«Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ չընդունի մեր պայմանները»․ Իրանը միջնորդներին է փոխանցել իր պահանջները՝ ուղղված Միացյալ Նահանգներին
ՄիջազգայինԻրանի իշխանությունները միջնորդների ձեռքով ԱՄՆ-ին են փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու պայմանները, որոնցից հիմնականներն են Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցումը։ Այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չփոխի իր պահվածքը և չընդունի Իրանի պայմանները։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պատերազմը ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում, պետք է վերադարձնի Իրանի սառեցված միջոցները։ Պետք է կատարվեն նաև միջնորդների միջոցով փոխանցված մեր մյուս պայմանները»,- Ռեզայիի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։
Ռեզային ընդգծել է նաև, որ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կապ չունի նեղուցի լիարժեք բացման հարցի հետ։
Հիշեցնենք՝ Իրանի և Օմանի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Հորմուզի նեղուցի հարցի շուրջ։ Երկու երկրների բանակցությունների արդյունքում Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ էին սահմանվել, բայց դրանք ժամանակավոր են։

