Զելենսկին գնաց ողջ պատերազմի ընթացքում իր «ամենաաղվեսային» քայլերից մեկին
ՎերլուծությունԶելենսկին գնաց ողջ պատերազմի ընթացքում իր «ամենաաղվեսային» քայլերից մեկին: Այն է՝ հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը միակողմանի հրադադար կհաստատեն առաջնագծի երկայնքով մինչև սեպտեմբերի 8-ի ժամը 23:59-ը։
Նպատակը միանգամայն պարզ է: Այսօր Մոսկվակգան Թրամփի ներկայացուցիչները՝ Ուիտկոֆը և Քուշները: Իսկ վաղը նրանք կլինեն Կիեւում: Թրամփը սկսում է բանակցային հերթական փուլը, որի հիմնական պարամետրերը (եւ ոչ միայն դրանք) քննարկվել են ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավարի վերջին մոսկովյան այցի ժամանակ: Ելնելով դրանից էլ, Մոսկվան համաձայնվել է ընդունել Թրամփի պատվիրակներին: Ընդ որում, բացի բուն խաղաղության պայմաններից, Մոսկվան դրել է նաեւ երեք հիմնական պահանջ: Նախ, բանակցությունների ժամանակ ռազմական ինտենսիվությունը չի նվազեցնի: Երկրորդը, խաղաղության պայմանագիրը լինելու է մեկ ընդհանուր փաթեթով, այլ ոչ թե Կիեւի առաջ քաշած տարբերակով՝ պատերազմը կանգնեցնենք հետո վերջնական պայմանավորվածությունների գանք հիմնական պարամետրերի մասով: Երրորդը. պայմանագրի հետ միասին, հաստատվում է դրա իրականացման կարճաժամկետ ժամանակացույց, ընդ որում, ԱՄՆ-ի հստակ երաշխավորմամբ, որ մինչ վերջնական իրականացումը Կիեւը չի փորձի ավելորդ խաղեր խաղալ: Այն է, սկսել կամայական մեկնաբանություններ տալ պայմանագրի այս կամ այն դրույթին կամ փորձել ձգձգել դրա կատարումը:
Ռուսական միանգամայն տեղյակ աղբյուրն ակնարկում է, որ Թրամփը ոչ միայն ընդունել է այդ պայմանները, այլ նաեւ, ելնելով որոշակի շատ հստակ եւ հասկանալի գործոններից, միանգամայն վճռական է, որ այս անգամ հասնի իրական խաղաղության պայմանագրի, եւ շատ արագ: Ամենագլխավոր նպատակներից է, որ հասցնի այդ խաղաղությունը վերածել ներամերիկյան հարթակում խոշոր քաղաքական կապիտալի՝ դա դնելով Կոնգրեսի առաջիկա ընտրությունների հիմքում:
Զելենսկին եւս հստակ գիտակցում է, որ այս անգամ արդեն ավելորդ խաղերը շատ դժվար կլինեն: Նախ, Մոսկվան բացահայտ ցույց տվեց, որ պատրաստ է գնալ հետագա էսկալացիայի, այդ թվում՝ Ուկրաինայի համար զենք արտադրող եվրոպական, առաջին հերթին՝ բրիտանական եւ գերմանական ձեռնարկությունների վրա համատարած հարվածների տեսքով: Դրա նախնական փուլը, երբ մի քանի դիվերսիոն հարվածներ հասցվեցին, արդեն իսկ սկսել է մեծ հանրային ռեզոնանս առաջացնել Եվրոպայում: Եթե դա դառնա մասշտաբային, ապա ներեվրոպական ցնցումները եւ հակաուկրաինական ընկալումների ծայրահեղ խորացումները դառնալու են անխուսափելի՝ սպառնալով զրոյացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը:
Հաջորդը, թեեւ Եվրոպան խոստացավ այն կարգի ֆինանսական աջակցություն, որը պետք է լիովին բավարարեր այս եւ հաջորդ տարի, բայց հենց այս պահին կա տարեկան բյուջեի ավելի քան 30 միլիարդ դոլարանոց ճեղքվածք, որը փակելու տարբերակներ չկան:
Երրորդը, ինչպես ցույց տվեց հենց կիեւում ուկրաինական ԳՌՈւ-ի եւ Անվտանգության ծառայության միջեւ միջադեպը, ներկա բոլոր բարդությունների ֆոնին՝ ներուկրաինական իրողությունները հասել են միջկլանային ուղիղ բախումների մակարդակի՝ կրակոցներով, պայթեցումներով եւ նման այլ բաներով հանդերձ: Իսկ դա կարող է վերջնականապես «պայթեցնել» նաեւ առաջնագիծը, որտեղ առանց դրա էլ այս պահին կատաստրոֆիկ վիճակ է:
Դրան էլ գումարվել են Թրամփից եկող ճնշումները՝ ստորագրել այն խաղաղության պայմանագիրը, որը Կիեւի առաջ կդրվի: Հակառակ դեպքում թվարկված եւ մի շարք այլ գործոններ կսրվեն մինչեւ վերջ: Իսկ ռուսական բանակը ձմռան շեմին կզրոյացնի ուկրաինական էներգետիկ, գազային համակարգերը, լոգիստիկան, այդ թվում՝ դեպի Եվրոպա տանող անցումները, Դնեպր գետի կամուրջները եւ այլն:
Արդյունքում, միակ տարբերակ է դարձել մի կերպ հրադադարի հասնելը՝ փորձելով այդ պայմաններում գոնե մի փոքր ձգել բանակցություններըեւ այդ ընթացքում փորձել ներքին խնդիրները կամաց-կամաց լուծել: Սակայն դա Մոսկվան կտրուկ մերժեց: Եվ հիմա Զելենսկին փորձում է գնալ «ձիով քայլի»՝ հայտարարելով միակողմանի հրադադար կարճ ժամկետով: Այն հույսով, որ հնարավոր կլինի դա, բանակցությունների պաշտոնական մեկնարկին զուգահեռ, դարձնել մշտական երկկողմանի հրադադար: Բայց քիչ հավանական է, որ Մոսկվան այդ խայծը կուլ կտա:

