Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան
Տեսանյութեր«Եվրասիական ալյանս»-ը Հայաստանում ստորագրահավաք է սկսել, որն անհրաժեշտ է հանրապետության ապագա արտաքին քաղաքական կողմնորոշման հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Նախաձեռնությունը ձեւավորել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին «Sputnik Արմենիայի» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` ընդգծելով, որ նախաձեռնությանը սատարում են ե՛ւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը, ե՛ւ ՍԻՄ կուսակցությունը։
«ԴԵՌԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՆՔ ԱՍԵԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ»
— Պարոն Բաբուխանյան, կխնդրեմ՝ ներկայացնեք, ի՞նչ նպատակ ունի «Եվրասիական ալյանսը», եւ ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախաձեռնությունից։
— Հինգուկես տարի առաջ ստեղծվեց մեր շարժումը, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ»։ Այն ստեղծվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ մենք հասկացանք, որ ներկա իշխանությունները միտումնավոր վարում են Ռուսաստանից Հայաստանը հեռացնելու քաղաքականություն, որի հետեւանքով, ինչպես տեսանք, կորցրինք Արցախը, կորցրինք մի շարք սահմանամերձ տարածքներ եւ շարունակելու ենք անընդհատ կորցնել՝ մինչեւ չվերականգնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ՌԴ-ի հետ չձեւավորենք այնպիսի նոր միություն, որը, առաջին հերթին, կերաշխավորի մեր անվտանգությունը։
Դեռեւս երկու տարի առաջ ակնհայտ էր, որ իշխանությունները որոշել են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական համագործակցության ամբողջ ճարտարապետությունը եւ այդ ճարտարապետությունը հանգեցնել նրան, որ մենք կախվածության մեջ կլինենք Թուրքիայից, Ադրբեջանից եւ որոշ չափով՝ Եվրամիությունից։ Եվ այդ ժամանակ՝ ուղիղ 2024 թվականի հուլիսի 20-ին, մեր շարժումը կազմակերպեց շատ կարեւոր միջոցառում, որը քննարկում էր մեր ապագա ճանապարհը՝ արդյոք մենք պետք է գնանք դեպի Եվրամիություն, թե՞ պետք է գնանք դեպի Ռուսաստանի հետ է՛լ ավելի նոր ձեւաչափով մեր համագործակցությունը ամրապնդելու։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը պետք է պահպանեն իրենց կարեւոր նշանակությունն ու դերը Հայաստանի քաղաքական կյանքում։
Այդ ժամանակ մենք ասացինք, որ այս հարցը պետք է լուծի ժողովուրդը, որովհետեւ ժողովրդի վրա է անդրադառնում իշխանության քաղաքական արկածախնդրությունը, երբ, օրինակ, այսօր արդեն հարց է դրվում նույնիսկ գազի գնի հետ կապված, իսկ գյուղացին, ֆերմերը չի կարողանում վաճառել գյուղատնտեսական ապրանքը, չի կարողանում արտահանել, շուկա չունի։ Ոչինչ չստացվեց եվրոպական շուկա արտահանելու հետ կապված։ Ոչ մի կիլոգրամ լոլիկ ու ծիրան այդպես էլ եվրոպական շուկա չմտավ։ Ապրանքը տեղ հասավ կա՛մ փչացած, կա՛մ էլ ինչ-որ մեկին մի քանի կիլոգրամ միրգ նվիրեցին։ Մարդիկ թափում էին իրենց ապրանքը, իսկ էժան ծաղիկները փչանում էին մեր սուպերմարկետներում։ Ցույցեր եղան ձկան արտահանման հետ կապված, կաթնամթերքի վաճառքի հետ կապված խնդիրներ եղան։ Այսինքն՝ մեր շուկան հագեցած է մեր սեփական արտադրությամբ, որը չի կարող սպառել ամբողջը։ Մեր գյուղատնտեսական արտադրությունը, վերամշակող արդյունաբերությունը կանգնած են կոլապսի առաջ։
Եվ մենք ասում ենք՝ այո՛, ժողովուրդը պետք է լուծի այս հարցը, պետք է որոշի՝ ի՞նչ է ուզում։ Ուզո՞ւմ է լինել թուրքական ենթակայության մի տարածք՝ վիլայեթ, ուզո՞ւմ է լինել Արեւմտյան Ադրբեջան, ինչպես պաշտոնապես հայտարարում է Ադրբեջանի իշխանությունը։ Պարզ է, որ մենք Եվրոպական միության անդամ չենք լինելու, որովհետեւ տարիներ շարունակ ուրիշ երկրներ հերթ են կանգնել, այդպես էլ չմտան։ Եվ անգամ եթե մտնենք, ի՞նչ է տալու մեզ։ Եվրոպական միությունը պաշտպանելո՞ւ է մեր սահմանները։ Մենք տեսանք Ուկրաինայի դառը պատմությունը, որ այդ խաղերը խաղաց, իսկ հետո կորցրեց պետություն, կորցրեց ժողովրդի կեսը եւ այլն։
Բնականաբար, այս ամենի հետեւանքով՝ այո՛, գտնում ենք, որ պետք է լինի հանրաքվե, եւ դա, շեշտում եմ, ասել ենք երկու տարի առաջ։ Ոմանք ասում են՝ այ, Վլադիմիր Պուտինը ասաց, որ պետք է լինի հանրաքվե, դուք հիմա կրկնում եք։ Ուրեմն՝ այդ դատարկախոսներին հուշենք՝ բացե՛ք 2024 թվականի հուլիսի 20-ի մեր հայտարարությունը։ Երբ դեռեւս ոչ ոք չէր ասել հանրաքվեի մասին, մեր շարժումը մեծ կոնֆերանս արեց «Անի Գրանտ» հյուրանոցում՝ 350 հոգու մասնակցությամբ, որտեղ նախանշվեց, որ մեր արտաքին քաղաքական զարգացումների ճարտարապետությունը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։
Եվ վերջերս ձեւավորվեց նախաձեռնող խումբ։ Ասեմ, որ այդ նախաձեռնող խումբը ձեւավորեց «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Ես ինքս չեմ հանդիսանում այդ խմբի անդամ, եւ մեր կուսակցությունն ու շարժումը անմիջապես աջակցեցին այդ խմբին։ Այն հասարակական, հանրային նախաձեռնություն է, եւ դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ օրենքի սահմաններում, ստացել են թույլտվություն՝ հավաքելու այդ ստորագրությունները։ Եվ այսօր մեր կուսակցությունը, մեր շարժումը աջակցում է «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնությանը, որպեսզի այդ ստորագրությունները հավաքվեն։
«ՄԻՆՉ ՕՐՍ ՄԱՆԴԱՏԱՎՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԱՅՍ ՀԱՐՑԻՆ»
— Պարոն Բաբուխանյան, իսկ ե՞րբ է սկսվելու ստորագրահավաքը, եւ ի՞նչ հարցեր են թերթիկի մեջ լինելու։
— Պաշտոնապես ստորագրահավաքն արդեն սկսվել է, բայց փաստացի սույն թվականի օգոստոսի 29-ին, այսինքն՝ մի քանի օրից, «Անի Գրանտ» հյուրանոցում լինելու է մեծ հավաք, որտեղ մենք կազմակերպելու ենք արդեն այդ ստորագրահավաքն իրականացնողների ժողովը։ Այդտեղ լինելու է աշխատանքային խորհրդակցություն՝ թե ինչպես, որտեղ եւ այլն։
Լինելու է հետեւյալ կերպ՝ բոլոր մարզպետարաններում, համայնքապետարաններում եւ այլուր մենք հնարավորություն ունենք հավաքելու ստորագրություններ։ Լինելու է գրաֆիկ, այդ գրաֆիկը կճշտվի, կհայտարարվի, եւ մենք ժողովրդին կհրավիրենք՝ կոնկրետ այսինչ օրը, այսինչ համայնքապետարանում ստորագրություն հավաքելու։ Այդպիսի ստորագրահավաքը Սահմանադրության եւ «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված գործընթացի շրջանակներում է, արտոնված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Համայնքապետարանները, մասնավորապես՝ նաեւ Երեւանի քաղաքապետարանը, արդեն ընդունել են որոշումներ, որ օրենքի սահմաններում տրամադրվում են տարածքներ, որտեղ կկազմակերպվի այդ ստորագրահավաքը։
Ի՞նչ է գրված թերթիկում։ Գրված է, որ Սահմանադրությունում պետք է կատարել փոփոխություն։ Այդ փոփոխությունը պետք է լինի հետեւյալը՝ եթե մենք արդեն ունենք միջազգայնորեն ստանձնած պարտավորություններ, ապա նոր միջազգային պարտավորությունները չպետք է հակադրվեն արդեն իսկ ունեցած պարտավորություններին։ Մասնավորապես, եթե մենք ունենք ԵԱՏՄ-ի անդամակցության պարտավորություններ, ապա մենք չենք կարող ստանձնել նոր պարտավորություններ, օրինակ՝ ԵՄ-ի, որոնք կհակասեն ԵԱՏՄ-ին։ Այսինքն՝ դրանով մենք ժողովրդին ասում ենք՝ դուք ուզում եք մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ ուզում եք դուրս գալ եւ գնալ Եվրամիություն, որտեղ դեռ պարզ չէ՝ մեզ կընդունե՞ն, թե՞ ոչ։
— Երկու տարի առաջ, երբ եվրոպամետ կուսակցությունները հավաքեցին 59 հազար ստորագրություն եւ մտան խորհրդարան, նրանց աջակիցները խորհրդարանում ավելի շատ էին՝ մեծամասնությունն էր, եւ Ազգային ժողովը ընդունեց այդ որոշումը։ Ասենք, թե Դուք հավաքեցիք 50 հազար ստորագրություն, արդյոք այն կընդունի խորհրդարանական մեծամասնությունը։
— Նախ, մենք օրենքի նախագիծ չենք նախատեսում։ Խոսքը տարբեր իրավաբանական գործընթացների մասին է։ Ինչ-որ դուք ասում եք՝ այո՛, դա օրենքի նախագիծ է, որն Ազգային ժողով մտցնելու համար անհրաժեշտ էր 50 հազար ստորագրություն, իսկ մենք ոչ թե օրենքի նախագիծ ենք մտցնում Ազգային ժողով, այլ հանրաքվեի պահանջով ենք հանդես գալիս, որի համար պահանջվում է 200 հազար ստորագրություն։ Բայց ասեմ ձեզ՝ իրենք հավաքել են 59 հազար ստորագրություն, եւ եթե մենք հավաքենք 60 հազար, նշանակում է, որ մենք առնվազն դնում ենք կասկածի տակ այդ Եվրամիության գնալու ճանապարհը։ Հենց 60 հազար ստորագրություն հավաքեցինք, դա արդեն կունենա քաղաքական մեծ նշանակություն։ Դրանով մենք կասենք, որ եթե դուք ունեք ձեր կողմնակիցները, մենք էլ ունենք մեր կողմնակիցները։ Եվ մեր կողմնակիցներն ավելի շատ են, քան ձերը։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովին եւ Ձեր նշած օրինագծի ընդունմանը, բնականաբար, իրենք ունեին իշխող կուսակցության՝ Նիկոլի քաղաքական գիծը, հասկանալի է, որ դա արվել է հենց այդ պատվերով։ Իսկ եթե անդրադառնանք մեր հույսերին Ազգային ժողովում, ապա ասեմ, որ մինչ օրս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կան խորհրդարանում, որեւէ կերպ չեն անդրադառնում, իմ կարծիքով, հիմա Հայաստանի համար ամենակարեւոր հարցին՝ Եվրամիություն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ Ե՛Վ ՀԱՊԿ-Ի, Ե՛Վ ԵԱՏՄ-Ի ՄԵՋ»
— Կարո՞ղ է՝ սպասում են մինչեւ օգոստոսի 29-ը, տեսնեն՝ ի՞նչ եք որոշում։
— Օգոստոսի 29-ին տեխնիկական հարցեր են քննարկվելու ընդամենը։ Ցանկացած կուսակցություն ցանկացած քաղաքական միավորում այսօր պետք է հայտարարի իր դիրքորոշումը այս կարեւորագույն հարցում։ Հատկապես, երբ Նիկոլն օրերս Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ Հայաստանը, որպես անկախ պետություն, այլեւս գոյություն չի կարող ունենալ։ Նա նշեց, որ մեր անվտանգությունը, եթե կապում ենք միջազգային ինչ-որ միջնորդների հետ, միջազգային ինչ-որ ուժերի հետ, միջազգային ռազմական բլոկների հետ, ապա դա շատ սխալ ճանապարհ է, այն բերելու է շատ ծանր հետեւանքների։ Այսինքն՝ նա ասում է, որ մեր անվտանգությունը մենք պետք է ապահովենք` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ձեւավորելով։
Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը՝ Հայաստանը դարձնելն է Արեւմտյան Ադրբեջան։ Դրա մասին նրանք չեն էլ թաքցնում։ Տիգրանաշենի կամ Նիկոլի եւ Ալիեւի լեքսիկոնով՝ Քյարքիի, ճակատագրին այսօր անդրադառնալը հենց այդ նպատակն է հետապնդում։ Այսինքն՝ հանձնել Տիգրանաշենը, դրանով կտրել Սյունիքը, հանձնել Սյունիքը Ադրբեջանին, ինչպես հանձնեցին Արցախը, հետո կասեն, որ Սյունիքը դա Արեւմտյան Զանգեզուրն է, ինչպես ադրբեջանցիներն են ասում, հետո կվերցնեն ամբողջ Հայաստանը։ Այս է նրանց ընտրած ճանապարհը։ Մեր ճանապարհը հետեւյալն է՝ մենք ասում ենք՝ ո՛չ, Հայաստանը պետք է լինի եւ՛ ՀԱՊԿ-ի մեջ՝ որպես ռազմական համագործակցության եւ անվտանգության երաշխիք, եւ՛ Հայաստանը պետք է լինի ԵԱՏՄ-ի մեջ, որը թույլ կտա մեզ տնտեսապես զարգանալ, պահպանել մեր տնտեսական շահերը։ Հակառակ դեպքում՝փոքրիկ Հայաստանը՝ 2,5 միլիոն բնակչությամբ, չի կարող դիմակայել մեզ շրջափակող 100 միլիոն բնակչություն եւ շատ ուժեղ տնտեսություն ունեցող երկու պետություններին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնք Հայաստանի տնտեսությունը մի քանի ամսվա մեջ կաղան ու մեր երկիրը կդարձնեն, ինչպես ասացի, վիլայեթ։
— Եթե Դուք այդ 60 հազարի փոխարեն՝ 57 հազար ստորագրություն հավաքեք, չունե՞ք մտավախություն, որ ասելու են՝ տեսա՞ք, որ մենք ճիշտ ենք, իսկ դուք՝ սխալ։
— Նախեւառաջ, սկսենք նրանից, որ մենք նախաձեռնության աջակցող ուժ ենք, եւ ես կոչ եմ անում բոլորին աջակցել «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբին, ոչ թե մնալ նստած՝ ստվերում, ծառի տակ կամ Ազգային ժողովում իրար ասել՝ «դու ապուշ ես», «հիմար ես», կամ՝ «ապուշը դու ես, հիմարը՝ հերդ է» եւ այլն։ Այդ թեմաներից պետք է դուրս գալ եւ զբաղվել կոնկրետ քաղաքական գործընթացներով։
Նստել եւ սպասել, թե Եվրոպան դուրս կգա՞ խաղից, կմնա՞ Թուրքիան, կհաղթահարե՞ն այդ 60 հազարը, չեն հաղթահարի՞, եթե հաղթահարեն՝ ի՞նչ կլինի, եթե չհաղթահարեն՝ ի՞նչ կլինի. այդ դիտորդի քաղաքականությունը մենք չենք ընդունում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները այսօր պետք է կողմնորոշվեն՝ ի՞նչ են ուզում։ Իսկ եթե անգամ հասարակ քաղաքացիները կարող են դեռեւս սպասել, ապա քաղաքական ուժերը, առավել եւս` այն ուժերը, որոնք ժողովրդի առաջ պատասխանատվություն են ստանձնել՝ մասնակցելով ընտրություններին եւ ստանալով ժողովրդի որոշակի ձայները, պարտավոր են այսօր հստակ հայտնել իրենց քաղաքական դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որի շուրջ արդեն մեկ տարի շատ լուրջ քննարկում է ընթանում։
Եթե մեր դաշնակից երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի ղեկավարները մեր ժողովրդին դիմում են, հարցնում եւ ասում՝ դուք իսկապե՞ս այսպես եք ուզում, իսկ քաղաքական ուժերն այդ ամենակարեւոր թեմայի շուրջ չեն խոսում, այլ շարունակում են քննարկել՝ ով է հիմար, ով է ապուշ, ով է գող, ով է ավազակ, ապա, բնականաբար, այդ ամենը կարող է տապալվել։ Հասկանալի է, որ սա համաժողովրդական գործընթաց պետք է լինի։
Ընտրություններից առաջ զգուշացնում էինք, որ Նիկոլը այս ձեւով կհաղթի, որովհետեւ այն նախընտրական ճարտարապետությունը, որը գործող քաղաքական ուժերը ձեւավորեցին, իհարկե, նպաստեց դրան։ Եվ հիմա էլ ենք զգուշացնում. ժողովուրդ ջան, մենք տվել ենք հնարավորություն, մենք մեկնել ենք ձեռք, այդ ձեռքը պետք է սեղմել։ Մենք կատարել ենք քայլ, այդ քայլին պետք է միանալ։ Եթե, իհարկե, ոչ ոք չմիանա, եթե ոչ մեկին դա պետք չլինի, եթե ոչ մեկին հետաքրքիր չլինի, ապա կարող է եւ տապալվել։ Բայց, ի վերջո, եթե մարդիկ տեսնում են, որ իրենք գնում են դեպի կործանում, իրենց երկիրը գնում է դեպի մասնատում եւ ոչնչացում, իրենց աչքի առաջ Արցախը հայաթափվեց, Տիգրանաշենը հիմա Նիկոլը հայաթափելու է եւ հանձնելու Ադրբեջանին, որից հետո, էլի եմ ասում, Սյունիքի պաշտպանությունն անհնար է, ապա ի՞նչ պետք է անեն։
Մենք այսօր մեր ժողովրդին տալիս ենք շանս՝ միանալու մեզ, ընդվզելու այս ամենի դեմ։ Բոլոր քաղաքական ուժերին մենք դիմել ենք, հարցրել ենք՝ դուք ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրը։ Բոլոր քաղաքական ուժերից առայժմ միայն ՍԻՄ կուսակցությունն է հստակ արտահայտվել եւ աջակցում է բոլոր ձեւերով այս նախաձեռնող խմբին։ Եթե ուրիշները չաջակցեն «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբին, իհարկե, գործընթացը կարող է եւ տապալվել։ Բայց այդ դեպքում մեր խիղճը մաքուր կլինի. մենք փորձեցինք ժողովրդին տալ հնարավորություն։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

