Փաշինյանը կարողացավ մի կերպ հանդիպել Պուտինին, բա հետո՞ ինչ կլինի
ՎերլուծությունԹեեւ Նիկոլ Փաշինյանը վերջին ընտրություններից հետո վերջապես կարողացավ հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, ինչպես եւ ենթադրելի էր, դա նրան գոնե այս պահին ոչինչ չտվեց: Միակ հաջողությունը, թերեւս, Պուտինի այն միտքն էր, որ կարող են նոր հանդիպում ունենալ Մոսկվայում` ավելի հանգիստ վիճակում առկա խնդիրները քննարկելու համար: Բայց սա էլ միայն վերապահումով կարելի է հաջողություն համարել:
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ամեն դեպքում, Բիշքեկում կայացած Պուտինի եւ Նիկոլի հանդիպումը լիովին սպասելի սցենարի մեջ էր, ինչի մասին ենթադրությունների առիթներ ունեցել ենք: Այսինքն, տեսանելի պլանում մնաց Հայաստանի` ԵԱՏՄ կամ ԵՄ թեման, եւ ՌԴ նախագահը մազաչափ անգամ հետ չքաշվեց Հայաստանում այդ հարցով հանրաքվե անցկացնելու պահանջից: Ավելի ճիշտ, պարզ հասկացնելով, որ դա Նիկոլի որոշելիքն է, բայց հանրաքվե չանցկացնելը, դատելով նաեւ ռուսական այլ պաշտոնյաների հայտարարություններից, Մոսկվայում հետեւյալ ընկալումը կառաջացնի: Նախ, որ հայաստանյան գործող իշխանությունները պարզապես վախենում են հանրաքվեից` մտածելով, որ դրանով ԵՄ–ի ողջ քարոզչությունը կարող է ջախջախիչ պարտություն կրել: Երկրորդ, դա կդառնա հենց Նիկոլի համար վստահության հանրաքվե, ով, եթե զրկվի այն քարոզչական ուղղությունից, թե` «հայ ժողովուրդը ձգտում է դեպի Արեւմուտք», կհայտնվի քաղաքական ամենախորը վաակումի մեջ: Այս դեպքում ծայրահեղ աբսուրդի կհասնի նաեւ ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամակցության սառեցումը, որը եւս նիկոլյան իշխանությունների արեւմտահաճո առանցքային քայլերից մեկն է: Եվ այսպես շարունակ. հանրաքվեն կդառնա այն վճռական օրենսդրական կետը, որն անցնելու դեպքում Նիկոլն ավելորդ խաղերի հնարավորությունց պարզապես կզրկվի: Կամ հակառակ կողմից. եթե հանրաքվեն ունենա դեպի ԵՄ հարցով դրական արդյունք, ապա դա Մոսկվայի համար նորից ազդակ է դառնալու, թե հետագայում հայաստանյան ուղղությամբ ինչ կուրսի է անցնելու: Իսկ նիկոլյան իշխանությունների համար դա վերջնականապես կփակի այս դեպքում արդեն ԵԱՏՄ–ից տնտեսական օգուտներ ստանալու հնարավորությունը, ինչի պարագայում ստիպված են լինելու մտածել, թե ինչ են անելու նման իրավիճակում հայաստանյան տնտեսության բազմապատկվող խնդիրների հետ: Ավելի կոնկրետ, նման իրավիճակում տնտեսական մեծ պայթյունը դառնում է անխուսափելի, որը ծանր հարված է նաեւ Նիկոլի իշխանության հիմքերին:
Թե ինչու է Մոսկվան համառորեն առաջ տանում հանրաքվեի թեման, դա եւս դժվար չէ կռահել: Դրանով Կրեմլը ստեղծում է հայաստանյան Մայր օրենքով ֆիքսված կետը, որից հետո, անկախ դեպի ԵԱՏՄ կամ ԵՄ արդյունքից, Նիկոլը պարզապես կզրկվի «երկու աթոռի վրա խաղալու» ամեն մի հնարավորությունից: Դրանով, Մոսկվան հնարավորություն կունենա Հայաստանի հետ հետագա կուրսը կառուցել այն կարեւոր օրենսդրական բազայի վրա, որը հայաստանյան իշխանավորներին կզրկի այս կամ այն քմահաճույքով քաղաքական խաղեր կառուցելու հնարավորությունից: Էլ չասած, որ դա նաեւ ցուցադրական ազդակ է, որ Մոսկվան նիկոլյան իշխանությունների խոսքին կամ խոստումներին բացարձակապես չի հավատում, ըստ այդմ էլ` Հայաստանի հետ հետագա հարաբերությունները ցանկանում է կառուցել ոչ թե այդ իշխանավորների խոսք–խոստումների, որոշումների եւ նման բաների, այլ` հայաստանյան Սահմանադրության բազայի հիման վրա` ավելորդ սյուրպրիզներից խուսափելու համար:
Կարճ ասած, որ կողմից էլ մոտենում ես, հանրաքվեն Նիկոլի համար ամենաանցանկալի բանն է: Եվ այն, որ Մոսկվան շարունակում է համառորեն այդ ուղղությունն առաջ տանել, արդեն իսկ նշանակում է, որ հանդիպումը Փաշինյանին գործնականում ոչինչ չտվեց:
ՌԴ–Ն ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՉԻ ՀԱՆՁՆԻ
Նույնը կարելի է ասել նաեւ այդ հանդիպման հաջորդ կարեւորագույն թեմաներից մեկի մասին: Խոսքը` Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման պայմանագրի մասին է, որը մինչ Բիշքեկ մեկնելը Փաշինյանն առաջարկում էր` վաճառել երրորդ կողմին: Բիշքեկյան հանդիպմանն այդ մասին Մոսկվայից հստակ ազդակներ եղան: Ավելորդ տարակարծություններից խուսափելու համար էլ այդ հանդիպմանը զուգահեռ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը միանգամայն հստակ կերպով հաստատեց. «Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Մենք 2020-2021 թվականներին թարմացրել ենք մեր երկաթուղային նավատորմը, այդ թվում՝ ուղեւորատար վագոնները։ Ընկերությունը շահութաբեր է»։ Հետեւաբար, Օվերչուկի ուղիղ խոսքով, Մոսկվան որեւէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղու կոնցեսիան որեւէ մեկին հանձնել:
Երկաթուղու թեման, թերեւս, նիկոլյան իշխանության ողջ ժամանակաշրջանի համար, այն բանից հետո, ինչ Արցախը հանձնվեց, ամենաառանցքային հարցերից մեկն է: Հիշեցնենք, այն կապված էր 2020թ. նոյեմբերյան զինադադարի պայմանագրի հետ, ըստ որի, Մեղրիի հատվածում պետք է գործեր ռուսական անվտանգային հովանոց: Եթե դա կյանքի կոչվեր, ապա այն դառնալու էր ծանրագույն հարված Բրիտանիային` վերջինիս զրկելով Թուրքիա–Հայաստան–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա ուղղությամբ բոլոր ծրագրերից: Ու այն, որ Նիկոլն ակնհայտ արհեստական բացատրություններով եւ Ալիեւի «ստորջրյա» հովանավորությամբ ձախողեց նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրի այդ դրույթը, պատահական չէր: Դրան, իհարկե, նպաստեց նաեւ ուկրաինական պատերազմի մեկնարկը, որն այսպես թե այնպես, Մոսկվայի կենտրոնացվածությունը եւ ռեսուրսային բազան հարավկովկասյան ուղղությամբ որոշակիորեն թուլացրեց: Բայց նաեւ, բոլորն են հասկանում, որ ուկրաինական պատերազմի ավարտը նաեւ հարավկովկասյան ուղղությամբ է առաջ բերելու մթնոլորտի շատ արագ փոփոխությունը: Այսինքն, պետք է մինչ այդ երկաթուղու այս ամբողջական խաղը հասցնել ինչ–որ պայմանագրային հանգուցալուծման: Դրան հասնելու համար էլ կա Մոսկվայի` Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման կոնցեսիոն իրավունքից զրկել: Իրավական տեսանկյունից սա հնարավոր է միայն մեկ տարբերակով. եթե Մոսկվան ինքնուրույն հրաժարվի դրանից: Բայց ահա, Մոսկվայի դիրքորոշումը միանշանակ է` չենք վաճառելու:
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԲԻՇՔԵԿԻՑ ՀԵՏՈ
Այսպիսով, բիշքեկյան այս հանդիպումից հետո ունենք նման իրավիճակ: Փաշինյանը երկու առանցքային հարցով էլ լուծում չունի ու հիմա մնում է նույն հարցի առաջ` ինչ անել:
Վերջին խաղաթղթերից մեկից եւս Պուտինը նրան զրկեց: «Եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիի ռուսական ռազմակայանն իրեն պետք չէ, մենք կգնանք թեկուզ վաղը»,– հայտարարեց Վլադիմիր Պուտինը: Իրականում կգնան, թե` չէ, դա դեռ հարցի մի կողմն է: Սակայն դա Փաշինյանին կանգնեցնում է նման իրավիճակի առաջ: Այսինքն, սպառնալ Մոսկվային, թե Գյումրիի ռազմաբազայի համար այսքան–այսքան փող կպահանջենք կամ, օրինակ, եթե մեր գյուղմթերքների համար շուկան չբացեք, կպահանջենք ռազմաբազան հեռացնել, այլեւս հնարավոր չէ: Այսինքն, հիմա Նիկոլն ունի այս տարբերակը. հայտարարել, թե գնում ենք Եվրոպա, ոչ մի հանրաքվե էլ չենք անում, հայկական երկաթուղին վերցնում ենք ռուսներից եւ պահանջում ենք հեռացնել ռազմաբազան: Սա կդառնա Մոսկվային ուղղված բացահայտ մարտահրավեր, պատերազմ հայտարարելու պես մի բան: Դրանից հետո նա Մոսկվայի հետ մտնում է այնպիսի թշնամական հարաբերությունների մեջ, ինչպիսիք ռուսները ժամանակին ունեին Սահակաշվիլու հետ եւ հիմա` Զելենսկու եւ Սանդուի: Ընդ որում, նման քայլի գնալու դեպքում, նա նաեւ պետք է հաշվարկի, թե կարո՞ղ է մարսել միանգամայն տեսանելի հետեւանքները:
Իսկ հետեւանքները, իհարկե, կսկսվեն անմիջապես, բայց նաեւ ունենալով երկարաժամկետ բնույթ: Նախ, գյուղմթերքների արգելքին գրեթե անմիջապես էլ կավելանան ՌԴ–ից եկող մնացած բոլոր սպասվող տնտեսական հարվածները` գազից եւ այլ ռազմավարական ապրանքատեսակներից սկսած, ՌԴ–ից հայերի զանգվածային դեպորտներով, ֆինանսական հոսքերի սառեցումներով վերջացրած:Իսկ թե դա ընդամենը մեկ–երկու ամսում ինչ ներքին մթնոլորտ է ստեղծելու Հայաստանում, Նիկոլը, իհարկե, քաջ գիտակցում է:
Գումարած դրան երկարաժամկետ խնդիրները: Նախ, ամենամոտ ապագայում ի՞նչ քաղաքական կուրսով կառաջնորդվի Իրանը, ի՞նչ տեսք կունենա Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի աշխարհաքաղաքական վեկտորները, շատ մեծ հարցականներ կան: Ու եթե ոչ արեւմտամետ, ապա սա մահացու հեռանկար է նիկոլյան ռեժիմի համար:
Երկրորդ տարբերակը: Կրկնենք, Պուտինը խոսեց Մոսկվայում եւս մեկ անգամ Նիկոլի հետ հանդիպելու հեռանկարի մասին: Սա, ըստ էության, պետք է ընկալել, որպես վերջնագրի պես մի բան` գնա, մեկ անգամ եւս ամեն բան ծանր ու թեթեւ արա, հետո նորից հանգամանորեն կխոսենք տարբերակով: Բայց նաեւ այն շեշտադրմամբ, որ Մոսկվան իր որոշումները չի փոխելու, Նիկոլն է որոշելու` ի՞նչ է անելու: Այսինքն, Փաշինյանի համար սա «կիսաբաց լուսամուտի» տարբերակ է. վիճակը փոխելու հնարավորություն դեռ կա:
Երրորդ տարբերակը, իհարկե, հանրաքվե չանելը եւ հետագա սրացումների էլ չգնալն է: Բայց ասել, թե սա ելք է, միամտություն կլիներ: Ամեն բան շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից, այդ թվում` այն հստակ սրացումներից, որ ներկա պահին կան ռուս–բրիտանական ուղղությամբ, որին դեռ կհասնենք: Ընդ որում, այս հարցում մինչեւ այս տարեվերջ կոնկրետացումներ լինելու հավանականությունն այս պահին շատ մեծ է: Եթե ոչ ուկրաինական պատերազմի վերջնական ավարտի, այլ գոնե որոշակի հանգուցալուծումային մոդելների ի հայտ գալու տեսքով: Ըստ այդմ էլ` այն, որ Նիկոլի համար վերջնաժամկետն այս աշնան վերջն է, իր հերթին պատահական չէ: Ու եթե այս թեժ փուլում փորձի սառեցնել այդ վերջնագրային գործընթացը, ապա սրանից հաստատ լավ հոտ չի կարող գալ նրա համար: Օրինակ, կարող են բրիտանացիները զիջման գնալ, եւ այդ դեպքում Նիկոլին կմնա Մոսկվայի հետ շփվել հենց այդ «սառեցնողի» տխուր դիրքերից:

