Գերմանիայում հենց պետությունն է երաշխավորում և պարտադրում հարգանք Եկեղեցու հանդեպ․ Կարինե Հայրապետյանի բաց նամակը
ՆերքաղաքականԳիտությունների համահայկական միջազգային ակադեմիայի ղեկավար ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին՝ կրթական համակարգում ազգային, հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և պետական մտածողության ձևավորման վերաբերյալ։
«Հարգելի՛ պաշտոնյաներ,
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եվրոպական զարգացած պետությունների կրթական ու պետական մոդելների գործունեության փորձին։ Որպես օրինակ՝ դիտարկենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության փորձը։ Այստեղ առաջին դասարանցիների մուտքը դպրոց միայն ուսումնական տարվա սկիզբ չէ, այլ պետական-ազգային կարևոր իրադարձություն՝ «Ցտեսություն՝ մանկապարտեզին, բարև՝ դպրոցին» խորագրով։
Մի կողմ թողնենք կազմակերպչական բարձր մշակույթը, ծնողների ու աշակերտների զսպվածությունն ու քաղաքակիրթ վարքագիծը։ Ուզում եմ անդրադառնալ այն տարածված թյուր կարծիքին, թե իբր Եվրոպայում կրթությունն անջատված է հոգևոր արժեքներից, կամ եկեղեցական ինստիտուտը մոռացության է մատնված։
Իրականությունն բոլորովին այլ է․ Գերմանիայում հենց պետությունն է երաշխավորում և պարտադրում հարգանք Եկեղեցու հանդեպ։ Պետականորեն են կարգավորվում եկեղեցական տոները, կարգուկանոնն ու հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը։ Սա պետական մտածողության և պետության կարևորագույն հենասյուներից մեկի՝ եկեղեցու հանդեպ ակնածանքի դրսևորում է։
Առաջին դասարանցու դպրոցական առաջին օրը հստակ պլանավորված է․ կրթական ու եկեղեցական համակարգի համատեղ ջանքերով կազմակերպվում է հատուկ արարողություն և պատարագ Եկեղեցում։ Երեխաներին եկեղեցի են ուղեկցում ծնողները, տատիկներն ու պապիկները՝ ձևավորելով սերնդեսերունդ փոխանցվող գեղեցիկ ավանդույթ։
Առաջին դասարանցին արդեն պատրաստ է աղոթելու։ Երեխայի հոգևոր ու բարոյական դաստիարակության հարցում մանկապարտեզն ու դպրոցը կարևոր դեր ունեն, որին մասնակցում է ընտանիքը։ Երեխաներն այդ աղոթքները սովորում են դեռ մանկապարտեզում և լիարժեք պատրաստ են լինում մասնակցելու դպրոցական առաջին օրվա պատարագին ու աղոթքի արարողությանը։
Արարողության մասնակիցներին բաժանվում են տպագրված աղոթքներն ու հոգևոր երգերը։ Ե՛վ մեծերը, ե՛վ երեխաները, հետևելով ընդունված կարգին, թերթիկները ձեռքերում պահած՝ աղոթում են հոգևորականի հետ միասին։ Վերջում Հոգևորականը մոտենում է յուրաքանչյուր առաջին դասարանցու, ձեռքը դնում նրա գլխին և օրհնում նրան: Պատարագը տևում է 20-30 րոպե, որից հետո ծնողներն առաջին դասարանցիներին ուղեկցում են դպրոց․․․ Ահա սա՛ է եվրոպական ժամանակակից ու առաջադեմ դպրոցի առաջին օրը։ Սա արդեն հոգևոր դաստիարակության, վարքի ու բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքն է․․․
Եկեղեցու նկատմամբ սերն ու հարգանքը ձևավորելը միայն հոգևորականության քարոզչության խնդիրը չէ։ Քրիստոնեական քաղաքակրթություն, եկեղեցու նկատմամբ հարգանք ձևավորելը պետության պատասխանատվությունն է, իսկ հանրությունն այն իրականացնում է որպես ընդունված կարգ․ նույնիսկ առանց հավատալու՝ մարդիկ հետևում են դրան՝ առանց ընդդիմանալու։ Այնտեղ ոչ ոք, հատկապես պետական ամբիոններից ու խորհրդարանից, չի թիրախավորում, չի նսեմացնում կամ ահաբեկում հոգևոր առաջնորդներին ու եկեղեցին։ Պետությունն հասկանում է, որ հոգևոր-մշակութային ինստիտուտների խաթարումը քանդում է հասարակության բարոյական ողնաշարը։
Ուստի կոչ եմ անում և պահանջում․
Ուսումնասիրել և կիրառել միջազգային լավագույն փորձը, որտեղ ազգային ու հոգևոր արժեքները պետական հովանավորության և հարգանքի ներքո են։
Դպրոցական ծրագրերում և դաստիարակչական քաղաքականության մեջ վերականգնել ու ամրապնդել հարգանքը Հայ Առաքելական Եկեղեցու, հայոց պատմության և մշակութային ժառանգության հանդեպ։
Զերծ մնալ պետական ու քաղաքական ամբիոններից ազգային-հոգևոր արժեքները թիրախավորելուց և քաղաքական շահարկումների առարկա դարձնելուց։
Հայոց հավատքն ու հազարամյա պատմությունը չպետք է վերածվեն քաղաքական քննարկումների ու պառակտման թեմայի։ Ժամանակն է սովորելու պետականակերտ մտածողություն և պահպանելու այն, ինչն դարեր շարունակ պահպանել է հայ ազգին»։

