Հնարավոր շատ մեծ փոփոխությունների շեմին
ՎերլուծությունԲիշքեկում ընթացող ՇՀԿ–ի կարեւորագույն գագաթաժողովի ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=348006&l=am) եւս մեկ իրադարձություն տեղի ունեցավ, որը մի տեսակ աննկատ մնալով, այնուամենայնիվ, շատ բանի մասին է ակնարկում: Այսպես, Լեհաստանում նախօրեին մեկ օրում «պատահաբար» հրդեհ բռնկվեց երկու խոշոր զինագործարանում: Եվ, «տարօրինակ» է, երկուսն էլ զենք են արտադրում Ուկրաինայի համար:
Մինչ այս էլ Եվրոպայի տարբեր երկրներում Ուկրաինայի համար զենք արտադրող գործարաններում նման «պատահական» հրդեհներ պատահում էին: Բայց երբ մեկ օրում երկու դեպք է արձանագրվում, դա արդեն ավելի նման է ցուցադրական ժեստի` «լավ ենք անում, ավելին կանենք»: Թե որտեղից է այդ ժեստը գալիս, կարելի է ենթադրել, բայց դե, ինչպես լեհ իրավապահներն են ներկայացնում, ապացույցներ չկան: Չնայած այստեղ ապացույցի խնդիր էլ արդեն չկա. ում ինչ պետք էր, հասկացավ: Ու այս դեպքում հարցն արդեն այն է, թե հասկանալով, հետագայում ի՞նչ են անելու:
Ամեն դեպքում, վերջին օրերին, հատկապես ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցելելուց հետո ԱՄՆ–ն փորձում է ցույց տալ, թե սկսում է փոխել իր մոտեցումները: Դա արտահայտվեց, ասենք, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարների` նախօրեին կայացած բանակցությունների տեսքով, ինչից, դատելով Reuters-ի տեղեկությունից, «Կիեւը նախապես տեղյակ չէր»։ Եվ ավելին, Թրամփը, բացատրելով ռուս նախարարին G20-ի հանդիպմանը հրավիրելու իր որոշումը, նշեց, որ ԱՄՆ-ն «ցանկանում է բոլորի հետ լեզու գտնել»։ Դրանից էլ զատ, ինչպես Politico–ն է հայտնում,
Ռուսաստանի դեմ այդքան աղմուկ հանած «դժոխային պատժամիջոցները» ներկա պահին այլեւս Կոնգրեսում «ոչ մեկին չեն հետաքրքրում, եւ օրինագիծը կարող է տապալվել»:
Եվ երբ այս ֆոնին Եվրոպայում սկսել են ակտիվորեն խոսել, թե` Ռուսաստանը սկսում է զանգվածային դիվերսիոն հարձակումները Ուկրաինայի համար զենք արտադրող ձեռնարկությունների վրա, դա եւս պետք է որ եվրոպական ժամանակակից քաղաքական դաշտի վրա «սառը ցնցուղի» էֆեկտ ունենա: Առավել եւս, երբ աչքի առաջ է այն իրավիճակը, որի մեջ այս պահին հայտնվել է Ուկրաինան: Այն է, Կիեւի վրա անօդաչուների հարձակումները ստացել են 7/24 ռեժիմի տեսք, որին բավականին կրճատված պարբերականությամբ ավելանում են բալիստիկ եւ այլ հրթիռների գրոհները: Իսկ մասշտաբային հրդեհները, եթե ընդամենը ամիսներ առաջ դեռ կարող էին զարմանք առաջացնել, հիմա այն հաճախականությունն ունեն, որ արդեն օրվա սովորական լուրերի տակ են սկսել անցնել:
Մի խոսքով, այս պահին արդեն իսկ կա էսկալացիայի այն մակարդակը, որ Արեւմուտքի առաջ ամենայն կոնկրետությամբ եւ հրատապությամբ դրված է «ինչ անել» հարցը: Այն է` շարունակո՞ւմ են ձգել պատերազմը, հաշվի առնելով, որ երբ «պատահական հրդեհներ» են առաջանում արդեն եվրոպական երկրների տարածքում, դա կարող է շատ խորը փակուղային վիճակի հասցնել: Թե՞ սկսում են մտածել ռեալ խաղաղության մասին, որը, ինչպես բոլորն են արդեն հասկանում, չի կարող Ռուսաստանի շահերը շրջանցել:
Ընդ որում, պետք է նաեւ հաշվի առնել, որ այս փուլում Արեւմուտքը կարող է անգամ կորցնել իր հիմնական դաշնակիցներից մեկին` Թուրքիային: Այսպես, այն, որ Էրդողանն ինչ–որ խաղերի մեջ է ՇՀԿ գագաթաժողովում, թերեւս պատահական չէ: Թերեւս, պետք է հասկանալու համար ուշադրություն դարձնել իրանական փորձագիտական աղբյուրի այն տեսակետին, թե` այն երկակի հարաբերությունները, որոնք ձեւավորվում են Թուրքիայի եւ Իսրայելի մեջ, թուրք-իսրայելյան պատերազմը դարձնում են անխուսափելի։
Աղբյուրի գնահատմամբ. «Ամերիկան եւ սիոնիստական ռեժիմը արդեն աննկատ ճակատ են ձեւավորում Թուրքիայի դեմ։ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ պատերազմն անխուսափելի է։ Այն անկասկած տեղի կունենա։ Թուրքիան շատ է ջանում վերահսկել եւ կառավարել իրավիճակը, բայց, ի վերջո, կներքաշվի պատերազմի մեջ եւ չի կարողանա խուսափել դրանից։ Լարվածությունը սրվում է արագ եւ պայթյունավտանգ կերպով։ Մի քանի օր առաջ Իսրայելը հարվածեց Ադլա քաղաքում գտնվող ավիաբազային, որտեղ տեղակայված էին թուրքական զորքերը։ Մի քանի թուրք զինվորներ զոհվեցին եւ վիրավորվեցին։ Հիմա էլ Իսրայելը եւ Հունաստանը ցուցադրաբար ստորագրել են 3 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր: Մի քանի օր առաջ տեղի ունեցան նաեւ Թուրքիայում քրդերի հետ կապված մի շարք իրադարձություններ։ Երկրում կան նաեւ ներքին հակամարտություններ։ Այս ամենը, ի թիվս այլ բաների, վկայում է ներքին հեղաշրջման հնարավորության մասին, եւ այսպես շարունակ...»։
Իրանական աղբյուրի մեկնաբանմամբ, եթե ժամանակին Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը կարողանում էին որոշակիորեն երաշխավոր լինել Անկարայի համար, ապա հիմա դա չկա: «Ռուսաստանը մինչեւ հիմա զսպվածություն է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ, ինչը պայմանավորված էր Իրանով եւ նրանց ընդհանուր շահերով Սիրիայում եւ Կովկասում։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է»։ Սրանից զատ, Թուրքիան «իր դավաճանությամբ խախտել է խաղի կանոնները եւ զայրացրել Իրանին, Ռուսաստանին եւ նույնիսկ Չինաստանին»։
Ընդ որում, թեեւ Թուրքիան ունի ուժեղ բանակ, սակայն ըստ փորձագետի` «Անշուշտ, չունի այնպիսի հզոր համակարգային հնարավորություններ, ինչպիսին է Իրանը, որը միաժամանակ բախվում է ՆԱՏՕ-ին, արաբական պետություններին, ԱՄՆ-ին եւ Իսրայելին»:
Արդյունքում, եթե Իսրայելի համար իրանական ուղղությունը դառնում է վերջնականապես ձախողված, ինչը ֆիքսում է նաեւ Բիշքեկի գագաթաժողովում նախագահ Սիից եւ Պուտինից եկած հստակ մեսիջները, ապա Թել Ավիվի համար առաջնային է դառնում «պլան Բ»–ն` թուրքական ուղղությունը, եւ դա, իհարկե, Անկարան պարզ գիտակցում է: Առավել եւս, երբ այդ քանակությամբ ծանր մեսիջներ են սկսել գալ: «Եթե Էրդողանը ժամանակին ձեռնարկի անհրաժեշտ քայլերը՝ Թուրքիայի հարաբերությունները Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ բարելավելու համար, այդ երկրները դեռ կարող են օգնության ձեռք մեկնել»,– ամփոփում է իրանցի փորձագետը։ Եվ ահա, Էրդողանի բիշքեկյան ակտիվությունը սկսում է խոսել այն մասին, որ նման փորձեր նա սկսել է ձեռնարկել:
Եթե նման աշխարհաքաղաքական տեղաշարժերը դառնան իրականություն, ապա, իհարկե, Էրդողանի համար հայաստանյան ուղղությամբ ռուս–իրանական տանդեմին դեմ գնալը կդառնա վատթարագույն քայլերրից մեկը, որից նա, իհարկե, կփորձի խուսափել: Բայց այդ դեպքում էլ ի՞նչ կմնա նիկոլյան «դեպի Եվրոպա» կարգախոսից ու «Թրամփի միջանցքից»...
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71515

