Ի՞նչ է թաքնված Սյունիքի զորամասերից մեկի շուրջ տարածվող աղմկահարույց գրառումների հետեւում
ԹեմաՖեյսբուքյան մի շարք կեղծ օգտատերերի էջերից լուրեր են տարածվում Սյունիքի մարզում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մասին, մասնավորապես՝ այնտեղ տիրող անառողջ մթնոլորտի, վերջերս նշանակված հրամանատար գնդապետ Տիգրան Ղուլունցի անմարդկային վերաբերմունքի, արատավոր փողոցային բարքերի մասին, ինչն էլ վերջին շրջանում հատկապես տեղի ունեցող ինքնասպանությունների ֆոնին անհանգստության տեղիք տվեց, եւ «Իրավունք»-ը փորձեց որոշակի ուսումնասիրություն կատարել հենց այդ զորամասի վերաբերյալ:
Տեւական ժամանակ փնտրում էինք վերջին մի քանի տարիներին ու հատկապես վերջերս զորացրված զինծառայողների, որոնց հետ էլ զրուցել ենք զորամասի մասին: Քանի որ նախկին զինվորներին հնարավոր է եղել գտնել ընկերական շրջապատի միջոցով հարցումների շնորհիվ, ուստի՝ գրեթե մեծամասնության խնդրանքն էր իրենց անունները չհրապարակել, քանի որ իրենք թուղթ են ստորագրել պետական գաղտնապահության վերաբերյալ:
Զինվորներից մեկը վերոնշյալ զորամասում ծառայել էր 2022թ.ամռանից: Վերջինս պատմում է, որ նոր էր ուսումնական զորամասից տեղափոխվել այդ զորամաս, երբ մոտ 2 ամիս անց սկսվեց 2022թ.սեպտեմբերի 13-ի գործողությունները: Այդ ժամանակ իրենց գումարտակի հրամանատարը ծանր վիրավորվում է, ու քանի որ գործողությունները շարունակվում էին, հենց մարտական դիրքերում նոր գումարտակի հրամանատար են բերում Տիգրան Ղուլունցին: Ըստ նախկին զինվորի խոսքերի, ընդամենը մի քանի ժամում Ղուլունցը համախմբում է ամբողջ անձնակազմը, ոգեշնչում նրանց ու հենց այդ վերաբերմունքի, հատկապես շատ մեծ խստապահանջության ու իր զինվորի հետ մի խրամատում պայքարելու շնորհիվ հնարավոր է լինում խուսափել ավելի շատ զոհերից:
Երբ զինվորին հարցրինք՝ իսկ միգուցե միայն ի՞նքն է այդպես մտածում, ասաց․«Մի մարդ կա, զանգեմ, եթե ցանկանա խոսել, հենց հիմա կգնանք իրենց տուն»: Առանձնացավ, խոսեց ու հետ եկավ: Հաջորդ օրը գնացինք իր համածառայակից ընկերներից մեկի տուն, պարզվեց նույն ժամանակահատվածում են ծառայել, վիրավորվել է նույն գործողությունների ժամանակ: Երբ պատմեցինք համացանցում տեղ գտած լուրերի մասին, հանգիստ նստած երիտասարդը միանգամից այլայլվեց. «Տեսել եմ, մի երկու մեկնաբանություն էլ ես եմ գրել տենց բան գրողների հասցեին: Տենց բան մենակ նրանք կարան խոսան, ովքեր չեն տեսել ոնց ա Ղուլունցը վիրավոր զինվորի համար աչքերը թրջում, հետո նենց անում, որ ոչ մեկ չտենա էդ, ոնց ա ցանկացած մեկին շան օրը գցում, երբ իր զինվորի հետ ճիշտ չեն պահում: Ինքը խիստ ա եղել, չափազանց՝ խիստ, բայց էդ խստության հետ մեկտեղ թույլ չի տվել, որ իր զինվորը մի բանի կարիք ունենա: Ոնց եք պատկերացնում` ձյունը դիրքի ճանապարհը փակած, մինչեւ կհասցնեին բացեին, ինքը ոտքով դիրք առ դիրք ման էր գալիս, հաց ու ջուր էր հասցնում»:
Ջերմ զրուցում էինք, երբ կողքից երիտասարդի պապիկը դռան անկյունում կանգնած ընդհատեց. «Բալես, լսի, ամեն ինչ էլ կարան խոսեն: Էսօր ոչ մեկս էլ բոլորի կողմից սիրված չենք: Վատն էն ա, որ էսօր սպայական կազմի մասին ինչ ասես խոսում են, ինչ ասես գրում են, մեկը չկա, որ էդ մարդկանց էլ պաշտպան կանգնի: Պատկերացրու էսօրվա մեր սերունդը, քանի երեխա կլինի, որ կգնա բանակ ու էդ անտեր հեռախոսների միջից դուրս կգա ու չի հարմարվի ծառայությանը: Տենց երեխեքը բողոքելու են, ասելու են` վատն են, որովհետեւ իրանք սաղ կյանք մարզանք չեն արել, ամենածանր բանը իրանց էդ հեռախոսներն են եղել, որ վերցրել են»:
Տղաներին խնդրեցինք հնարավորինս օգտագործելով իրենց հին կապերը, որպեսզի վերջերս զորացրված զինվոր գտնեն այդ զորամասից, ում հետ եւս կկարողանայինք խոսել: Ասացին, որ եթե մի շաբաթ սպասենք, իրենց գյուղից մի տղա կա, ով զորացրվելու է, անպայման կկազմակերպեն: Մոտ 10 օր անց զանգեցին, հանդիպեցինք։ Իրականում ընդամենը մեկ շաբաթ առաջ զորացրված զինվորի պատմելու ընթացքում ցուցաբերած էմոցիաները բավարար էր հասկանալու համար, որ բանակում այն քիչ մնացած կարգին սպաներին փորձում են արատավորել՝ միայն թե արդարացնեն հենց ծնողների կողմից բացթողումները իրենց երեխաների դաստիարակության ու կայացման հարցում:
Նոր զորացրված զինվորին, երբ ներկայացրինք, թե ինչեր են գրում սոցցանցերում, ծիծաղեց. «Մենք էտ սաղ գիտենք, սպաներից լսում էինք, իմանում, ուղղակի հիմնականում ֆեյք էջեր են, ու հնարավոր չի գտնել նման մարդկանց ու ցույց տալ բոլորին, թե ինչպիսի «երեխեք» են թաքնված նման նյութերի հետեւում: Տեսեք, ես մինչեւ բանակ գնալս, մի տարի իրավաբանություն եմ սովորել, քիչ թե շատ գրագիտություն ունեմ ու կարողանում եմ հստակ տարանջատել խստությունն ու վատ հրամանատարությունը, իսկ երբ բանակ ա գալիս, օրինակ, ամբողջ կյանքում արվեստով զբաղված մի զինվոր, ու իրան ասում են, որ պիտի ֆիզիկական որակներ զարգացնի, ամեն օր պարապի, կոփվի, դաշտում պառկի կրակի, էտ մարդուց ի՞նչ եք սպասում, միանգամից զանգում են մամաներին ու սկսում բողոքել: Շատ ենք տեսել նման բաներ: Շատ ենք լսել հրամանատարների կողմից բացատրական աշխատանքներ, որ բանակը կոփվելու համար է, զինվորը պիտի պատրաստված լինի: Մեկ-մեկ էնքան էին նույն բանի մասին խոսում, որ մտածում էի մեզ անհասկացողի տեղ են դնում: Մի հատ ուրիշ բան ասեմ էլի, ես տարիքով մի քիչ մեծ եմ եղել, ուղղակի ուշ եմ գնացել բանակ ու լավ հասկանում եմ, որ եթե մեր ընտանիքներում մեր ծնողները երկու-երեք երեխա ունենալով, մեկ ա, ջղայնանում են, համբերությունները չի հերիքում, բա բանակում, մանավանդ էսօր, որ մի 100 զինվորի գլխին մի սպա է, բա ի՞նչ պիտի լինի վիճակը: Իսկ Տիգրան Ղուլունցը, որ ասում եք` ինքը խստապահանջ հրամանատար ա, իրա նպատակը մեկն ա, ամեն գնով, զինվորը ոտքով-ձեռքով տուն հասնի: Մեր զորամասը կարգախոս ունի` «Մե՛կ դիրք, մե՛կ ընտանիք», ու էտ հրամանատարի ամեն երկրորդ բառը դրա մասին ա: Իսկ էտ ներկայացված, ձեր ասած դեպքերը գիտե՞ք երբ ա լինում, երբ տենում ա երկու զինվոր կռվել են իրար հետ, մեկը մեկին վնասել ա, երբ տենում ա, որ մի բան սարքում են, մի բան նորացնում են, զինվորը միտումնավոր դնում փչացնում ա, քանդում ա, երբ տենում ա, որ ֆիզիկական պատրաստությամբ չեն զբաղվում, իրանց չեն մարզում: Էնքան բան կա պատմելու, որ կարող ա շատ երկար լինի, բայց արդեն , որպես քաղաքացիական մարդ, ասում եմ, երբ նման ինչ- որ բան ընկավ աչքովս, հաստատ խորանալու եմ, գնալու եմ մինչեւ վերջ ու գտնելու եմ նման բաներ գրողներին ու իրանց էլ եմ հանրայնացնելու: Չի կարելի, մի քանի սպա է մնացել էս բանակում, իրանց հարցն էլ լուծենք, փակենք բանակը»:
Ի դեպ, «Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել նաեւ անձամբ Տիգրան Ղուլունցի հետ, ով պատասխանելով մեր հեռախոսազագին եւ իմանալով ինչի համար ենք զանգահարել, միայն ասաց հետեւյալը․ «Ես զինվորական եմ, իմ գործը ծառայելն է այս պետությանը, խնդրում եմ հարցազրույցների համար ինձ մի անհանգստացրեք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

