Հայ–թուրքական հաջորդ գործարար համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում
Հայ–թուրքական պատասխան գործարար համաժողովը նախատեսվում է Հայաստանում անցկացնել 2026 թվականի հոկտեմբերին։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը հիշեցրել է, որ վերջերս Թուրքիայի Կարս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել է նաև հայկական ներկայացուցչական պատվիրակություն։ Միրզոյանն այդ հանդիպումը գնահատել է որպես «շատ հաջողված»։
Նրա խոսքով՝ թուրքական կողմն առաջարկել է հաջորդ գործարար համաժողովն անցկացնել Հայաստանում։
«Մենք այն շատ արագ ենք կազմակերպում, և համաժողովը, նախնական ծրագրով, տեղի կունենա հոկտեմբերին»,- հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությանը՝ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմի գնահատմամբ՝ երկու երկրներն էլ պատրաստ են սահմանը բացելու և այն գործարկելու։
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարծում ենք, որ մեր երկու երկրները պատրաստ են սահմանի բացմանը և դրա գործարկմանը։ Դրա պահանջը կա, դա ժամանակի հրամայականն է»,- ասել է Միրզոյանը։

