Մանդատավոր ընդդիմությունը ո՛չ տեսել է, ո՛չ` լսել

Վերլուծություն

Հայաստանի քաղաքական կյանքում այսօր կա մեկ հարց, որից պարզապես հնարավոր չէ փախչել՝ ո՞ւր է գնում Հայաստանը։ Դեպի Եվրամիությո՞ւն, դեպի եվրասիական տարածք, թե՞ փորձում է հերթական անգամ նստել երկու աթոռի արանքում՝ ոչ մեկին չկորցնելու եւ բոլորից ինչ-որ բան ստանալու հույսով։ Այս հարցը վաղուց արդեն արտաքին քաղաքականության նեղ մասնագիտական թեմա չէ։ Այն տնտեսական, անվտանգային եւ, ի վերջո, պետական գոյության հարց է։ Ու հենց այս պատճառով առավել զարմանալի է այն լռությունը, որ այսօր ցուցադրում է մանդատավոր ընդդիմությունը։ 

Մինչ հասարակության առաջ դրվում է երկրի ապագա արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, մինչ «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել եւ մինչեւ հոկտեմբերի 1-ը 200 հազար ստորագրություն հավաքելու խնդիր է դրել՝ հանրաքվե անցկացնելու եւ այս հարցը մեկընդմիշտ փակելու համար, խորհրդարանում նստած ընդդիմադիր ուժերը կարծես որոշել են, որ այդ հարցն իրենց չի վերաբերում։ Բայց եթե սա նրանց չի վերաբերում, ապա ի՞նչն է վերաբերում։ Խորհրդարանական անիմաստ վեճե՞րը, մանր ինտրիգնե՞րը։ Այս առումով դիպուկ գնահատական է տվել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ասում է՝ նույնն է, թե նավի մեջ ջուրը բարձրանա եւ, խեղդվելուց փրկվելու փոխարեն՝ քննարկեն, թե պատերն ինչ գույնի են։ 

Հայաստանի քաղաքական իրականության մեջ այսօր հենց սա է տեղի ունենում։ Երկրի արտաքին կողմնորոշման շուրջ խորացող բանավեճի պայմաններում մանդատավոր ընդդիմությունը չի ասում՝ մենք ո՞ր կողմում ենք։ Չի ասում՝ Հայաստանը պե՞տք է գնա եվրոպական ինտեգրման ճանապարհով, թե՞ պահպանի եւ խորացնի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ։ Չի ասում՝ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը։ Չի ասում՝ ինչպե՞ս է փոխհատուցվելու այն տնտեսական ռիսկը, որը կարող է առաջանալ գործող շուկաների եւ տնտեսական կապերի թուլացման դեպքում։ Չի ասում նաեւ հակառակը՝ եթե եվրոպական ուղղությունն է ճիշտ, ապա կոնկրետ ի՞նչ ենք ստանալու դրանից։ Մի խոսքով՝ հարցին, որը կարող է որոշել Հայաստանի առաջիկա տասնամյակների ընթացքը, պատասխանի փոխարեն՝ լռություն է։

Մինչդեռ հենց այսօր այդ հարցը հասել է անգամ Բիշքեկ։ Այսօր սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սա հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումն է։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախագահ Պուտինը Փաշինյանի հետ քննարկելու է Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ձգտումները։ 

«Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել Եվրամիությանն անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունից: Այս հարցը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծել: Այս մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն», - նշել է Պուտինի օգնականը:

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԼՅԱՆՍԸ» ՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԴՐԵԼ Է ՍԵՂԱՆԻՆ

Այս համատեքստում բավական կարեւոր էր օրերս տեղի ունեցած «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնության համաժողովը։ 
Նախաձեռնության առաջարկը հետեւյալն է՝ հանրաքվե անցկացնել եւ Սահմանադրության լրացմամբ այնպիսի իրավական մեխանիզմի ստեղծել, որը կբացառի Հայաստանի գործող օրենքներին ու միջազգային պայմանագրերին ուղղակիորեն հակասող նոր պայմանագրերի ստորագրումն ու վավերացումը։

Նախաձեռնության աշխատանքային մեծ ժողովը համախմբել էր քաղաքական եւ հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնության համակիրների ու պարզապես երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների։ Ելույթներ են ունեցել ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, տեսակապով՝ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ինչպես նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը։

Հնչել են գնահատականներ՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն։ Եվ հենց այստեղ է սկսվում իրական քաղաքական օրակարգը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԽՈՍԵԼ

Եթե մանդատավոր ընդդիմությունը համոզված է, որ Հայաստանի ապագան եվրոպական ուղղությունն է, ուրեմն՝ պետք է ուղիղ հայտարարի այդ մասին։ Իսկ եթե համոզված է, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ եվրասիական համակարգում, այլեւս անտրամաբանական է ավելորդ սեթեւեթանքները։
Օրինակ, նույն մանդատավոր ընդդիմությունից հնչում են կարծիքներ, թե հնարավոր է երկուսի միջեւ հավասարակշռություն պահպանել, ուրեմն՝ թող ներկայացնեն՝ ինչպե՞ս։ Ակնհայտ է, որ խորհրդարանում լավ տեղավորված ընդդիմությունը վախենում է Արեւմուտքից, վախենում է Ռուսաստանից, վախենում է անգամ սեփական ստվերից։ Ահա այստեղ է նրանց գլխավոր խնդիրը։ Չէ որ հստակ դիրքորոշում ունենալը պատասխանատվություն է ենթադրում։ Մշուշոտ խոստումներով, ընդհանրական հայտարարություններով եւ թեմայից թեմա տեղափոխվելով, հնարավոր է պահպանել քաղաքական հարմարավետությունը, բայց հնարավոր չէ առաջնորդել հասարակությանը։ 

Ի վերջո, պատգամավորը մանդատը չի ստանում նրա համար, որ հաջորդ ընտրություններին պարզապես կրկին մանդատ ստանա։ Մանդատը պատասխանատվությո՛ւն է։ Եվ եթե այսօր երկրի առջեւ կանգնած է ռազմավարական ընտրության հարց, ապա հասարակությունն իրավունք ունի իր պատգամավորից լսելու հստակ պատասխան։ Սա է քաղաքականությունը։ Ոչ թե «մենք լավն ենք, նրանք վատն են» անսկիզբ ու անվերջ դիսկուրսը։ 
«Եվրասիական ալյանսը» կարող է հավաքել 200 հազար ստորագրություն, կարող է չհավաքել։ Դա արդեն հասարակության որոշումն է։ Բայց ստորագրությունների քանակից անկախ՝ բարձրացված հարցը չի անհետանալու։ Հայաստանը ստիպված է որոշելու՝ ինչպիսի արտաքին քաղաքականություն է ուզում ունենալ։ Եվ այս հարցը չի լուծվելու լռությամբ։ Հասարակությունը պետք է լսի ոչ միայն իշխանությանը, այլեւ` ընդդիմությանը։
Ընդ որում՝ ոչ թե այն ընդդիմությանը, որը հերթական անգամ ասում է՝ «իշխանությունը սխալ է», այլ այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են ասել՝ իսկ մենք ի՞նչ ենք անելու։

Օրինակ, Հանրապետական կուսակցության դիրքորոշումն այս հարցում արդեն իսկ երեւում է։ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը անդրադարձել է նրան, որ Իսլանդիան հանրաքվեով հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելուց. «Խելացի մարդիկ են իսլանդացիները, որոնց 52,8%-ը քվեարկել է դեմ: Իրականում, ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է»: Իսկ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծում է. «Շատերի կարծիքով՝ ՔՊ-ն ընտրել է Արեւմուտքի հետ ինտեգրվելու ճանապարհը։ Բայց կա նաեւ կարծիք, որ գործող ռեժիմն ընտրել է ո՜չ Արեւմուտքը ,ո՜չ էլ Ռուսաստանը։ Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել, որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղին»։

ՎՐԵԺԻ ԾԱՐԱՎԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Իսկ ինչո՞վ է զբաղված իշխանությունն այս օրերին, ոչ պակաս ուշագրավ է։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ուղիղ հայտարարում է. «Մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանից, այլ ենթադրյալ կոռուպցիոներներից, բոլորից հատ առ հատ վրեժխնդիր ենք լինելու։ Ռոբերտ Քոչարյանն էլ մուծվելու է մինչեւ վերջին կաթիլը այն բոլոր գումարները, որը դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել՝ որպես ապօրինի ձեռքբերված գույք, եթե ապացուցեն։ Բայց ես կարծում եմ, որ շանսերը մեծ են, որ կապացուցեն»։

Ինչ խոսք, ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձին պետությանը, իհարկե, դժվար է գտնել մեկին, որ երկու ձեռքով կողմ չլինի, բայց օրենսդիր մարմինը խոսում է վրեժխնդրությունից ու իր մանկական տրավմաներից, սա նորմա՞լ է։ Էլ Հայաստանն իրավական պետություն չէ՞, իրենց լեզվով ասած՝ ժողովրդավարության բաստիոն չէ՞, որ օրենքը գործելու փոխարեն՝ վրեժխնդրությունն է գործում։

Իհարկե, այս ամենը սպասելի էր։ Եվ հենց դրա համար էր ժամանակին՝ 1998 թվականին, մի շարք քաղաքական ուժեր պահանջում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական գնահատական տալ ՀՀՇ-Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների հանցագործություններին։ Մինչդեռ նա խուսափեց նախադեպ ստեղծելուց, գուցե հույս ունենալով, որ նույնկերպ կվարվի, ու ինքն էլ կմնա անպատիժ։ Բայց, արի ու տես, որ ՀՀՇ-ի զավակները՝ ներկայիս իշխանություններն, այս հարցում ավելի վճռական են ու անողոք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում