«ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՀԱՍՑՆԵԼՈՎ ԶԳԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, ԸՆԿԵԼ ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ։
Оգոստոսի 19-ը, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս, Արցախի ՊԲ զինծառայող, սերժանտ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 30 տարեկան։
Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, բախտակից ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը տիկին ԳԱՅԱՆԵՆ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. «Ադամս 2002֊ից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտեց 2013-ին։ Նույն թվականին էլ ընդունվեց Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա - դիզայներական ֆակուլտետը։ Թանկագին որդիս սիրում էր զբաղվել նաև սպորտով, կարատեի էր հաճախում, ստացել էր դեղին գոտի։ Ադամս պարապում էր նաև բռնցքամարտով։ Նա ծառայության անցավ 2014/2 զորակոչով։ 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է Հայոց բանակ։ Արցախում էր ծառայում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտ զինվորական կոչում։ 2016֊ի ապրիլի 1֊ի լույս 2֊ի գիշերը, նենգ թշնամին մեծամասշտաբ հարձակում է գործում արցախա֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Որդիս սահմանապահ գումարտակից էր ու ապրիլի 1֊ի առավոտյան բարձրացել էր դիրքեր ու նույն օրվա գիշերը ժամը 3։00֊ի սահմաններում տեղի էր ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի 15֊20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի /Լալալայկա կոչվող բարձունք /ավագ, իմ որդի Ադամի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Ադամս իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ պայքարելով թշնամու դեմ, հասցնելով զգալի կորուստներ /200-ից ավելի սպանված հատուկջոկատային /, ընկնում է հերոսի մահով, առավոտյան ժամը 8։00֊ի սահմաններում, մարմնին ու դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամիս, ոսոխի դեմ մղած 5֊ժամյա պայքարը, հնարավորություն է տվել Ջրականի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի երկրորդ գծում ու կանգնեցնել թշնամուն։ 10 տարի է անցել, սակայն ինչ էլ լինի, չենք կարող համակերպվել այս ծանր իրողության հետ։ Ինձ սփոփում է այն, որ բազմաթիվ ծնողներ զավակներ են ունենում և ի պատիվ որդուս Ադամ անունը տալիս։ Անմահ հերոս Ադամ Սահակյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության», և «Արիության» մեդալների։ Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է Ադամ Սահակյանի անունը։ Երևանի, նրա հարազատ Աբովյան փողոցում հուշատախտակ է տեղադրվել։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

