«Ժողովուրդ». Արզնիում կպայքարեն 9 մանդատի համար
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։
Այս թվերն Արզնիի քաղաքական իրականության մասին շատ բան են ասում․ ՔՊ-ի թեկնածուի առկայությունը դեռևս չի նշանակում, որ համայնքում իշխանության թեկնածուն ինքնաբերաբար հաղթելու է։
ՔՊ-ն Արզնիում պարտվել էր
2023 թվականի ընտրություններում իշխանական կուսակցությունը բացահայտ մտել էր պայքարի մեջ․ ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Միրզոևին։ Սակայն հաղթեց ինքնառաջադրված Ֆելիքս Միրզոևը։ Սա կարևոր նախադեպ է նաև 2026 թվականի ընտրությունների համար։
Որքան էլ Արզնին փոքր համայնք է, այստեղ ընտրությունների արդյունքը կարող է ցույց տալ՝ ՔՊ-ն որքանով է կարողանում իր քաղաքական ազդեցությունը տարածել ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև փոքր, տեղային քաղաքական համակարգերում։
Այս անգամ ընտրական գործընթացը տեղի է ունենում այլ քաղաքական միջավայրում։ Հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը մտել է ՏԻՄ ընտրությունների փուլ, որտեղ յուրաքանչյուր համայնք դիտարկվում է նաև որպես տեղական իշխանության կառավարման արդյունավետության և քաղաքական վերահսկողության ցուցիչ։
Արզնիի պարագայում հատկապես հետաքրքիր է այն, որ գործող համայնքապետը կուսակցական իշխանության թեկնածուով հաղթած ղեկավար չէ։ Նա ունի սեփական ընտրական պատմությունը և սեփական տեղական հենարանը։
Ու հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ արդյո՞ք իշխանությունը կփորձի Արզնիում ձևավորել այնպիսի ավագանի, որը առավել կառավարելի կլինի կենտրոնական իշխանության համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս «հարմար» թեկնածու է իշխանությունների համար, ու հենց նրա վերարտադրությունը ևս կլինի իշխանությունների սրտով։
Արզնին Կոտայքի մարզի սովորական բնակավայրերից չէ։ Համայնքը Երևանին մոտ է, ունի առողջարանային և տնտեսական ներուժ, իսկ համայնքի տարածքում գործում են զբոսաշրջային և հանգստի ոլորտի օբյեկտներ։ Միաժամանակ այն ունի նաև իր առանձնահատուկ համայնքային և ազգային-մշակութային միջավայրը։
Ուստի այստեղ իշխանության համար կարևոր է ոչ միայն ընտրությունների օրը ձայներ հավաքելը։ Կարևոր է տեղական կառավարման համակարգում ազդեցություն ունենալը։
Իսկ ավագանին հենց այն մարմինն է, որի միջոցով համայնքում ընդունվում են բազմաթիվ առանցքային որոշումներ՝ համայնքային բյուջեից մինչև գույքային և զարգացման հարցեր։
Հետևաբար սեպտեմբերի 27-ի ընտրությունը կարելի է դիտարկել նաև որպես 9 աթոռի համար պայքար, որի հետևում կանգնած է համայնքային իշխանության վերահսկողության հարցը։
Գործող համայնքապետի համար իրավիճակը ևս միանշանակ չէ։ Մի կողմից՝ 2023-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի անձնական ընտրական ռեսուրս և կարողացել է հաղթել նույնիսկ ՔՊ-ի առաջադրած թեկնածուին։
Մյուս կողմից՝ նրա պաշտոնավարման ընթացքում եղել են նաև բավական աղմկահարույց դրվագներ։ 2025 թվականի հունիսին Ֆելիքս Միրզոևը ձերբակալվել էր Կոտայքում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների դեպքի շրջանակում։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործի շրջանակում սկզբում մի քանի անձ էր ձերբակալվել, իսկ Միրզոևը հետագայում ազատ էր արձակվել։
Դրան հաջորդած հրապարակումներում նրա անունը հայտնվեց նաև համայնքային գույքի և հրապարակային սակարկությունների վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի համատեքստում։ Այդ հրապարակումները վերաբերում էին նրա կողմից պաշտոնեական ազդեցությունը չարաշահելու վերաբերյալ կասկածներին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71596

