Կատաղի պայքար է գնում, թե ով ավելի շատ կարժանանա Արցախի դահիճ՝ Արևմուտքի հավանությանը․ Այվազյան
Ներքաղաքական«Արևմուտքը, իր կողմից թալանվող և զոհաբերվող ժողովուրդներին ցինիկաբար ծաղրելու պրակտիկա ունի։ Օրինակ, ծնունդով Արցախից մեկին, ով էական դեր էր ունեցել Արցախը հանձնելու գործում, Հայաստանում նշանակում են բարձր պաշտոնին։ Կամ օրինակ կրկին ծնունդով Արցախից մեկին նշանակում են բարձրաստիճան զինվորական պաշտոնին, ով արդարացնում է Արցախը հանձնելու քաղաքականությունը։ Հիմա էլ կարդում եմ, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորը, ով կրկին Արցախից է, հավակնում է եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Նա իր ելույթում, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարեց, որ եվրոպական ինտեգրումը ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի։
Հետո նայեցի այդ պատգամավորի կենսագրությունից մեկ դրվագ և ամեն ինչ պարզ դարձավ։ Նա 2015-ին ուսանել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Թաֆթսի համալսարանի Fletcher դպրոցում: Հայաստանում իշխանության և ընդդիմության միջև կատաղի պայքար է գնում այն բանի համար, թե ով ավելի շատ կարժանանա Արցախի դահիճ՝ Արևմուտքի հավանությանը,- գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ։

