«Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը․ Բեթղեհեմ Արաբյան
Հետևաբար, ՀՌՀ-ն գտել է, որ խախտվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, ըստ որի՝ թողարկման ընթացքում մեկ թեմայի լուսաբանմանը հատկացվել է օրենքով սահմանված 25 տոկոսի առավելագույն շեմը գերազանցող ժամանակ։
Որպես «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն ծանուցվել եմ նիստի վերաբերյալ, ներկայացել եմ և հայտնել իմ անհամաձայնությունը։ Մասնավորապես, նշել եմ, որ պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա կամ մեկ լուր։ Այն, որ, օրինակ, իքս ձեռնարկությունը փակվել է, կապարակնքվել է, կամ իքս ձեռնարկությունում վարույթ իրականացնող մարմինը գործողություն է իրականացնում, մեկ լուր չէ։ «Մուլտի ուելնես»-ի փակման լուրը, որպեսզի հաճախորդը չգնա, օրինակ, մարզվելու, Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուր չեմ համարում։
Միաժամանակ բարձրաձայնել եմ նաև այս մոտեցման ռիսկայնությունը։ Եթե, օրինակ, ՀՌՀ նկատի, որ իքս հեռուստաընկերությունը մեկ լրատվական թողարկմամբ լուսաբանի կառավարության վեց տարբեր նախարարությունների գործունեությունը, որոնք ունեն տարբեր լիազորություններ և պատասխանատվության ոլորտներ, (ինչպես ՄԳ կոնցեռն-ի տարբեր ձեռնարկություններ) արդյո՞ք այդ դեպքում դրանք նույնպես կհամարվեն մեկ թեմա՝ կառավարության գործունեություն։ Կամ եթե ՀՀ չորս մարզում գրանցվեն ավտովթարներ, հիմա դա մե՞կ թեմա է։ Ի դեպ, «Էպիկենտրոն»-ի թողարկումը բխել է իրականացվող գործողություններից։ Նշված օրերին «Էպիկենտրոն»-ը պլանավորված ոչինչ չի ունեցել ԲՀԿ ղեկավարին լուսաբանելու վերաբերյալ, հետևաբար լուսաբանվել է ըստ պետական մարմինների գործողությունների։
Յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքորոշմանը։
ՀՌՀ-ն միաձայն ընդունեց վարչական ակտը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը։
Շնորհակալ եմ գործընկերներիս ուշադրության և թեմային անդրադառնալու համար»։

