Հայերը «Գինեսի ռեկորդների գրքում»

Վերլուծություն

«Գինեսի ռեկորդների գիրքը» համաշխարհային ռեկորդների ժողովածու է, որը տպագրվում է ամեն տարի: Գրքում ընդգրկվում են ինչպես մարդկային նվաճումները, այնպես էլ բնության վիթխարի, զարմանահրաշ երևույթները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին իռլանդական «Գիննեսս» (Guinness) գարեջրագործական ընկերության պատվերով: «Գինեսի ռեկորդների գիրքը» հրատարակվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ ավելի քան քսան լեզուներով: Այսօրվա դրութամբ «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցված են Հայաստանից 87 ռեկորդ և արտասահմանյան երկրների հայերի երկու տասնյակից ավելի ռեկորդ:

ՅՈՒՍՈՒՖ ՔԱՐՇ

Յուսուֆ (Հովսեփ) Քարշը ծնվել է 1908 թվականին հայկական ընտանիքում: Նրա հայրենի Մարդան քաղաքը գտնվում էր Օսմանյան կայսրության (այժմ՝ Թուրքիա) արևելյան մասում: Հայոց ցեղասպանության ժամանակ Քարշի ընտանիքը ստիպված է եղել լքել հայրենի տունը և փախչել Սիրիա՝ Հալեպ քաղաք: Քարշն ինքն է գրել այն մասին, որ իր աչքերով է տեսել, թե ինչպես են մեռնում իր ազգականները, և թե ինչպես մահացավ իր քույրը  սովից, երբ իրենց հալածում էին և դուրս քշում մի գյուղից մյուսը:

16 տարեկանում Յուսուֆի ծնողները նրան ուղարկեցին ապրելու քեռու մոտ, որը Շերբուրգում (Կանադա) անբասիր հեղինակությամբ հայտնի լուսանկարիչ էր։ 1931 թվականին Քարշը Օտտավայում սկսեց իր գործունեությունը սեփական ստուդիայում՝ համագործակցելով լուսանկարիչ Ջոն Փաուլսի հետ։ Երբ վերջինս 1933 թվականին անցավ թոշակի, Քարշը ստանձնեց ստուդիայի ղեկավարությունը։

Այդ ժամանակ Կանադայի վարչապետ Մաքքենզի Քինգը ուշադրություն դարձրեց լուսանկարչի վրա և նրա համար կազմակերպեց բարձրաստիճան հյուրերի հետ ծանոթություն՝ նրանց դիմանկարները լուսանկարելու համար։ Քարշի ստեղծագործությունը գրավել է բազմաթիվ հայտնի անձանց ուշադրությունը, բայց իսկական փառքը եկավ 1941 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ նրան վիճակվեց լուսանկարել Ուինսթոն Չերչիլին Կանադայի Համայնքների պալատում նրա ելույթից հետո։

Չերչիլը վառեց սիգարը՝ անտեսելով ծխացող ծխախոտը մի կողմ թողնելու Քարշի խնդրանքը։ Լուսանկարիչը ներողություն մրմնջաց, խլեց սիգարը Մեծ Բրիտանիայի վարչապետից և նետվեց դեպի լուսանկարչական խցիկը։ Լուսանկարիչը հիշում է. «Մինչև ես վերադարձա խցիկի մոտ, նա այնքան մարտական տեսք ուներ, որ հավանաբար պատրաստ էր ոչնչացնել ինձ։ Այդ պահին ես լուսանկարեցի»։ Հենց այս լուսանկարը Քարշին համաշխարհային ճանաչում բերեց, զարդարեց “Life” (լայֆ՝ կյանք) ամսագրի շապիկը և դարձավ «բրիտանական բուլդոգի» ամենահայտնի դիմանկարը։ 2016 թվականին Քարշի լուսանկարած Չերչիլի դիմանկարը նույնիսկ զետեղվեց Մեծ Բրիտանիայի նոր հինգֆունտանոց թղթադրամի երեսին։

Յուսուֆ Քարշը «Գինեսի ռեկորդների գրքում» նշանավորվել է որպես դիմանկարային լուսանկարչության ամենաերևելի վարպետը։

«Ով ով է» միջազգային տեղեկատուում գրանցված XX դարի 100 ամենաազդեցիկ դեմքերից Քարշը լուսանկարել է 51-ին։

2002 թվականի հուլիսի 13-ին Յուսուֆ Քարշը մահացավ Բոստոնում 93 տարեկան հասակում։

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1977) Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականին Երևանում՝ թիֆլիսցի հայերի ընտանիքում։ Նա իր հորը չի ճանաչել, նա լքել էր ընտանիքը, երբ որդին ընդամենը մեկ ամսական էր։ Արմենին մեծացրել են մայրն ու խորթ հայրը։ Հետագայում դերասանն ասել է, որ մորից ժառանգել է նրա ոգու տոկունությունը, հումորի զգացումը, որը փրկել է իրեն ամենաբարդ իրավիճակներում, և թատրոնի նկատմամբ սերը։ Մանկուց նա մոր հետ գնում էր ներկայացումների և հաստատապես որոշում է դառնալ դերասան։ Դպրոցն ավարտելուց հետո Արմենը փորձել է ընդունվել Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտ (ГИТИС – Государственный институт театрального искусства), բայց չի ընդունվել իր ուժեղ առոգանության պատճառով։

Այս առաջին անհաջողությունը նրան հետ չպահեց։ Վերադառնալով Երևան՝ Ջիգարխանյանն աշխատանքի անցավ կինոստուդիայում՝ որպես օպերատորի օգնական, իսկ մեկ տարի անց ընդունվեց Երևանի թատերական ինստիտուտ։ Դեռևս առաջին կուրսում նա սկսեց հանդես գալ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի բեմում, որին նվիրեց իր կյանքի 12 տարին։ 1960-ական թվականների վերջին հայտնի ռեժիսոր Անատոլի Էֆրոսը նրան հրավիրեց Մոսկվայի լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի թատերախումբ։ Երկու տարի անց դերասանը տեղափոխվեց Մայակովսկու անվան թատրոն, որտեղ աշխատեց մինչև 1990-ական թվականների կեսերը։

Նրա կինոդեբյուտը տեղի ունեցավ 1959 թվականին։ Այդ ժամանակվանից սկսած՝ Արմեն Ջիգարխանյանն ամեն տարի նկարահանվել է մի քանի նախագծերում, որոնցից շատերը դարձել են խորհրդային կինոյի դասական գործեր. «Անորսալիների նոր արկածները» (1968), «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» (1975), «Պարտիզպանի շունը» (1977), «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (1979) և շատ ուրիշներ։ Միայն 1980-ականներին Ջիգարխանյանը նկարահանվել է 50 ֆիլմում, այդ թվում՝ «Թեհրան-43» (1980), «Կար-չկար մի շուն» (1982)...

Իսկ երբ նրա ֆիլմադարանում հավաքվեց ավելի քան 250 աշխատանք, Արմեն Ջիգարխանյանն իր տեղը գտավ «Գինեսի ռեկորդների գրքում»՝ որպես ամենաշատը նկարահանված ռուսաստանցի դերասան։ Նրա դերասանական գանձարանում 300-ից ավել դերեր կան։ Դրանց թվում են «Դերիբասովսկայայում լավ եղանակ է, կամ Բրայթոն բիչում կրկին անձրևում է» (1992), «Շիրլի-միրլի» (1995) և «Բանդիտական Պետերբուրգ» (2000–2007) ֆիլմերը։

Արմեն Ջիգարխանյանը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 14-ին Մոսկվայում։ Նա թաղված է Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր՝ Ելենայի կողքին։

ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ

ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր (1977), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1986), կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը լույս աշխարհ է եկել 1931 թվականի օգոստոսի 15-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)՝ հայկական ընտանիքում: Վեց տարեկանում ծնողները նրան տարան Թբիլիսիի կոնսերվատորիային առընթեր երաժշտական ​​դպրոց: Ութ տարեկանում նա արդեն գրել էր մի քանի դաշնամուրային պիես, իսկ տասը տարեկանում մի ամբողջ սիմֆոնիա: 1950-ական թվականներին Թարիվերդիևը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ սովորում է կոնսերվատորիայում և գրում երաժշտություն կինոյի համար:

Միքայել Թարիվերդիևը շշմեցուցիչ ժողովրդականություն վայելեց 1973 թվականին՝ «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի երաժշտությունը գրելուց հետո։ 1975 թվականին էկրան բարձրացավ «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը, որում նույնպես հնչում է Թարիվերդիևի երաժշտությունը։ Ընդհանուր առմամբ կոմպոզիտորը երաժշտություն է գրել ավելի քան 130 ֆիլմերի համար, որոնց թվում՝ «Ռեզիդենտի սխալը» (1968) և այդ շարքի այլ ֆիլմերը, «Եղջերու արքան» (1968), «Կորած արշավախումբը» (1975) և ուրիշներ։

Կոմպոզիտորներից առաջինը Միքայել Թարիվերդիևը դիմեց Մարիա Ցվետաևայի, Բելլա Ախմադուլինայի, Անդրեյ Վոզնեսենսկու, Եվգենի Եվտուշենկոյի պոեզիային։

Մեծ կոմպոզիտորը վախճանվեց 1996 թվականի հուլիսի 5-ին Սոչիում, թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

2002 թվականին Միքայել Թարիվերդիևը հետմահու գրանցվեց «Գինեսի ռեկորդների գրքում»՝ որպես կինոերաժշտություն գրելու համար ամենամեծ քանակով մրցանակների տեր։

ՏԱԹԵՎԻ ԹԵՎԵՐ

«Գինեսի ռեկորդների գրքում» գրանցված է նաև «Տաթևի թևեր»-ը՝ աշխարհում ամենաերկար ռեվերսային (հետադարձելի, դարձափոխովի) օդային ճոպանուղին: Ճոպանուղին կապում է Սյունիքի Գորիսի շրջանի Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ: Ճոպանուղու խցիկից բացվում է հոգեցունց տեսարան Որոտան գետի վրա:

2023 թվականի դեկտեմբերին Դուբայում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենախոշոր քաղաքում, “World Travel Awards” («Համաշխարհային ճանապարհորդական մրցանակներ») մրցանակի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում արդեն երկրորդ անգամ հաղթեց «Տաթևի թևեր» ճոպանուղին: Հեղինակավոր մրցանակը շնորհեցին Դավիթ Վարդանյանին՝ «Թևերի» նախագծի հիմնադիր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական ​​նախարար, 2026 թվականի փետրվարին Բաքվի ռազմական դատարանի կողմից անհիմն կերպով 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի որդուն։

Ի դեպ, «Տաթևի թևերը» ոչ առևտրային նախագիծ է, որի ողջ հասույթը տրամադրվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղական համայնքի զարգացմանը։

 

Էջը պատրաստել են Մարինա և Համլետ Միրզոյանները

 

Լուսանկարում՝

Յուսուֆ Քարշ. «Ուինսթոն Չերչիլի դիմանկարը՝ Մռնչացող առյուծը», 30.12.1941 թ., Կանադայի արխիվի գրադարան

Նոեվ Կովչեգ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում