«Ցիրկը» գնաց, իսկ «կլոունները» մնացին

Վերլուծություն

Դմփ-դմփ-հու, ծափ-ծափ-ծափ… Ո՛չ, ամենեւին էլ շապիտո-կրկեսին չէ, որ անդրադառնալու ենք, ոչ էլ մսուր-մանկապարտեզի միջոցառման։ Պարզապես, այսպիսին էր Ազգային ժողովի ողջ բովանդակությունը երեկ, երբ գործադիրը խորհրդարան բերեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։

Իհարկե, իրականում ամեն ինչ այդքան էլ ուրախալի չէր, ծրագրի ներկայացումը Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի շատ նման էր Երրորդ հանրապետության մահախոսականի։ Իսկ «ազգափրկիչ» մանդատավոր ընդդիմությունը դամն էր պահում՝ դմփդմփացնելով սեղաններին, իսկ հետո անցան «հուժկու» գործողության. եթե նախկինում մեկ առ մեկ էին լքում դահլիճը, երեկ լքեցին բոլորով։

Բայց, կներեք, այս ընդդիմադիր պատգամավորները չէի՞ն, որ նախընտրական շրջանում խոստանում էին ոչ թե դուրս շպրտվել նիստերի դահլիճից, այլ դուրս շպրտել Փաշինյան Նիկոլին, որը երեկ այնքան էր ոգեւորվել իր կրքոտ հռետորաբանությամբ, որ ԱԺ ամբիոնից պիղծ անվանեց Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Այո՛, խորհրդարանական ընդդիմությունը գոռաց, նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն էլ ճվճվաց այնքան, որ փորը ցավաց։ Ամենեւին էլ չենք հեգնում, հենց վերջինս ասաց այդ մասին, բայց ի՞նչ… Նիստը կայացավ ակտիվ, կրքոտ, բայց բնականոն հունով։

Երբ կառավարության հնգամյա ծրագիրը քննարկելիս հասարակությունը ստիպված է հիմնականում հետեւել նրան, թե ով ում ինչպես է դիմում, ով քանի անգամ է հարվածում սեղանին, եւ ով երբ է լքում դահլիճը, խնդիրը միայն խորհրդարանի վարքականոնի մեջ չէ։ Խնդիրը քաղաքական օրակարգի որակի մեջ է։

Իսկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց ավելի շատ ոչ թե ծրագիր, այլ մի պատկերացում, որի կենտրոնում, այսպես կոչված, «Իրական Հայաստանն» է՝ խաղաղության ինստիտուցիոնալացումը, արտաքին կախվածությունների նվազեցումը, հնարավորությունների բազմազանեցումը եւ, ըստ նրա ձեւակերպման, նոր՝ Չորրորդ հանրապետության կառուցումը։ Միեւնույն ժամանակ, նույն ելույթում նա ներգրավվեց այնպիսի հակամարտությունների մեջ, որոնք պետական ռազմավարության քննարկումը վերածեցին քաղաքական խայտառակ կլոունադայի։

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՂՄՈՒԿ-ԱՂԱՂԱԿԻՑ ԱՆԴԻՆ

Համաձայնեք, որ եթե մանդատավոր ընդդիմության գնահատմամբ՝ կառավարության ծրագրում կան հակասահմանադրական, վտանգավոր կամ պետական շահին հակասող դրույթներ, ապա հասարակությունը պետք է տեսնի ոչ միայն բողոքը, այլեւ` հակափաստարկը, այլընտրանքային քաղաքականությունը եւ գործնական գործողությունների ծրագիրը։

Խորհրդարանը սեղաններին հարվածելու մրցույթի վայր չէ։ Ընդդիմության իրական ուժը պետք է չափվի նրանով, թե որքան արդյունավետ է իշխանությանը ստիպում պատասխանել կոնկրետ հարցերի։ Այս իմաստով իշխանությունն ու ընդդիմությունը կարծես տարբեր դերերով խաղում են նույն ներկայացման մեջ։

Իշխանությունը ցույց է տալիս ուժը, ընդդիմությունը՝ վրդովմունքը։ Իշխանությունը սադրում է, ընդդիմությունը` արձագանքում։ Իշխանությունը շարունակում է նիստը, ընդդիմությունը հեռանում է։ Եվ արդյունքում քաղաքական համակարգը ստանում է այն, ինչին ամենաքիչն է պետք՝ բարձր ձայն, բայց ցածր քաղաքական արդյունք։ Մինչդեռ կառավարության ծրագիրը շատ ավելի լուրջ հարցեր է առաջադրում։

Օրինակ՝ արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում ակտիվացնել աշխատանքը ՀԱՊԿ-ում եւ նույնիսկ ցանկություն հայտնեց, որ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությանը դուրս մղի։ Միաժամանակ նա խոսեց Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի, պաշտոնական դիմումի հնարավոր նախապատրաստման եւ ապագա հանրաքվեի մասին։

Այս մոտեցման մեջ կարելի է տեսնել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տրամաբանություն։ Սակայն դիվերսիֆիկացիան ինքնին դեռ ռազմավարություն չէ։ Այն ռազմավարություն է դառնում այն ժամանակ, երբ հանրությանը ներկայացվում են ոչ միայն ցանկալի ուղղությունները, այլեւ դրանց գինը, ռիսկերը, ժամկետները եւ իրագործման մեխանիզմները։

Եվրոպական հեռանկարի շուրջ հարց է առաջանում` ի՞նչ է նշանակում այդ ճանապարհը Հայաստանի տնտեսության, անվտանգության, շուկաների, մաքսային ռեժիմների եւ արտաքին քաղաքական պարտավորությունների համար։ Ի՞նչ է լինելու ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դեպքում։ Որո՞նք են անցումային փուլերը։ Ի՞նչ է տեղի ունենալու, եթե քաղաքական ցանկությունը բախվի իրավական կամ տնտեսական սահմանափակումներին հիմնովին։ Եվ ամենակարեւորը՝ արդյոք նույն մանդատավոր ընդդիմությունը նույն դիվերսիֆիկացիայի ու եվրոպական հեռանկարի մասին չի խոսում՝ այն ընդդիմությունը, որն Ազգային ժողովում ստանձնում է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահությունը։ Հետեւապես, աղմուկ-աղաղակից անդին՝ ինչո՞վ է ընդդիմությունը տարբերվում իշխանությունից։

ՓԱՍՏԱՐԿԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՊԻՏԱԿ

Ավելի խորքային է «Իրական Հայաստանի» եւ «Չորրորդ հանրապետության» գաղափարը։ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել որպես այդ գաղափարախոսության մանդատ, եւ որ Չորրորդ հանրապետությունն արդեն իրականություն է։ Սակայն այստեղ էլ կա քաղաքական ու իրավական կարեւոր տարբերակում։

Ընտրական հաղթանակը կարող է քաղաքական մանդատ տալ, բայց հանրապետությունների «հիմնադրումը» միայն քաղաքական հայտարարությամբ չի կատարվում։ Պետական համակարգերի փոփոխությունը պահանջում է իրավական, սահմանադրական եւ ինստիտուցիոնալ գործընթացներ։ Հետեւաբար, հասարակությանը պետք է ներկայացվի ոչ թե միայն պատմական անվանումը, այլ այն կոնկրետ բովանդակությունը, որը դրանով փոխվելու է։

Հատկապես կարեւոր է Սահմանադրության հարցը. Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի՝ պատճառաբանելով, որ այդ հղումը կարող է ընկալվել որպես Ղարաբաղյան շարժման շարունակություն։ Սա արդեն ոչ թե քաղաքական հռետորաբանության, այլ պետական ինքնության հարց է։

Այստեղ բանավեճը պետք է լինի բացառիկ լուրջ։ Անկախության հռչակագիրը ՀՀ պետականության ձեւավորման հիմնարար փաստաթղթերից է։ Դրա նկատմամբ վերաբերմունքը չի կարող սահմանափակվել «հին» եւ «նոր» Հայաստանի բաժանարար գծով։ Իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ինչ իրավական եւ քաղաքական նպատակ է հետապնդում այդ փոփոխությունը։ Ընդդիմությունը, իր հերթին, պարտավոր է ներկայացնել ոչ միայն «դավաճանություն» կամ «հակազգային քայլ» որակավորումները, այլեւ իրավական հիմնավորված այլընտրանք։ Այստեղ կրկին նույն խնդրին ենք գալիս՝ փաստարկի փոխարեն պիտակ։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում Ռուսաստանի անվտանգային դերը համարեց սահմանափակված եւ ընդգծեց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Այս ամենը իշխանությունը ներկայացնում է որպես խաղաղության եւ ինքնիշխանության ամրապնդում։ Բայց էլի հարց է ծագում՝ եթե անկախության գաղափարական հիմքերից մեկը հայտարարվում է անցանկալի, Ռուսաստանի հետ նախկին անվտանգային կապը՝ անցյալ, իսկ ապագան կապվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ինտեգրման հետ, ապա սա պարզապես արտաքին քաղաքականության փոփոխությո՞ւն է, թե՞ անկախության մասին նախկին պատկերացումից աստիճանական հրաժարում։ Անկախությունից հրաժարումը պարտադիր չէ հայտարարել ուղիղ բառերով։ Երբեմն այն սկսվում է սեփական պատմական ու պետական նպատակների վերաձեւակերպումից։

ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԱՐՁԱՆ ԳԼԽԱՑԱՎԱ՞ՆՔ

Նույն տրամաբանությունն է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային ճանաչումն այլեւս Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չի լինելու՝ շեշտադրելով այն վտանգը, որ մեծ պետությունները ցեղասպանության հիշողությունը կարող են օգտագործել սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար. «Միջազգային խաղացողները, ներողություն այս ձեւակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում»։

Ավելի գռեհիկ հայտարարություն դժվար է պատկերացնել, սրբադասված մեր նահատակների գերեզման չգտած մասունքները, կարծես, խոշտանգվեցին նորից։ Բայց թողնենք էմոցիոնալ կողմը. ճանաչման գործընթացից հրաժարվելն ինչպիսի՞ դիվանագիտական արդյունք է ապահովում Հայաստանի համար, եւ ի՞նչ նոր գործիքներով է Հայաստանը պատրաստվում պաշտպանել ցեղասպանության հիշողությունը, ժառանգների իրավունքները եւ պատմական փաստի միջազգային ընկալումը, այս մասին՝ իհարկե, ոչ մի խոսք չհնչեց։

Այսքանից հետո՝ իշխանությունը չի կարող պահանջել, որ հասարակությունը պարզապես հավատա իր նոր տեսլականին։ Այն պետք է ապացուցի դրա կենսունակությունը։ Ընդդիմությունն էլ չի կարող սահմանափակվել նրանով, որ իշխանության յուրաքանչյուր քայլ անվանի աղետալի։ Այն պետք է ցույց տա՝ ինչ է անելու ինքն իշխանության գալու դեպքում։

Սա՛ է քաղաքական պայքարը։ Մնացածը՝ սեղաններին հարվածել, ծափահարել, գոռալ ու հետո դահլիճից դուրս գալ, ընդամենը տեսարան է։ Վերջիվերջո, երկրի համար ամենավտանգավոր իրավիճակն այն չէ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կռվում են։ Ամենավտանգավորն այն է, երբ նրանք կռվում են այնպես, որ վերջում ոչինչ չի փոխվում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում