Ազգային պատկերասրահը վերածվում է ազգային խայտառակության
ՄշակութայինԱզգային պատկերասրահի 3-րդ հարկում օրերս նախատեսվում է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի ներկայացումն ու վաճառքը։ Գրքի հեղինակը մանրամասնել է, որ այն 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» եւ «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մասին պատմություն է։
Սեփական ծննդավայր Արցախը թշնամուն հանձնելուց հետո՝ իր աթոռն ավելի կարեւորած Արմեն Գրիգորյանի հետ կապված, վաղուց ամեն ինչ պարզ է, բայց այստեղ հարցեր է առաջանում պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Տիկնայք ինչ-որ դիսոնանս չեն տեսնո՞ւմ, որ պատկերասրահում կարող է ցուցադրվել Անահիտ աստվածուհու գլուխը, Այվազովսկու «Իններորդ ալիքը» եւ «Քայլ արա, մերժիր Սերժին» գիրքը. սա՞ է այսօր Ազգային պատկերասրահի մշակութային օրակարգը։ Համենայնդեպս, ամիսներ առաջ վերանշանակվելով Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում Մարինա Հակոբյանն այլ հավակնոտ ծրագրերի մասին էր խոսում, ոչ թե պատկերասրահը քաղաքական հարթակ դարձնելու։ Եվ եթե մենք էլ լռեինք, Մարինա Հակոբյանի պապը՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Գրիգոր Աղասյանը գերեզմանում հաստատ շուռ կգար։
Եթե 2018-ին «Սերժին մերժելը» ներկայացվում է որպես քաղաքական հաղթանակ, ապա հասարակությունն իրավունք ունի նաեւ հիշելու այդ շրջանի հետագա զարգացումները։ Այդ քաղաքական շրջափուլի ավարտին Հայաստանը մտավ ծանրագույն փորձության՝ 44-օրյա պատերազմի մեջ, ունեցավ հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ եւ ազգային աղետ, որի հետեւանքները դեռ շարունակում են ապրել մեր հասարակության մեջ։ Ի վերջո, Արցախի հանձնման եւ պատերազմի զոհերի հիշողության ֆոնին «Քայլ արա, մերժիր Սերժին»-ը այն ողբերգական հետեւանքն է, որի համար հասարակությունը դեռ պատասխաններ է պահանջում։ Հետեւաբար այս գրքի վերնագիրը շատերի համար այսօր այլեւս պարզապես 2018-ի քաղաքական կարգախոս չէ։ Այն դարձել է ազգային խայտառակության խորհրդանիշ։
Եվ այդ պատճառով էլ հարցը շատ պարզ է. արդյո՞ք Ազգային պատկերասրահը պետք է այդ քաղաքական ակտը ներկայացնող գիրքը ոչ միայն հյուրընկալի, այլեւ իր տարածքում վաճառքի հանի։ Օրինակ, պատկերասրահի տնօրինությունն իր դռներն այդքան լայն կբացե՞ր, եթե որեւէ մեկը ցանկանար ներկայացնել Փաշինյանի իշխանության դեմ ուղղված քաղաքական գիրք, ասենք՝ «Նիկոլ՝ հողատու» վերնագրով։ Եթե՝ այո, ապա սա արդեն ուրիշ հարց է, թող կանոնը լինի բոլորի համար նույնը։ Իսկ եթե՝ ոչ, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ո՞վ եւ ինչպե՞ս է որոշում, թե որ քաղաքական քարոզչությունն է թույլատրելի Ազգային պատկերասրահում։
Քաղաքական գրքերը կարող են վաճառվել գրախանութներում։ Բայց Ազգային պատկերասրահը չպետք է վերածվի որեւէ քաղաքական ուժի անցյալի փառաբանման կամ արդարացման հարթակի։ Գրո՛ղը տանի, մեր մշակույթն ավելի բարձր արժեք ունի։ Եվ ո՞ւր է մշակութային համքարությունը, մի՞թե սա հանդուրժելու է։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

