Չարախնդացողներին պետք է հիասթափեցնեմ. Հայտնի փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
Եր՞բ կվերադառանա Վարդան Ղուկասյանը, ի՞նչ ընթացքի մեջ է այս պահին միջազգային դատարանում քննվող դատավարությունը շատերին հուզող հարցի պատասխանին «Իրավունքի» խնդրանքով պատասխանում Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը.
- Վարդան Ղուկասյանի հարցը վաղուց դադարել է լինել մեկ անձի ազատության խնդիր․ այն հայտնվել է երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի ու հարաբերությունների խաչմերուկում։
Մարդը շուրջ մեկուկես տարի գտնվում է անազատության մեջ՝ առանց նրա նկատմամբ քրեական մեղադրանքի։ Այսքան երկարատև ազատազրկումը, դրա պայմաններն ու շարունակական անորոշությունը այլևս պարզապես իրավական ընթացակարգ չեն կարող ներկայացվել։ Դրանք առաջացնում են մարդու հիմնարար իրավունքների խախտման և անմարդկային վերաբերմունքի լրջագույն հարցեր՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։
Իսկ բոլոր այն չարախնդացողներին, որոնց թվում է, թե Վարդան Ղուկասյանը շարունակելու է անվերջ մնալ ճաղերի հետևում, պետք է հիասթափեցնեմ։
Ո՛չ մի բանտ հավերժ չէ։ Ո՛չ մի ապօրինություն՝ անժամկետ։ Եվ ո՛չ մի իշխանություն այնքան հզոր չէ, որ կարողանա անվերջ շրջանցել իրավունքը։
Վարդան Ղուկասյանը դուրս է գալու ազատության։ Իսկ դրանից հետո արդեն հարցը լինելու է ոչ թե այն, թե ինչո՞ւ նրան ազատ արձակեցին, այլ՝ ո՞վքեր, ինչո՞ւ և ի՞նչ պատասխանատվությամբ նրան այսքան երկար պահեցին անազատության մեջ։

