Փորձում են նոր ընտրություններ կազմակերպել Գյումրիում եւ զավթել իշխանությունը․ Համբարյան
ՆերքաղաքականՀոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Մասնավորապես՝ ՏԻՄ համամասնական ընտրություններ հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ եւ Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաեւ մարզի Աշոցք եւ Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
«ԻՆՁ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ»
— Ինչպես տեղեկացանք, Շիրակի մարզում եւս առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Համայնքների խոշորացման անվան տակ չի բացառվում, որ ընտրություններ տեղի ունենան նաեւ Գյումրիում։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ կոնկրետ Շիրակի մարզում կայանալիք ՏԻՄ ընտրությունները, ավելի շատ մարդկանց հետաքրքրում են այն տեսանկյունից, որ գործող իշխանություններն այս անգամ չհամակերպվելով գյումրեցիների ընտրության հետ՝ փորձում են հիմա ուզուրպացնել իշխանությունը Գյումրիում։
Արհամարհած ունենալով գյումրեցու ընտրությունների արդյունքների վրա՝ հիմա փորձում են նոր ընտրություններ կազմակերպել Գյումրիում եւ զավթել իշխանությունը։ Գիտե՞ք՝ ինձ ինչն է զարմացնում՝ գործող իշխանությունների լկտիության մակարդակը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տնային կալանքի տակ է, նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորված է՝ շինծու քրեական գործերով, իսկ իշխանությունը փորձում է իր այլանդակությունները, որին ակտիվորեն մասնակցում է նաեւ Նիկոլի իրավապահ համակարգը, ներկայացնել, թե Գյումրիում պետք է տեղի ունենան արդար ընտրություններ:
Արդար ընտրություններ տեղի են ունեցել Գյումրիում ընդամենը մեկուկես տարի առաջ, 2025 թվականին՝ մարտի վերջին։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ նոր ընտրություններ են կազմակերպում: Որովհետեւ ընդամենը գյումրեցիների 37 տոոկոսը ձայն տվեց Նիկոլի ղեկավարած ՔՊ-ին։ Դա է պատճառը, որ նիկոլականներն «աբիժնիկ» են գյումրեցիներից։ Խնդիրը սա, եւ այդ բոլոր խոսքերը, զրպարտիչ հայտարարությունները, թե բա՝ Գյումրիում անիշխանություն է եւ այլն, ուղղակի ծիծաղելի է. Գյումրիում ոչ մի անիշխանություն չկա, այլ շատ նորմալ իշխանություն է, իսկ Գյումրիում առկա բոլոր խնդիրները հիմնականում կապված են գործող իշխանությունների հետ:
Առիթից օգտվելով, որ հանրության մի զգալի մասը անգրագետ է, փորձում են ներկայացնել, իբր Գումրիի փողոցների խնդիրները կապված են քաղաքային իշխանությունների հետ։ Այնինչ, դա այդպես չէ։ Այն բոլոր փողոցները, որոնց վերանորոգումը ՏԻՄ-ի հետ է կապված, նորմալ վիճակում են։ Իսկ այն փողոցները, որտեղ, կոնկրետ ծրագրերը պետք է իրականացներ հենց Նիկոլի կառավարությունը՝ աղետալի վիճակում է։ Երբ Նիկոլը գալիս է Գյումրի քաղաք, գնում է Անի թաղամասում գտնվող 41-րդ դպրոց, այնուհետ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լկտիաբար նշում է, թե բա՝ որոշ փողոցներ աղետալի են։ Ճիշտ է ասում, բայց մի տարբերությամբ՝ ինքը չի ասում, որ Անի թաղամասի բոլոր փողոցների ասֆալտապատումը կառավարության ծրագիրն է։ Չի ասում, որ 5 տարի է բացարձակ մատը մատին չէին տալիս Գյումրիի ամենախոշոր եւ մեծ փողոցներից մեկի՝ Շիրակացի փողոցի վերանորոգման առումով: Նույնը վերաբերում է Նժդեհի հրապարակին՝ դեպի Արեւիկ գյուղ տանող ճանապարհը վերանորոգելու առումով, եւ փորձում են իրենց չկատարած գործերը գցել Գյումրիի գործող իշխանությունների գրպանը: Նման կերպ մարդկանց հանելով գործող իշխանությունների դեմ, ստեղծելով իբր ճգնաժամ։
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՇԱՏ ՍԽԱԼ ՔԱՅԼԻ ԴԻՄԵՑ ԵՎ ՔՊ-ԻՆ ԸՆԴԳՐԿԵՑ ՈՐՊԵՍ ԿՈԱԼԻՑԻԱ»
— Բայց ի՞նչ եք կարծում՝ այս ընտրություններում գյումրեցին այլ ընտրություն կկատարի՞։ Ի՞նչ հույսեր կարող է այս առումով ունենալ իշխանությունը։
— Այստեղ խնդիրը շատ կարեւոր է՝ իսկ ովքե՞ր են մասնակցում ընտրություններին։ Նիկոլը քաղաքական դաշտը մաքրում է հիմնականում այն մարդկանցից, ովքեր կարող են ՔՊ-ի համար մեծ պրոբլեմներ ստեղծել։
Եկեք չմոռանանք, որ նույն Նիկոլի թայֆան նաեւ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տանուլ է տվել Գյումրիում։ Եվ նշեմ նաեւ, որ 2021 թվականին Բալասանյանի թիմը, կարելի է ասել, առաջին տեղը գրավեց Գյումրիի ՏԻՄ ընտրություններում: Նրանք կարող էին այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միավորվելով՝ ձեւավորել իշխանություն, եւ ՔՊ-ն կմնար ընդդիմություն, ինչպես եղավ 2025 թվականի ընտրությունների ժամանակ։ Բայց խնդիրն այն է, որ այդ ժամանակ Բալասանյանը շատ սխալ քայլի դիմեց եւ ՔՊ-ին ընդգրկեց՝ որպես կոալիցիա։ Եվ ամենազավեշտալին այն է, որ ՔՊ-ի ներկայացուցիչները փորձում են ներկայացնել այնպես, որ իրենք ընդհանրապես ոչ մի ձեւաչափով իշխանություն չեն եղել Գյումրիում։
«ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՇԽԱՏԱՆՔԸ․ ՇԱՏ ԹՈՒՅԼ ԵՆ»
— Պարոն Համբարյան, իսկ ինչպե՞ս կգնահատեք նոր ձեւավորված խորհրդարանի աշխատանքների առաջին միամսյակը:
— Այս Ազգային ժողովն ինձ համար ոչ լեգիտիմ է: Պետք է արձանագրենք, որ նույն Նիկոլի իշխանությանը սատարող որոշ հանրային եւ հասարակական գործիչներ, օրինակ, ինչպիսին է Դանիել Իոաննիսյանը եւ ուրիշներ, արձանագրել են ու ընդունել այն փաստը, որ գործող իշխանությունների կողմից ձեւավորված Ազգային ժողովը ոչ լեգիտիմ է։ Դանիել Իոաննիսյանի հարթակը նշում է, որ տեղի է ունեցել դասական մանդատագողություն, որը կտրուկ ազդել է կառավարման համակարգի վրա:
Եթե Գագիկ Ծառուկյանն անցներ Ազգային ժողով, ունենար 5 պատգամավոր, Նիկոլը կլիներ քաղաքագիտության մեջ «Хромая утка» եւ կունենար մի այնպիսի կարգավիճակ, որ չէր կարող ընտրել գլխավոր դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ եւ այլն։ Պետք է ասեմ, որ ինձ նաեւ դուր չի գալիս ընդդիմության եւ հատկապես «Ուժեղ Հայաստանի» աշխատանքը․ շատ թույլ են։ Այդ հայտարարությունները, իբր նոր են, սովորում են, սխալ էր: Պետք է նորերին չընդգրկեին անցողիկ տեղերում: Պետք է այնտեղ պրոֆեսիոնալ քաղաքական, հանրային, հասարակական գործիչներ լինեին, ընդ որում՝ պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտների, որ կարողանային կռիվ տալ գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

