Փաշինյանը բաց մարտահրավեր է նետում Մոսկվային
ՄիջազգայինԵվ այսպես, ինչպես երեկ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը` ԱԺ–ում կառավարության առաջիկա հնգամյակը ներկայացնելիս, ամեն ինչ տեղափոխվում է վերջնական բաց խաղի դաշտ: Ընդհանրական իմաստը սա է. մեր երկրի ողջ զարգացումը խաղաղության, դեպի Եվրոպա եւ «Թրամփի միջանցք» քողի տակ կապվում է արեւելք–արեւմուտք տրամաբանության հետ, որն իր խորքերում ունի Ադրբեջան–Հայաստան–Թուրքիա առանցքի գլոբալիստական տեսլականը:
ԻՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Իհարկե, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, Հայաստանի ներկայիս խնդիրը, անկախ այն բանից, թե ով է իշխանության ղեկին, իրականում մեկն է` մի կերպ գոյատեւել ներկա ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում. երբ համաշխարհային գիգանտները բախվում են, փոքրերի համար ոտնատակում մնալու հավանականությունը շատ մեծ է: Այսինքն, այս պահին ամբողջ հարցն այն է, թե նիկոլյան այս նոր ծրագիրը որքանով է նպաստում ոտնատակում չմնալուն: Այն դեպքում, երբ արդեն նիկոլյան կուրսը նույնիսկ «երկու աթոռի վրա խաղալու» սցենար չէ, այլ միանշանակ եւ վերջնական կողմնորոշում, ընդ որում` մաքսիմալ բաց խաղաթղթերով:
Այսպես, գլխավոր թեզը, որից բխում է նիկոլյան այս ողջ ծրագիրը, իհարկե, ՀՀ Սահմանադրությունը փոխելն է` անհամ բացատրությամբ, թե ժողովուրդն ընտրություններում ձայն է տվել: Արդյունքում, թեեւ ժամանակին նիկոլյան թիմը համառորեն պնդում էր, թե Ադրբեջանի ինչ գործն է, որ մեր Սահմանադրության մասին է խոսում, որ այդ փաստաթուղթը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ «Խաղաղության պայմանագրի» հետ, հիմա արդեն Նիկոլի մոտ այս տեսլականն է. «1990 թվականի Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին»:
Իմաստը սա է. պետք է կատարի Ալիեւի հայտնի պահանջը: Այլապես չի լինելու «Խաղաղության համաձայնագիր» կոչվածը: Իսկ առանց դրա, նորից անորոշ ժամանակով լռվել–մնալու է սահմաններ բացելու տեսլականը: Կարճ ասած` «պետպատվերը» վերջնականապես կատարելու համար Սահմանադրությունը փոխելն առաջին քայլն է: Միայն թե այս հարցով հայտնի խնդիրը, որն ուներ Նիկոլը, դեռ լուծված չէ: Խոսում է ժողովրդի վստահության մասին, սակայն իրականում, այո, ընտրողների 30 տոկոսը նրան ձայն տվել է, եթե անգամ մի կողմ ենք թողնում, թե ինչպես են տվել: Ու թե ինչպես է նման «բագաժով» Սահմանադրություն փոխելու, դա մնում է Փաշինյանի գերխնդիրը:
Առավել եւս, որ անգամ այդ 30 տոկոսը պահելու հարցում խնդիրների պակաս չունի: Այսպես, ինչպես ներկայացրեց Փաշինյանը, ներկա փուլում հիմնական շեշտը դրված է այս ուղղությունների վրա: Նախ, «Միացյալ Նահանգների հետ արդեն արտատարածաշրջանային քաղաքականության մասով մեր հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում»,– նշում է նա` այդ ուղղությունը ներկայացնելով հիմնականներից մեկը: Բացի այդ. «Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ։ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գնալով դառնում են ավելի բազմաչափ ու բազմաշերտ... Եվրոպական Միության հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգը իրացվում է տեսանելի տեմպերով։ Նախորդ տարի ԱԺ կողմից ընդունված ԵՄ–ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին...»:
Կարճ ասած, հիմնական ուղղությունը մնում է «դեպի Արեւմուտք» սկզբունքը, որը, թերեւս, նոր ծայրահեղ սրացումների է տանելու հայ–ռուսական հարաբերությունները: Ընդ որում, եթե այս պահին, չնայած ռուսական արգելքներին, դեռ հայաստանյան որոշակի ապրանքատեսակներ կարողանում են շրջանցիկ ուղիներով մտնել Ռուսաստան: Սակայն դա, իհարկե, ռուսները հասկանում են, եւ պետք եղած պահին այդ խողովակները հազիվ թե գործեն: Իսկ եվրոպական շուկան, որքան էլ որ մեծ–մեծ խոսեցին, այդպես էլ չի բացվում եւ չի բացվելու: Թե Հայաստանում քանի տնտեսվարողի եւ անհատի է այս ամենը հարվածում, անգամ հաշվելն է դժվար: Ընդ որում, եթե նրանք բոլորն անցած ընտրություններում դեռ որոշակի հույսեր կապում էին Փաշինյանի չքնաղ խոստումների հետ, ապա դա արդեն էապես մարել է: Արդյունքում, թե այն 30 տոկոսից ինչ է մնացել, հետաքրքիր հարց է:
ԲԱՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Սակայն սա էլ վերջնական պատկերը չէ: Նիկոլն արդեն լիովին բաց տեքստով պահանջում է. «Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի»: Խոսքը հայաստանյան երկաթուղային համակարգի կառավարման իրավունքի մասին է: Եվ այդ առաջարկը Փաշինյանը փորձում է հրամցնել այն թեզի տակ, թե` «Ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները ուզում են խուսափել Երասխ–Ախուրիկ երկաթուղուց, մի պարզ պատճառով` երկաթուղու այդ հատվածը, թեեւ Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո, իսկ Ռուսաստանի եւ Արեւմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին եւ առեւտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել եւ ռիսկի չդիմել, ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով»։
Կարճ ասած, քանի որ « ԹՐԻՓ–ով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ», ուրեմն նրանք չեն ցանկանա օգտվել հայկական երկաթուղուց: Բայց չէ՞ որ Նիկոլն ամեն կերպ համոզում էր, թե ԹՐԻՓ–ը ոչ մի կերպ չի վնասելու ռուսական շահերին, ընդհակառակը, դա դառնալու է խաչմերուկ: Ու հիմա պարզվում է, որ այդպես չէ, «ամենախոշոր հաճախորդները լինելու են» արեւմտյան երկրները: Եվ այդ ֆոնին, երբ Մոսկվայից պահանջում է` հրաժարվել կոնցեսիոն պայմանագրից, սա արդեն, ինչպես էլ քողարկես, Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է:
Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ի՞նչ է անելու Նիկոլը, եթե Մոսկվան հրաժարվի (եւ ամենահավանական տարբերակն է, որ այդպես էլ կանի) «կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի»: Այդ իրավիճակում կմնա երկու տարբերակ: Կա՛մ պետք է հրաժարվի այս սցենարից: Կա՛մ էլ միակողմանիորեն Ռուսաստանի հետ խզի կոնցեսիոն պայմանագիրը: Դա ունի իր իրավական հետեւանքները, թեեւ ամենասարսափելին քաղաքական հետեւանքներն են լինելու:
Մյուս կողմից էլ չմոռանանք, որ Հայաստանին, ըստ էության, վերջնագրային տեսքով պահանջ է ներկայացված` այս աշնանը իրականացնել հանրաքվե` ԵԱՏՄ–ում մնալ–չմնալու հարցի հետ կապված: Ընդ որում, հանրաքվե չանցկացնելը, ինչպես դժվար չէր հասկանալ ԵԱՏՄ առաջնորդների հայտնի հայտարարությունից, ըստ ամենայնի կարող է հասցնել Միությանը Հայաստանի անդամակցության սառեցմանը, եթե անգամ դա արվի ոչ պաշտոնական տեսքով: Եթե ոչ ամբողջ ԵԱՏՄ–ի, ապա առնվազն Ռուսաստանի մասով նման հեռանկարները դառնում են միանգամայն հավանական: Իսկ դա նշանակում է, որ արդեն կսկսեն ոչ միայն աչք չփակել շրջանցիկ ուղիներով Ռուսաստան մտնող հայաստանյան ապրանքների վրա, այլ կարող է մեր երկիրը բախվել Ռուսաստանից եկող ապրանքների սառեցման` գազ, ցորեն, վառելիք պարարտանյութեր եւ այդպես շարունակ: Կամ, եթե ոչ լիակատար արգելափակման, այլ առնվազն միջազգային գներով վաճառքի:
ԻՍԿ ԻՐԱՆԻՑ ԱՐԴԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ
Սակայն անգամ այսքանով խնդիրները չեն սահմանափակվում: Երբ Նիկոլն այսքան մեծ կարեւորություն է սկսում տալ ԹՐԻՓ–ին եւ դրանով Արեւելք–Արեւմուտք ուղղվածության փոխադրումներին, ապա էական է դառնում նաեւ Իրանի գործոնը: Վերջերս Իրանից, արդեն նաեւ բանակային մակարդակով հերթական մեսիջը հղվեց Հայաստանին: Այսպես, իրանական գեներալ Ռահիմ Սաֆավիի գնահատմամբ. «Հակառակ հայկական կողմի պնդումներին, մենք որեւէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ: Այս հարցի շուրջ իրական փոխըմբռնում կամ ընդհանուր լեզու չկա: Մենք բացահայտ եւ հստակորեն մեր «կարմիր գծերը» հայտնել ենք Հայաստանին»: Տրամաբանությունը սա է. Իրանն իր անվտանգությունից ելնելով, դեմ է ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, եւ այդ դեպքում, ըստ գեներալի. «Ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում: Մենք տարածաշրջանը եւ մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն: Հետեւաբար, այս նախագիծը իր ներկայիս ձեւաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար: Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ: Սակայն, եթե այնտեղի անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինվորականներին, Իրանը պահպանում է հակահարված տալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը»:
Սա արդեն կոնկրետ սպառնալիք է: Նաեւ հաշվի առնելով, որ «ԱՄՆ զինվորականներ» ասելով, Իրանը նկատի ունի ոչ թե միայն ամերիկյան բանակը, այլ մասնավոր ռազմական կառույցներին:
Մի խոսքով, եթե այս բոլոր ազդակներից հետո անգամ Փաշինյանը շարունակում է նույն խաղը, ընդ որում, էլ ավելի ընդգծված երանգներով, ապա սրանից շատ վատ հոտ է գալիս: Ու պետք է նկատի ունենալ, որ խոսքը ոչ թե անորոշ ապագայի մասին է, այլ ամենամոտ ժամանակների. առնվազն այս աշնանն այս պատմությունն ամբողջական տեսքի է գալու:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71206

