Արցախի հարցը միայն անվան շուրջ լեզվական վեճի վերածելը քաղաքական պայքար չէ․ Արայան
Ներքաղաքական«Այսպես կոչված, «ընդդիմության» կողմից Արցախի համար տարվող «պայքարը» Ազգային ժողովում, կարծես, հասել է մի պարզագույն բանավեճի՝ ՔՊ-ին բացատրելու, որ «Ղարաբաղ» չէ, այլ «Արցախ»։ Բա հետո՞։ Արցախի հարցը միայն անվան շուրջ լեզվական վեճի վերածելը քաղաքական պայքար չէ։ Սեղաններին հարվածելը նույնպես քաղաքական ռազմավարություն չէ։ Բարձրաձայն դժգոհելը՝ առավել ևս։
Եթե իսկապես խոսում եք Արցախի իրավունքների, վերադարձի, ժողովրդի ինքնորոշման, միջազգային իրավունքի և Հայաստանի պետական շահերի մասին, ապա ներկայացրեք կոնկրետ քաղաքական, իրավական և օրենսդրական պահանջներ։ Օգտվեք այն գործիքներից, որոնք տալիս է խորհրդարանական համակարգը։ Պատրաստեք հիմնավորված նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր, միջազգային հարթակների համար պահանջներ և հետևողականորեն առաջ տարեք դրանք։ Որովհետև քաղաքականությունը ոչ թե սեղանին ուժեղ հարվածելու, այլ պահանջ ձևակերպելու, այն իրավականորեն հիմնավորելու և մինչև վերջ հետևողականորեն առաջ տանելու արվեստն է։
Գուցե ժամանակն է պարզապես ազնվորեն խոստովանել, որ այս հարցում ձեզ պակասում են քաղաքական գիտելիքը, մասնագիտական պատրաստվածությունը, համարձակությունն ու համառությունը։ Եթե ցանկանում եք, կարող եմ օգնել։ Ամեն ինչ կարելի է սովորել։ Բայց նախ պետք է ցանկություն ունենալ՝ սովորելու և գործելու,- գրել է «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆԸ։

