Փաշինյանը հավասարակշռում է տնտեսական անդունդի վրա
Վերլուծություն«Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եկատերինբուրգ կատարած այցը հակասական արձագանքներ է առաջացրել ԶԼՄ-ներում և փորձագիտական- վերլուծական հանրության շրջանում։
Նրա այցը հաջորդեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ վերջերս Երևանում կայացած բանակցություններին, որը խոստացավ շատ ավելի քիչ, քան սպասվում էր և հարկավոր էր Հայաստանին: Ընդ որում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, հնչել են միայն հայտարարություններ համագործակցության հեռանկարների մասին։
Բացի դրանից, իր ուղևորությունից առաջ Փաշինյանը հասցրեց կարգադրություն անել ռուսամետ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերությունները փակելու մասին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է խորհրդարանական ընտրությունների ավարտից երկու օր անց՝ հունիսի 9-ին, երբ նա հայտարարեց, որ իր կուսակցությանը հաշվախաբ են արել (սխալ հաշվելով պակաս ձայներ են տվել)՝ խորհրդարանում «գրպանային» ընդդիմություն լինելուց իր հրաժարվելու համար։ Բանն այն է, որ Ծառուկյանի հրաժարվելուց հետո ԿԸՀ-ն սրբագրել է կուսակցության ստացած ձայների քանակն այնպես, որպեսզի նա չկարողանա հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 4 %-ի շեմը։
Եկատերինբուրգ կատարելու իր այցի առավոտյան Փաշինյանը կարգադրություն հրապարակեց Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի գործունեությունը դադարեցնելու մասին: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ մտնող ընկերություններում, ինչպես նաև դրանց տնօրենների բնակարաններում և հենց Ծառուկյանի տանը անցկացվեցին լայնածավալ խուզարկություններ (ընդհուպ նրա անձնական կենդանաբանական այգում): Հանրապետության քննչական կոմիտեն հաստատեց, որ խուզարկությունները միաժամանակ անցկացվում են Ծառուկյանի և նրա ընկերությունների հետ փոխկապակցված ավելի քան 70 հասցեներում: Միևնույն ժամանակ հետաքննության մեջ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ իր կուսակցության ընդհանուր առմամբ 760 անդամներ տարբեր պատրվակներով ենթարկվել են բռնաճնշումների:
Ծառուկյանի վրա հարձակումը Փաշինյանի ՌԴ այցի օրը հազիվ թե կարելի է պատահականություն համարել։ Հայ վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով վարչապետը հույս է տածում «բարելավել իր բանակցային դիրքերը»։ Նրանց կարծիքով՝ «Փաշինյանը որոշել է Ծառուկյանին պատանդ վերցնել Ռուսաստանի հետ սակարկելու համար», օրինակ՝ հայկական արտադրանքի համար ռուսական շուկան բացելու դիմաց։
Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը բացեց երկու նապաստակի հետապնդելու նոր քաղաքական սեզոնը Ուրալ կատարած ակնթարթային այցով (նա մեկնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից անմիջապես հետո)։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի վարչապետը երկակի խաղ է խաղում։ Ըստ երևույթին, նա ցանկացավ կրկնել այն խորամանկ զուգակցությունը, երբ Երևանում կազմակերպեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը և գրեթե միաժամանակ մեկնեց Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման։
Սակայն այս անգամ Կրեմլը նրան ընտրություններից հետո չարժանացրեց բարձր մակարդակի հանդիպման, որը Փաշինյանը խոստացել էր իր ընտրողներին։ Պուտինի հետ հանդիպման հասնել նրան այդպես էլ չհաջողվեց, ավելին՝ ՌԴ նախագահը նույնիսկ չշնորհավորեց նրան հաղթանակի կապակցությամբ։ Նա ստիպված եղավ հանդիպում ձեռք բերել վարչապետ Միշուստինի հետ, ինչի մասին Փաշինյանը հրապարակավ խոստովանեց։
Հայաստանի վարչապետը հաշտվեց բանակցությունների կարգավիճակի իջեցման հետ։ Բանն այն է, որ Հայաստանում վարչապետը պետության փաստացի ղեկավարն է, իսկ Ռուսաստանում պետության ղեկավարը նախագահն է։ Վ. Վ. Պուտինը բավական հաճախ է հանդիպել Ն. Վ. Փաշինյանի հետ։ 2018 թվականից ի վեր Հայաստանի վարչապետը 32 անգամ այցելել է Ռուսաստան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների համար, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի գագաթաժողովներին մասնակցելու, ինչպես նաև միջազգային ֆորումներին մասնակցելու համար։ Միայն 2024-2026 թվականներին Փաշինյանը յոթ անգամ այցելել է Ռուսաստան, որտեղ քննարկվել են տնտեսական և ինտեգրացիոն փոխազդեցության, էներգետիկայի, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի, հայկական ատոմակայանի աշխատանքի, տարածաշրջանային օրակարգի և ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Գրեթե միշտ նա հանդիպել է և հարցեր քննարկել Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի հետ։
Մոսկվան այժմ իջեցրել է իր ներկայացուցչության մակարդակը (օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է միայն ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտի պետի տեղակալը)՝ ցույց տալով իր դիրքորոշումը Երևանի ներկայիս քաղաքականության նկատմամբ։ Անտեսելով իր նկատմամբ փոխված վերաբերմունքը՝ Փաշինյանն այնուամենայնիվ որոշեց ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը կատարել հենց Ռուսաստան, քանի որ այցի գործնական նշանակությունը Երևանի համար դիվանագիտական էթիկետից ավելի կարևոր էր։
Մասնագետներն այս ուղևորության մեջ տեսնում են Հայաստանի փորձը՝ հավասարակշռություն գտնելու եվրոպական խոստումների և իրական տնտեսական կորուստների միջև։
Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է դժվար իրավիճակում։ Նա փորձեց հանրությանը վաճառել արագ շրջադարձի պատրանքը։ Ընտրությունների նախօրեին Փաշինյանը հայ գյուղացիներին խոստացավ քվեարկությունից անմիջապես հետո լուծել Ռուսաստան տարբեր գյուղատնտեսական արտադրանքների մատակարարման հարցը։ Իբր՝ հիմա մի քիչ դիմանանք, հետո ամեն ինչ կփոխարինենք։ Նա ասում էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը ժամանակավոր բնույթ է կրում, և երբ ինքը վերընտրվի, դրանք կվերականգնվեն։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ռուսաստանի շուկան չբացվեց, իսկ այն հնարավոր չէ փոխարինել մի սեզոնի ընթացքում։ Դրամական փոխանցումները չեն կարող փոխարինվել հայտարարագրերով։ Գազը ընդունելի գնով չի կարող փոխարինվել քաղաքական ծափահարություններով։
Փաշինյանը համոզում էր քաղաքացիներին, թե եվրոպական շուկաներ մուտք գործելը կփոխհատուցի Ռուսաստանից կտրվելու հետևանքով առաջացած կորուստները։ Սակայն առայժմ այս խոստումները չեն ամրագրվել իրական պայմանագրերով կամ ֆինանսներով։ Ի տարբերություն ԵԱՏՄ-ի՝ Եվրոպական միությունն առաջարկում է աջակցության բարդ ու բյուրոկրատական սխեմաներ, իսկ Եվրասիական միությունում կանոններն ավելի թափանցիկ են, և գործընկերի շուկաներ մուտք գործելը կոնկրետ օգուտներ է բերում հայ արտադրողներին։
Եթե նույնիսկ Բրյուսելը իսկապես բացի իր հարթակները հայ արտադրողների համար, ապա, որպեսզի հայկական արտադրանքը իսկապես հայտնվի եվրոպական խանութներում, պետք է անցնի հավաստագրում, համապատասխանի որակի խիստ չափանիշներին, գտնի գնորդների, կնքի երկարաժամկետ պայմանագրեր և ապահովի կայուն լոգիստիկա: Իսկ երբ այս ամենը կատարվի, եվրոպացի ֆերմերները կստիպեն իրենց երկրների կառավարություններին դադարեցնել մրցակիցների մուտքը, ինչպես դա եղավ ուկրաինական արտադրանքի հետ:
Բացի դրանից, ԵՄ այս մատակարարումների ծավալը անհամեմատելի կլինի Ռուսաստան արտահանման նախկին մակարդակի հետ, որը մնում է Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերը: Ռուսաստանը տասնամյակներով մնացել է Հայաստանի վաճառքի հիմնական շուկան՝ շնորհիվ արդեն գոյություն ունեցող լոգիստիկ երթուղիների, ԵԱՏՄ-ի միասնական տեխնիկական պահանջների և կայուն գործարար կապերի: Նման համակարգը կարճ ժամանակում վերակառուցելը անհնար է:
Ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները՝ որպես օրինակ բերելով Ուկրաինային ու Մոլդովային: Եվրոպական երկրները, չնայած պատժամիջոցների մասին բարձրագոչ հայտարարություններին, իրենք առաջվա պես գնում են ռուսական էներգակիրները երրորդ երկրների միջոցով: Ըստ էության, Հայաստանին առաջարկում են նույն հումքը գնել եռակի թանկ, բայց՝ «ոչ ռուսական» նշագրմամբ՝ պաշտոնապես հակառուսական հռետորաբանությանը համապատասխանելու համար:
Բացի դրանից, հայկական ատոմակայանը գործում է ռուսական տեխնոլոգիաներյով, օգտագործում է ռուսական միջուկային վառելիքը և սպասարկվում է ռուս մասնագետների կողմից։ Նման համակարգը փոխելը հնարավոր չէ մեկ քաղաքական որոշմամբ. դրա համար կպահանջվեն տարիներ և միլիարդավոր դոլարների ներդրումներ։
Այս համատեքստում փորձագետների կարծիքով, Եկատերինբուրգում բանակցությունների գլխավոր թեման ռուսական շուկան էր, էներգետիկան և Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում։ Ընդ որում, ինչպես նշում են դիտորդները, ոչ ոք նույնիսկ չակնարկեց Հայաստանի ինտեգրացիոն վեկտորի ընտրության առիթով ԵԱՏՄ-ի անդամների կողմից նրան ներկայացված վերջնագիրը չեղյալ հայտարարելու մասին։ Ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի մյուս անդամները չեն պատրաստվում հովանավորել Հայաստանի շարժը դեպի Եվրոպա։
Հայաստանի վարչապետի գլխավոր խնդիրը, հավանաբար, հայկական կապիտալը ռուսական շուկա վերադարձնելն ու լիարժեք առևտուրը վերականգնելն էր։ Այսպիսի շտապողականությունը, ըստ երևույթին, կապված է այն բանի հետ, որ Եվրամիության կողմից ֆինանսական աջակցության հույսերն իրենց չարդարացրին։
Պարադոքսն այն է, որ իշխանամետ քարոզչությունն արդեն ութ տարի է, ինչ պատմում է իր քաղաքացիներին, թե ինչպես է Ռուսաստանը չարիք նյութում Հայաստանի դեմ, և գովաբանում է եվրաինտեգրումը։ Միաժամանակ Փաշինյանն իր ժողովրդականությունը, հատկապես գյուղական շրջաններում, ապահովում է այն տնտեսական առավելությունների հաշվին, որը տրամադրում է Ռուսաստանը։
Քաղաքագետները համամիտ են, որ Մոսկվան չափազանց շատ ռեսուրսներ է ներդրել Հայաստանի տնտեսության մեջ, որպեսզի պարզապես աչք փակի համատեղ ձեռնարկությունների ազգայնացման փորձերի վրա։ Խոսքը երկաթուղիների, առևտրային նախագծերի և Հյուսիս-Հարավ ռազմավարական տրանսպորտային միջանցքի մասին է։ Ռուսաստանը լիակատար իրավունք ունի պաշտպանելու իր ներդրումները։ Եթե Երևանը որոշի վերջնականապես խզել հարաբերությունները, ապա հարկ կլինի արծարծել փոխհատուցման հարցը։ Հայաստանի ղեկավարությունը, հավատարմություն ցուցաբերելով Արևմուտքին, ռիսկի է դիմում կորցնելու այն արտոնությունները, որոնք ստացել է գրեթե անվճար։
Բանակցությունները Եկատերինբուրգում ընթացել են պաշտոնական դիվանագիտական քաղաքավարության ոճով։ «ԵԱՏՄ արդյունաբերական շղթաների զարգացում» «շրջահոսելի» ձևակերպման տակ թաքնված էր կոշտ ու պրագմատիկ սակարկություն տնտեսական առանցքային չորս ոլորտների շուրջ. անհիմն առևտրային սահմանափակումներից հրաժարում (Երևանի մեկնաբանության մեջ), ռուսական ընկերությունների շահերի պաշտպանություն Հայաստանում (Մոսկվայի մեկնաբանության մեջ), ռուսական գազի մատակարարումների արժեքը 2027 թվականին, ինչպես նաև էներգետիկ նախագծերի հետ կապված հարցերի լուծում, այդ թվում՝ «Ռոսատոմի» հնարավոր մասնակցությունը նոր էներգաբլոկների շինարարության մեջ։
Դատելով ըստ ամենայնի՝ Եկատերինբուրգ այցից հետո Փաշինյանը ստիպված կլինի փոխզիջում փնտրել արևմտյան գործընկերների առջև իր պարտավորությունների և Ռուսաստանի հետ համագործակցությունից Հայաստանի տնտեսության օբյեկտիվ կախվածության միջև։
Ալեքսանդր Անանև, ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական
Լուսանկարում՝
Պուտինի հետ հանդիպման հասնել Փաշինյանին չհաջողվեց, ավելին՝ ՌԴ նախագահը նրան նույնիսկ չշնորհավորեց հաղթանակի կապակցությամբ։ Ստիպված եղավ հանդիպում ձեռք բերել վարչապետ Միշուստինի հետ Եկատերինբուրգում։
Նոեվ Կովչեգ

