հետ կապված տրանսպորտն ու հաղորդակցությունը, այդ թվում՝ այն սարքավորումները, որոնք Արաբական Միացյալ Էմիրություններից Իրանով գնում էին և Իրանի ճանապարհներով մտնում էին Հայաստան, այժմ ամբողջը կդադարեցվի։ Այս ամենը կհանգեցնի նրան, որ շատ գործարարներ կսկսեն նավեր ուղարկել այլ ճանապարհով՝ Աֆրիկայով։
– Իսկ ռազմական առումով ի՞նչ կասեք։ Արդյո՞ք Հայաստանը ինչ-որ կերպ կներգրավվի Իրանի և ԱՄՆ-ի միջև այժմ տեղի ունեցող գործողությունների մեջ։
– Անկայունության ռմբափոսն այժմ ամենից շատ ընդլայնվում է Պարսից ծոցի գոտում։ Շատերն ուշադրություն չդարձրին, բայց ռմբակոծությունների սկզբում պայթեցվեց Հյուսիս-Հարավ ուղղությամբ կապող կամուրջներից մեկը։ Սա Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների միջով Իրանին կապող հիմնական մայրուղիներից մեկն է։ Եթե այս ռմբափոսն ընդլայնվի, և անկայունությունը կլանի Իրանի հյուսիսային տարածաշրջանները, համապատասխանաբար դա առաջ կբերի փախստականների հսկայական հոսք և խնդիրներ։ Եվ Հայաստանը պետք է լուծի այս հարցերը, բայց նա դրա հնարավորությունները չունի։ Մենք հիմա չգիտենք, թե ինչ կլինի մեկ տարի հետո։
– Գևո՛րգ Հարությունովիչ, հետաքրքիր կլիներ իմանալ Ձեր արմատների, Ձեր պապերի և հոր մասին։
– Կասեմ այսպես, հայրական կողմից իմ պապը փախստական էր։ Ջարդից հետո նա տեղափոխվել է Բջնի գյուղ, այնտեղ ընտանիք է կազմել, սկզբում ունեցել է չորս երեխա (տատիկս մահացել է մորաքրոջս ծնելիս), իսկ երկրորդ ամուսնությունից ևս երեքը։ Բոլոր այս յոթ երեխաներից հայրս կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում, ավարտել է մեխմաթը։ Այնուհետև նրան՝ որպես երիտասարդ մասնագետի, հրավիրել են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, և նա պաշտպանել է ատենախոսությունը Բաքվում։ Նա լուրջ բարձունքների է հասել՝ մինչև պրոֆեսորի և ռեկտորի պաշտոններ։
Մորական գծով պապս Կովկասից մինչև Բեռլին հասել է որպես ինքնագնաց հրանոթի հրամանատար։ Նա պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Կարմիր դրոշի շքանշանով, հսկայական թվով պարգևներով։ Երբ ես փոքր էի, խաղում էի այդ պարգևներով՝ Կովկասի ազատագրման, Վարշավայի ազատագրման, Բեռլինի  գրավման համար։ Մի խոսքով, ես այդ ամենը նրա հետ միասին ապրում էի։
– Դուք ճիշտ կրթություն եք ստացել Ձեր ընտանիքում։
– Որովհետև ես Ռուսաստանը համարում եմ իմ պատմական հայրենիքը։ Հայաստանը իմ փոքր հայրենիքն է, իսկ Ռուսաստանը իմ պատմական հայրենիքն է, որովհետև երբ իմ պապն այստեղ արյուն էր թափում, նա չէր ասում «Ես Հայաստանից եմ, այնտեղ պատերազմ չկա, ես այստեղ չեմ կռվի»։ Եվ շատ ռուս սպաներ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ արյուն են թափել Հայաստանի համար և չեն ասել, թե «ահա այստեղ Հայաստանն է, իսկ մենք արյուն ենք թափում»։ Լենինականում պատվո բլուրում հենց այդ ռուս սպաներն են։
– Ինձ համար հետաքրքրիր է Ձեր կարծիքը մամուլի մասին ընդհանրապես, մեր թերթի մասին։ Եվ Ձեր մաղթանքները ընթերցողներին։
– Ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք կբացեմ։ Դա 2007 թվականին էր, երբ ինձ աշխատանքի նշանակեցին Մոսկվայում։ Հունիսն էր՝ դեսպանատուն, որպես տեղեկատվական աշխատանքի պատասխանատու, դա իմ առաջին ուղին էր դեսպանական աշխատանքում։ Եվ երբ ինձ հրահանգներ էին տալիս, թե «երբ թռչես Մոսկվա, դու պետք է աշխատես մամուլի, լրագրողների և այլնի հետ», նրանք ինձ ասացին. «Այնտեղ կա մի թերթ՝ «Նոև Կովչեգ»։ Եթե կարող ես, օգնիր։ Եթե չես կարող, մի՛ խանգարիր»։ Ահա այսպիսի ղեկավար ցուցումներ ունեի։ Մեկ տարի հետո «Նոև Կովչեգը» կդառնա 30 տարեկան, լուրջ տարիք է։ Եվ դուք այս ընթացքում, անցնելով բոլոր դժվարությունների, տնտեսական ճգնաժամերի և այլնի միջով, ապացուցեցիք, որ թերթը կայացած է, հզոր է և տիրապետում է մտավոր ներուժի։
Ես մաղթում եմ Ձեր թերթին բարեկեցություն, բոլոր դժվար պահերի հաղթահարում։ Դրանք միշտ կծագեն։ Եվ առողջություն Ձեզ, Ձեր գլխավորած աշխատակազմին։
Ընթերցողների համար այս թերթը շատ հետաքրքիր և բազմակողմանի է։ Այն արտացոլում է հայ համայնքում, Հայաստանում, արտասահմանում, Ռուսաստանում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ։ Եվ թերթը աշխարհի հայերի զարկերակն է։ Կարդացեք թերթը, բաժանորդագրվեք և հետևեք թերթի նորություններին։ Որովհետև այստեղից կարող եք զգալ հայ ժողովրդի հոգին, զգալ հայկականության այն ոգին, որը շատ կարևոր է այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պահպանենք մեր ինքնությունը։
Շատ շնորհակալություն։
– Շատ շնորհակալություն, Գևո՛րգ Հարությունովիչ։

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում