«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ,ԿՌՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՀասարակությունIravunk. com -ը շարունակում է անդրադառնալ մեր անմահ Հերոսներին, ովքեր անձնուրաց պայքարեցին նենգ թշնամու դեմ, իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր սուրբ հայրենիքը, մեզ բոլորիս, 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ։ Նրանցից մեկն էլ ԱՐՍԵՆ ԳԵՐԱՍԻՄԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ էր, հուլիսի 30֊ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 26 տարեկան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, բախտակից ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը տիկին ՆԱՐԻՆԵՆ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. ֊«Արսենս լույս աշխարհ է եկել 2000 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի համար 163 դպրոցում, մինչև երրորդ դասարանը, ապա ուսումը շարունակեց Կոտայքի մարզի Հացավանի դպրոցում։ Չնայած մեր ընտանիքը բնակություն հաստատեց ՌԴ ֊ում, բայց հայրենիքի հանդեպ սերը թանկագին զավակիս վերադարձրեց Հայաստան։ Արսենս շատ էր սիրում երգել ու կատարել հատկապես «Պատիվ ունեմ» երգը։ 2019֊ի հունվարի 12֊ին զորակոչվեց Հայոց բանակ, դառնալով Մատաղիսի արծիվներից մեկը։ Ծառայության ժամանակ բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շքանշաններով, եղել է վաշտի ավագ։ Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Արսենը իր մյուս զինակից ընկերների հետ հանձն առավ հայրենիքի պաշտպանության խնդիրը։ Միևնույն է, ինչ էլ լինի, երբեք չենք կարող համակերպվել այս դաժան իրողության հետ»։ Արսեն Նիկողոսյանը մարտական գործողությունների է մասնակցել Մատաղիսի, Մարտակերտի շրջանում։ Եղել է արժանապատիվ զինվոր։ Ցուցաբերած արիության համար արժանացել է լեյտենանտի կոչման։ Սակայն, սա չէր նրա իսկական կոչումը, այլ Հայրենիքի հերոս։ Անվախ, անպարտ ու քաջ հրամանատար, ով կռվեց 17 օր շարունակ, ոչնչացրեց թշնամու մեծաքանակ զինվորների ու ընկավ... Չլքելով իրեն վստահված մարտական դիրքը Մարտակերտի կարևոր բարձունքներից մեկը, պայքարեց մինչև վերջին շունչը ու քաջաբար զոհվեց հոկտեմբերի 13֊ին, գրպանում կորսված դիրքից մի բուռ հող, կրկին վերադառնալու հաստատակամության խորհրդանիշ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Արիության» մեդալներով, «Մեծն Տիգրան» շքանշանով, «6֊րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալով»։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

