Դրա համար էլ 1725-ամյա եկեղեցին այս օրին է․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Տ․ ՄԻՔԱՅԵԼ արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻ վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշման դեմ: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 25-ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը վերացվել է։ Երեւանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի կայացրած դատավճիռը։ Վարույթը փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Անդրադառնալով վերոնշյալին՝ Միքայել սրբազանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են համարում…»։ Տարօրինակ է, չէ՞, ստացվում է՝ Միքայել արքեպիսկոպոսն իր հակառուսական դիրքորոշմամբ Նիկոլ Փաշինյանից առանձնապես չի տարբերվում: Գուցե դա՞ է պատճառը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արքեպիսկոպոսն այդքան պասիվ էր։ Չնայած՝ ինչո՞ւ ենք զարմանում, նույն Միքայել սրբազանն էր ժամանակին ասում, թե «Արցախի թնջուկը ստեղծվել է Ռուսաստանի կողմից», իսկ Ռուսաստանին անվանել էր ո՛չ դաշնակից, ո՛չ էլ թշնամի՝ ընդգծելով, որ ռուսասեր ու ռուսամետ չէ։ Ավելին՝ բարձրաստիճան հոգեւորականն այն համոզմանն է, թե՝ Ռուսաստանը «երբեք չի փրկել Հայաստանին»։ Ի՞նչ ասես, դրա համար էլ 1725-ամյա եկեղեցին այս օրին է՝ իր վայ իշխանությունների ու նրանցից սկզբունքորեն չտարբերվող հոգեւորականների ձեռքին։
Իսկ ահա, ըստ ԶԼՄ-ների, ոստիկանապետ եղած ժամանակ գողականների հետ կապեր ունենալու եւ կասկածելի ճանապարհով մեծաթիվ գույք ձեռք բերելու կասկածանքով աշխատանքից ազատված ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Փաշինյանը կրկին պաշտոն տվեց։ Նա նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ։ Ասում են, թե նա նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աշխատել է ՔՊ-ի համար։ Ավելին՝ մասնակցում է Հանրապետության հրապարակում կայացած ամփոփիչ հավաքին։ Բայց Հովհաննիսյանի նշանակումը սյուռ է` այլ հանգամանքով պայմանավորված։ Հիշեցնենք, որ երբ Արտաշատի քաղաքապետը փորձում էր Փաշինյանին ասել, թե ում է պատկանում քաղաքում գտնվող մեծ շինություններից մեկը, վերջինս լսելով «մեր Արամինն է» արտահայտությունը՝ բզում է, որ ձայնը կտրի։
Ահա թե ինչպես է Փաշինյանն ընտրում պետական կառավարման համակարգի կադրերին. եթե ՔՊ-ի հետ ես, ուրեմն՝ քեզ ամեն ինչ կարելի է: Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Ըստ էության, նա ասում է, թե զգացին, որ նախկինները ուզում են բուհերը քաղաքականապես զավթեն, դրա համար էլ իրենց քաղաքական թիմակիցներին նշանակեցին այդ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում։ «Ճիշտ այդկերպ նրանք զգացին, որ չար ուժերը հրահանգներ են տալիս դատարաններին, ու դրա համար սկսեցին իրենք հրահանգներ տալ։ Նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը կուզենան բյուջեն թալանել, դրա համար էդ փողը տանում են իրենց տուն, որ հանկարծ խալխը չթալանի։ Նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը ուզում են կեղծել ընտրությունները` դրա համար իրենք կեղծեցին այդ ընտրության արդյունքները` զոռբայավարի ջնջելով «սխալ» թվերը ու տեղը գրելով «ճիշտ» թվեր։ Էդ ա, Արայիկ ջան, բոլորն էլ տենց ձեր նման հարցուփորձ անելով են դառնում... նկատի ունեմ` փսիխոպաթ բռնապետ», - հեգնել է «Բոլորին դեմ եմ» այլեւս կազմալուծված կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

