Այս համագործակցության ամենախայտառակ կերպարները երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդներն են. Աննա Աբրահամյան
Ներքաղաքական«Լուրջ» բառն ու «խորհրդարանական ընդդիմություն» արտահայտությունը 5 տարի է` ինչ Հայաստանում օքսիմորոն է
Այլեւս ձեւավորված Ազգային Ժողովը կարծես մտել է իր բնականոն հունի մեջ, սակայն մինչ այս պահը չի հնչել խնդիրներին վերաբերող հստակ հարց ու պատասխան: Փոխարենը կրկին փոխադարձ մեղադրանքներ, արդարացումներ եւ ոչինչ չասող գոռգռոցներ, որոնք քաղաքացին տեսել է նախորդ 5 տարիների ընթացքում: Ո՞ւր ենք գնում այս տեմպերով ու մինչեւ երբ: «Իրավունք»-ի հարցերին պատասխանել է միջազգայնագետ-քաղաքագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻԸ:
ԱՆՈՂՆԱՇԱՐ ՄԱՐԻՈՆԵՏՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ Է, ԲԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՉԷ
—Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս Ազգային ժողովը:
—Այն, ինչ ստացանք 2026թ-ի հունիսի 7–ի լույս 8-ի գիշերը հանձին հերթական իշխանազավթման` թուրքանշանակյալի կողմից, ամեն ինչ է, բացի Ազգային ժողովից: Խայտառակություն է: Թուրքական օկուպացիայի առհավատչյա է: Անողնաշար մարիոնետների թատրոն է, բայց Ազգային ժողով չէ: Ընտրությունները կեղծվեցին, ձայների վերջական և օրինական հաշվարկ չեղավ: Ձայների 10 տոկոսը հազիվ հաշվված` երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը դուրս եկավ ու հայտարարեց, որ ինքն է վարչապետը: «Կամ ե'ս կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի' ունենա» թուրքական դրածոյի բանաձևը շարունակում է երկրում բացառապես միակենտրոն օրակարգ պարտադրել` համեմված հլու–հնազանդ ու նույնքան ապօրինի ընդդիմադիր մանդատակիրների կոմպոնենտով: Նա ձևացնում է, որ իշխանություն է, սրանք ձևացնում են, որ ընդդիմություն են: Տվյալ կարգավիճակում` անարգանք կլիներ մեր հայրենակիցների հանդեպ անվանել այս երկուսից որևէ մեկին որպես մեր ազգին հավուր պատշաճի ներկայացնող պատգամավորներ:
ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՆՇՈՒՅԼ ԱՆԳԱՄ ՉԿԱ
—Ի՞նչ լուրջ քայլեր ու որոշումներ սպասել ներկայիս խորհրդարանական ընդդիմությունից:
— «Լուրջ» բառն ու «խորհրդարանական ընդդիմություն» արտահայտությունը հինգ տարի է ինչ Հայաստանում օքսիմորոն է: Իմպիչմենտից թռածները, վիճակագրորեն մեծամասնություն կազմող հայրենասեր ընտրողներից մանդատ ստանալու համար` նախընտրական արշավին երգեցին հայկական հայրենասիրական օրակարգին հատուկ երգեր, իսկ բուն ընտրահաշվարկի գիշերը իրենց ստացած այդ հայրենասեր քաղաքացիների ձայները մատնեցին թրքանշանակյալի դիրիժորի փայտիկի քմահաճույքին:
Ու ցայսօր այդ կարգավիճակում էլ հենց պահում են: Հեզիկ–նազիկ գնում են նիստերին, իրենց պահում են «կառուցողականի» մեջ, իրար դիմում են պարոն–տիկինով, մանդատագողի հետ իրենց պահում են հավասարը հավասարի պես: Բոլոր հանձնաժողովի նախագահներ ու փոխնախագահներ ընտրելու գործընթացներում միանգամայն աշխատանքային պրոցեսի մեջ են ներգրավված: Որևէ կերպ չեն կատարում միանգամայն լեգիտիմ քայլեր, որոնցով քաղաքական ճգնաժամ կստեղծվեր ու ԱԺ–ը չէր համարվի գումարված: Ընտրությունների գիշերը, երբ իշխանազավթող ավարան ողջ ընդդիմությանը բաց տեքստով պատերազմ հայտարարեց` փաստորեն, միայն Գագիկ Ծառուկյանն այնքան տղամարդ գտնվեց, որ ավարայի հետ գործարքի չգնաց: Մյուս երկուսը հանգիստ ընդունեցին այն, որ ձայները չեն վերահաշվարկվելու, որ այդպես էլ չենք իմանալու իրապես որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել, ՔՊ–ի հետ, նաև ԲՀԿ–ից գողացված ձայների հաշվին, մանդատները մեջ-մեջ արեցին ու անմիջապես անցան ժողովրդի ականջներին «լապշա» կախելու իրենց սովորական գործին:
Մոտ երկու ամիս, բոլորիս համոզում էին, որ կարևոր է, մանդատները վերցնելը: Նախընտրականի ժամանակ «Ինձ հետ միայն հաղթանակից խոսեք, Պլան Բ–ից հարցեր մի տվեք, թե չէ նեղանում եմ» էմոցիոնալ պատասխաններ աջ ու ձախ տվող Սամվել Կարապետյանը սկսեց հետընտրական մանդատավազքի ժամանակ պնդել, որ միայն «ինչ-որ էմոցիոնալ մեկեր» են դեմ մանդատները վերցնելուն, և դրանք կազմում են ընտրողների 40 տոկոսը: Իհարկե, նա վիճակագրական հարցում անելու ուղղությամբ չէր հոգնել` նման թիվ օդ կրակելուց առաջ, պարզապես ինչ–որ մարդկանց բերել լցրել էր Տաշիր արենա, փակ դռների ետևում բաներ էր հայտարարել այդ մարդկանց ու հետո դուրս էր եկել ու այդպիսի թիվ նկարել` չմոռանալով պիտակավորել այն ընտրողին, ում ընդամենը երկու ամիս առաջ փայփայում էր, հետը զրուցում էր, կարծիքն ու գնահատականն էր հարցնում:
Ինչևէ, «60 տոկոս»–անոց կնիքով մանդատը ստանալու հիմանական արդարացումն այն էր, որ պետք է վերցնել մանդատները, ներկա գտնվել առաջին նիստին և ապա չգնալ այդ նիստերին ու ստեղծել քաղաքական ճգնաժամ: Իսկ հիմա տեսնում ենք, որ խելոք-խելոք գնում են, նիստերին հանգիստ նստում են, ինչ-որ փոքրիկ կրքոտ արարների մեծ արանքներում սահուն իրար հետ աշխատում են ու իրար են լեգիտիմացնում: Ոչ մի քաղաքական ճգնաժամի նշույլ անգամ չկա: Ու այնպես չէ, որ չեն կարող այս ընթացքում այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի ԱԺ–ն գումարված չհամարվի: Այդ իսկ պատճառով էլ, այն ինչ կատարվում է ներկայիս ԱԺ–ում` երկու ոչ լեգիտիմ ուժերի միջև, ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքների, գերակա ազգային անվտանգության շահի, ՀՀ քաղաքացիների` Սահմանադրությամբ սահմանված բարօրության ու ֆիզիկական անվտանգության լուռ, պայմանավորված համագործակցություն է: Ընդ որում, այս համագործակցության ամենախայտառակ կերպարները երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդներն են, որոնց թվում է, թե Գագիկ Ծառուկյանին փուռը տալով` իրենք իրենց ազատել են նույն ճակատագրից: Այս տեմպերով եթե շարունակեն` իրենք էլ խցերում են հայտնվելու, դառնալու են ունեզրկված, իսկ դրան զուգահեռ` կսաստկանա տարատեսակ գեոքաղաքական խոշոր ակտորների շարժը դեպի Հայաստան, բնականաբար, ավարի տիրանալու նկրտումներով: Որովհտև կապիտուլացված ու պարտվածի հետ միայն այդպես են վարվում:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՊԵՍ ՏԱՍ ՏԱԿ ԾԱԼԾԼՎՈՂԻՆ ԱՅՍ ԿՈՂՄ ԲԵՐՈՂԸ ՉՊԵՏՔ Է, ՈՐ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆԱ ՄԻ ՔԱՆԻ ԼԻԼՈՒ ԵՎ ԼՈՒԼՈՒ ԳԱՅԹԱԿՂԵԼՈՒ
—Ընդդիմությունը խոստացել է, որ « կնոպկա» սեղմելով կարող է Նիկոլ Փաշինյանին հեռացնել: Ինչպե՞ս եք դա պատկերացնում և արդյոք դա հնարավոր է:
—Իհարկե հնարավոր է: Մի՛շտ է հնարավոր եղել, և հիմա՛ էլ հնարավոր է: Այլ հարց է` կա՞ նման քայլ կատարելու կամք: Քանի կար` ասում էին իմպիչմենտ հնարավոր չէ, չենք կարող հավելյալ 18 ՔՊ–ական այս կողմ բերել: Չնայած Աննա Գրիգորյանի պես տաս տակ ծալծլվողին այս կողմ բերողը չպետք է, որ խնդիր ունենա մի քանի Լիլու և Լուլու գայթակղելու: Հիմա, շնորհիվ ընդդիմադիր ընտրողների գերակայության` 18–ի փոխարեն 8 ուսապարկ է անհրաժեշտ: Այդ ուսապարկերին կարելի է այս կողմ բերել միմիայն փողոց–ընդդիմություն միասնական, ռեալ ճնշմամբ: Մենք տեսնու՞մ ենք փողոց գումարելու ուղղությամբ ճիգ գործադրող ընդդիմություն: Ո՛չ: Ավելի'ն, նախորդ ԱԺ գումարման տիտղոսային ընդդիմությունից որդեգրել են ժողովրդի վրա մունաթ գալու, ժողովրդին մեղադրելու «արվեստը», ըստ որի, դեռ ոչինչ չփորձած, կանխավ բացառում են փողոց գեներացնելու հնարավորությունը: Ինչն էլ իր հերթին նրանց հիմք է տալիս արդարանալու, որ այդ 8 հոգուն էլ չեն կարող այս կողմ բերել, ու «ստիպված» գնում են նիստերի: Պատմության մեջ բացառիկ երևույթ է ՀՀ տիտղոսային ընդդիմությունը: Աշխարհի մնացած երկրներում ընդդիմությունն օգտագործում է փողոցը որպես իր հիմնական հենասյուն: Հայաստանում այդ հենասյանը զարկում են, անպատվում են, պիտակավորում են, վանում են ու մի հատ էլ հաթաթա են տալիս:
ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՓՈՂՈՑ ԳԵՆԵՐԱՑՆԵԼՈՎ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՍՏԵՂԾԵԼ, ՀԱՐՑՆ ԱՅՆ Է` ՆՄԱՆ ԿԱՄՔ ԿԱ՞, ԹԵ՝ ՈՉ
— Մի քանի նիստ արդեն տեղի է ունեցել, սակայն լուրջ եւ քննարկման ենթակա հարցեր դեռեւս չեն հնչել: Սա՞ է նոր ընդդիմության աշխատելաոճը` փոխադարձ վիրավորանքներ, որոնք տեսել ենք նախորդ տարիների ընթացքում, սակայն ոչ մի քայլ հանուն երկրի բարելավման:
—Հանուն երկրի բարելավման` միայն մեկ քայլ կա ընդդիմության օրակարգում, արդեն 8 տարի է՝ «убить дракона»: Ըստ այդմ էլ պետք է գործի ընդդիմությունը, որին պետք չի անվանել «նոր՝ նույն մարդիկ են, նույն բնութագրի, ինչպես նախորդում՝ վառ անհատականություններ, ընդունակ իրենց պատգամավորական գործառույթն իրականացնել ըստ սեփական խղճի ու կամքի եւ ըստ այդմ մոդիֆիկացնել նաև սեփական կուսակցության` նախընտրական ծրագրին հավատարիմ մնալու գիծը: Չկան ու նման կադրային սելեկցիան պատահականություն չէ: Հենց այսպես՝ հեզիկ–նազիկ նստելու ու համագործակցելու համար էլ նման կերպարները իրենց կուռքերի ցուցակներ են խցկվել: Կան բացառություններ, իհարկե, բայց դրանք որոշիչ դեր ու ուժ չունեն ու դեռևս ցայտուն արարք ու գործողության ականատես չենք եղել:
Եկող շաբաթ իշխանազավթ թրքանշանակն ԱԺ է բերելու կառավարության ծրագիրը, որտեղ լեգիտիմացվում է Արցախի հանձնումը, Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը, «անկլավների» հանձնումը, ԹՐԻՓՓ–ի պատրվակով` ՀՀ Սահմանադրությունը չեզոքացնելը, որից հետո ադրբեջանա–թուրքական հարձակումն անխուսափելի կդառնա: Մեր ընդդիմադիրները հնարավորություն ունեն փողոց գեներացնելով` քաղաքական ճգնաժամ ստեղծել, այս կողմ բերել այդ 8 հոգուն ու թույլ չտալ, որպեսզի կառավարության ծրագիրը հաստատվի, ինչի հիման վրա և ԱԺ չի համարվի գումարված եը ավտոմատաբար կլինի ճգնաժամ: Փողոցն այդ ընթացքում հարկ կլինի ավելի ստվար դարձնել՝ տուն չգնալ, ստեղծել գործադուլերի հոսանք ու բերել այդ ավարային հասցնել հրաժարականի ու բանտարկության: Այսինքն` հնարավորություն կա. հարցն այն է` կամք կա՞, թե՝ ոչ:
ՆԱՆԱ ՍԱՐՍՅԱՆ

