Ի՞նչ երեսով է Իշխան Զաքարյանը կրկին ակտիվացել․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱԺ նախորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր մանդատ զբաղեցրած ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ, որը, որպես պատգամավոր, այդպես էլ մի ծպտուն չհանեց որեւէ հարցում, հանկարծ ակտիվացել է։ Վերջինս, լինելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպման ընթացքում, իհարկե, շատ բնական կլիներ, որ Զաքարյանը նախագահի հետ քննարկած լիներ, թե առաջիկա Համահայկական խաղերն ինչքանո՞վ են համահայկական բնույթ կրելու, օրինակ՝ Արցախը, Ջավախքը, ի՞նչ կերպ է ներկայացված լինելու, եթե՝ իհարկե, առհասարակ լինելու են։ Եվ վերջապես՝ բարձրաձայներ, թե էլ ի՞նչ երեսով պետք է Համահայկական խաղեր անցկացվեն, երբ 24/7 ռեժիմով իշխանությունը ցեխ է շպրտում Սփյուռքի ուղղությամբ ու վատաբանում։ Կամ, ասենք, ինչպե՞ս են առանց ամաչելու նայելու Սփյուռքի երիտասարդների աչքերի մեջ ու վերահաստատելու, որ օրվա իշխանության թեթեւ ձեռքով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու արտաքին քաղաքական օրակարգում։ Բայց, արի ու տես, որ՝ ոչ։ Զաքարյանն ի զարմանս մեզ՝ գնացել էր Խաչատուրյանին պատմելու, թե ինչպես է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ Ջրվեժի անտառպարկի հարակից տարածքում կառուցում բազմաֆունկցիոնալ համալիր, որի հիմնարկեքն էլ լինելու է շուտով։ Համալիրը Համահայկական խաղերի ընթացքում կծառայի մասնակիցների կեցության եւ խաղերի կազմակերպման նպատակներին, իսկ խաղերից դուրս կշարունակի գործել որպես երիտասարդական, մարզական եւ իբրեւ Հայաստան-Սփյուռք համագործակցության մշտական հարթակ։ Այստեղ են ասել՝ ով ուզում ա «հաչա», Իշխանի գործերը միշտ էլ աջ ա։
Իսկ ահա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների գործերը հեչ լավ չեն։ «Հայաստան» դաշինքի կալանավորված առաջնորդի ծննդյան առթիվ երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, «Հայաստան» խմբակցության ղեկավար ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ լրագրողն ուղիղ հարցրել է՝ ի՞նչ է արել ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը Արցախի հանձնումը խափանելու ուղղությամբ, վերջինս ի պատասխան՝ էլի Նիկոլ Փաշինյանից է բողոքել, ապա պահանջել չթիրախավորել իրենց ուժին: Իսկ հարցին պատասխա՞ն, չկա ու չկա։ Ըստ նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի, իրականում պատասխանը հետեւյալն է․«Ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի արել Արցախի հանձնումը խափանելու ուղղությումբ: Ընդհանրապես՝ ոչինչ: Ավելին՝ Արցախի հանձնումից հետո 2 տարի Քոչարյանն ընդհանրապես անհետացել էր: Հայտնվեց ընտրություններից առաջ… Տիկին Աննան փորձում է մարդկանց էշի տեղ դնել, սակայն չեմ կարծում, որ այլեւս դա հնարավոր է»:
Ոչ պակաս էշի տեղ է ուզում բոլորիս դնել Եվրահանձնաժողովի նախագահ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԸ։ Նա առաջարկել է եվրոպական տնտեսության մեջ ներգրավել եվրոպացիների տրիլիոնավոր խնայողությունները։ Այս նախաձեռնությամբ նա հանդես է եկել Փարիզում կայացած La REF ամենամյա բիզնես համաժողովում։ «Այսօր տնային տնտեսությունների 10 տրիլիոն եվրոյի խնայողությունները շարունակում են մնալ բանկային ավանդներում, իսկ եվրոպական խնայողությունների զգալի մասն էլ ներդրվում է մեր մայրցամաքից դուրս», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։ Ի՞նչ է սա նշանակում, ավելի հանրամատչելի բացատրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը․«Այսինքն՝ ԵՄ մտնելով, մեր քաղաքացիները ստիպված են լինելու իրենց խնայողությունները տրամադրել Ռուսաստանի դեմ պատերազմում ԵՄ-ին ֆինանսավորելու գործին։ Առաջարկում եմ հայաստանյան լիբերաստներին առաջին ներդրումն անել՝ իրենց սեփական խնայողությունների հաշվին»։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

