Եհովայի վկաները ՀՀ-ում համալիրն են վարձակալում, իսկ ՌԴ-ում` նրանց գույքն են բռնագրավում
ՎերլուծությունԵրեւանում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը շարունակում է իր խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճում։ Համաժողովներին մասնակցում են ոչ միայն Հայաստանից, այլեւ տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։ Իհարկե, կազմակերպությունը չի հրապարակել մասնակիցների թիվը, ինչպես դա անում է իր միջազգային համաժողովների դեպքում։ Օրինակ, Եհովայի վկաների պաշտոնական կայքն առանձին միջազգային համաժողովների համար հրապարակում է ե՛ւ մասնակիցների, ե՛ւ երկրների թվերը։
Կազմակերպության հայաստանյան գրասենյակը պնդում է, թե խոսքը սովորական ամենամյա տարածաշրջանային համաժողովների մասին է, որոնք ամիսներ ու տարիներ առաջ են պլանավորվում եւ որեւէ կապ չունեն Հայաստանի հասարակական կամ կրոնական օրակարգի հետ։ Համաժողովների ծրագրերը բացառապես հոգեւոր եւ կրթական բնույթ ունեն։
Սակայն այս օրերին Եհովայի վկաների գործունեության շուրջ միջազգային պատկերն այնքան էլ խաղաղ ու «զուտ հոգեւոր-կրթական» չէ, ինչպես այն ներկայացվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրություններում։ Օրերս Եհովայի վկաների սեփական պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Ռուսաստանում Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը որոշել է պետությանը փոխանցել կազմակերպությանը պատկանող 123 անշարժ գույք։ Անվավեր են ճանաչվել 123 անշարժ գույքի փոխանցման վերաբերյալ 60 պայմանագիր, որոնց մյուս կողմերը եղել են ԱՄՆ-ի, Ավստրիայի, Դանիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ռեզիդենտներ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականին Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկաների կառավարման կենտրոնը» եւ դրա կազմում գործող 395 տեղական կրոնական կազմակերպություն ճանաչեց ծայրահեղական եւ լուծարեց։
ԻՆՉ ՓՈՂԵՐ ԵՆ «ՖՌՈՒՄ» ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Հայաստանում անցկացվող միջոցառման մասով ուշագրավ է այն, որ Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ մեծ մարզադահլիճը վարձակալել է «Հայաստանի Հանրապետության Եհովայի վկաներ» կազմակերպությունը՝ օգոստոս ամսվա յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի համար։ Ըստ նրա, վարձակալության համար կազմակերպությունը վճարել է 200 մլն դրամ։
Ի դեպ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համաձայն, եթե 2018 թ․-ին ՀՀ-ում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը վճարել է ավելի քան 3 մլն դրամ հարկ, ապա 2024 թ․ այն կազմել է ավելի քան 117 մլն, իսկ 2025 թ․՝ մոտ 56 մլն դրամ։ Սա նշանակում է, որ սույն կրոնական կազմակերպությունը նիկոլական իշխանության օրոք սկսել է ծաղկել ու բարգավաճել, քան երբեւէ։
Ի՞ՆՉ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ
Ի վերջո, ինչու են հավաքվել աշխարհի Եհովայի վկաները Երեւանում։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2026 թվականի համաժողովների պաշտոնական ընդհանուր թեման է «Հավերժական երջանկություն»-ը։
Միջոցառումների ընթացքում քննարկվում են երջանկության, Աստվածաշնչի սկզբունքները առօրյա կյանքում կիրառելու, ընտանիքի եւ հավատքի հետ կապված հարցեր։ Ծրագրում ներառված են նաեւ հարցազրույցներ, տեսանյութեր եւ աստվածաշնչյան դրամատիկ բեմադրություններ։ Համենայնդեպս, այդպես են ներկայացնում հենց «վկաները»։ Իսկ թե որքանով Եհովայի վկաների ակտիվությունը Հայաստանում կապ ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայաստանյան իշխանության սանձազերծած պատերազմի, Ռուսաստանի հետ այս հարցում էլ հակադրվելուն, ցույց կտա ժամանակը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

