«Վեոլիա ջուր»-ն «անակնկալ» մատուցեց գիտելիքի օրվա առթիվ
ՀասարակությունԴե ինչ, սկսվեց ուսումնական տարին, եւ ինչպես եղել է, այնպես էլ կշարունակվի դրան պատրաստվելու լայնածավալ գործընթացը:
Բնականաբար, ամեն ծնող շտապում է գնել հագուստ, պայուսակ, տետր, գրիչ ու ծաղիկներ: Այս ողջ պատրաստվածությունը ամփոփվում է օգոստոսի 31-ին` լոգանքով: Սակայն, ալե հոպ՝ ջրերը կտրել են:
Նոր Նորքի 4-րդ զանգվածի համար երեկոն դաժան էր: Երբ բոլորը լոգանք պետք է ընդունեն, հագուստ լվանան, պատրաստվեն, «հարազատ թշնամի» հանդիսացող «Վեոլիա ջուր» ընկերությունը չար կատակով անջատում է մասիվցների գլխից ջրամատակարարումը:
«Դե՛, տղա եք, լողացեք», կասեր անհայտ մտածողը, բայց հարցը չի լուծվում, որքան էլ այլեւս փորձում ենք սարկազմով մոտենալ խնդրին: Թե բա՝ շնորհավոր սեպտեմբերի 1, սիրելի՛ բալիկներ եւ ծնողներ:
Ամռան տապին շատ տարօրինակ կերպով, չգիտես ինչպես, հանկարծ վնասվում էին միանգամից մի քանի վարչական շրջանի ջրամատակարարման խողովակներ, իսկ օգոստոսի 31-ին, բոլորովին անհասկանալի պատճառով, մի ողջ թաղամաս ջրազրկվում է: Այն աստիճան, որ անգամ խմելու ջուր մարդիկ ստիպված են լինում գնել մոտակա խանութից, իհարկե, եթե հասցնեն, քանի որ բոլորն էլ ջուր խմելու անհագ ցանկություն են ունենում, ներողություն արտահայտությանս համար՝ մենք էլ ենք մարդ....
Խնդիրը ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ օդում կախված` չլուծված եւ առանց որեւէ պատասխանատվության: Թե «Վեոլիա ջուրը» որքան է հայ ազգի քթից բերելու եւ մնալու «հարազատ թշնամի», դա էլ է անհասկանալի, սակայն այն, որ այդ ընկերությունը ապրում է բացառապես беспредел սկզբունքներով՝ հերքել չի կարող ոչ ոք: Այս դեպքո՞ւմ էլ պիտի ասենք՝ դե՛ «խեղճ» պետությունն ի՞նչ անի, «Վեոլիա ջրի» դեմ խաղ չկա...
ՆԱՆԱ ՍԱՐՐԳՍՅԱՆ

