Հետաքրքիր է, հարեւան Վրաստանում լսե՞լ են․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀՀ գլխավոր հարկադիր կատարող ՍԻՐՈ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ նախապատրաստում է բանվորագյուղացիական հեղափոխությո՞ւն: Հարց է բարձրացնում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը՝ անդրադառնալով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական էջում առկա հայտարարությանը։ Ըստ այդմ, Հարկադիրին բանվորներ են անհրաժեշտ: «Կարելի է ենթադրել, որ Հարկադիրն արդեն պատրաստվում է քաղաքացիների անձնական իրերը բռնագանձել` կահույք, սառնարաններ, հեռուստացույցեր, հագուստ... Այդ գործի համար իրականում բանվորական ուժ է անհրաժեշտ: Սակայն, մեկ այլ վարկածով, Հարկադիրը բանվորագյուղացիական հեղափոխություն է նախապատրաստում: Միգուցե այնպես, ինչպես Լենինը, Հարկադիրի առաջնորդ товарищ Սիրոն հրապուրվել է մարքսիզմի գաղափարներո՞վ», - զարմանում է Հեքիմյանը եւ անվճար խորհուրդ տալիս․ «Նախ` Հարկադիրում աշխատող պայմանական թորոսյանարմենների կրթական ցենզը շատ ավելի ցածր է Հայաստանում բնակվող միջին վիճակագրական բանվորի կրթական ցենզից: Այս իմաստով, անիմաստ է «դրսից» բանվորներ աշխատանքի ընդունել: Товарищ Սիրոն շատ հանգիստ կարող է հենց պայմանական թորոսյանարմեններին որպես բանվոր աշխատեցնել»:
Այս օրերին Հայաստանում հրաժեշտի ընդունելությունների ու հանդիպումների պակաս չկա։ Ֆրանսիայի դեսպան ՕԼԻՎԻԵ ԴԸԿՈՏԻՆՅԻՆ ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, իսկ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները մեկը մյուսի հետեւից շնորհակալություն են հայտնում նրան՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում ունեցած «մեծ ավանդի» համար։ Ու ակամա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ արեց դեսպանը։ Հիշենք մի քանի դրվագ․ օրինակ, ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի շուրջ ստեղծված սկանդալը, ֆրանսահայ լրագրողը օրեր շարունակ ծանր վիճակում մնաց օդանավակայանում, իսկ դեսպանը մի ծպտուն չհանեց, ֆրանսիացի դիվանագետը նույնքան լուռ էր, երբ Հայաստանում ժողովրդավարությունը րոպե առ րոպե գահավիժում էր։ Ուղղակի չէր նկատում առկա քաղաքական հետապնդումները, իրավապահների կողմից իրականացված խոշտանգումների վերաբերյալ ահազանգերը, քաղբանտարկյալների մասին հայտարարությունները։ Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ։ Մինչդեռ հիմա՝ հրաժեշտի արարողություններում, բոլորը խոսում են նրա կատարած աշխատանքի ու ներդրման մասին։ Հետաքրքիր է՝ այդ «ներդրման» գնահատականն ո՞վ եւ ինչո՞վ է չափել։ Թե՞ դիվանագիտական հաջողության նոր չափանիշն այն է, որ իշխանությանը չնեղացնես, նույնիսկ երբ նրա կողքին տեղի են ունենում բաներ, որոնք դժվար է չնկատել։
Իսկ ահա Թուրքիայի նախագահ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ հայտարարել է, որ Աջարիան իրենց պատմական հողն է եւ խոսել այն վերադարձնելու հնարավորության մասին։ «Պետության սահմանները միշտ չէ, որ քարտեզի վրա գծված գծերն են։ Մենք պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել մեզ եղբայրական ժողովուրդների ճակատագրի համար՝ այն մարդկանց, ովքեր խոսում են մեզ հետ նույն լեզվով, ապրում են պատմական թուրքական հողերում եւ հավատում են մեկ Աստծո։ Ես հավատում եմ, որ Թուրքիան կվերադառնա Աջարիա, կվերականգնի իր դիրքերը Սիրիայում եւ կապահովի բոլոր թյուրքական ժողովուրդների պաշտպանությունն ու բարգավաճումը», - ընդգծել է նա։ Հետաքրքիր է, հարեւան Վրաստանում լսե՞լ են իրենց երկրի տարածքների նկատմամբ էրդողանականական ծավալապաշտական մտադրությունների մասին, իսկ ՀՀ կառավարությունում գիտե՞ն, որ «պետության սահմանները միշտ չէ, որ քարտեզի վրա գծված գծերն են»։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

