Դատարանը կարող է հրաժարվել գործը քննելուց միայն օրենքով նախատեսված հիմքով, բայց չի կարող հրաժարվել արդարադատություն իրականացնելուց
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի երեք դատավորներ հրաժարվեցին քննել գործը, ամենատարբեր հիմնավորումներով։ Ի՞նչ է նախատեսում Քրեական դատավարության օրենսգիրքը նման դեպքերում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տեղական եւ միջազգային իրավունքի հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանից.
- Այստեղ առանցքայինը ոչ թե այն է, թե դատավորներից յուրաքանչյուրն ինչ հիմնավորում է ներկայացրել, այլ այն, թե քրեական դատավարության օրենսգիրքն ու իրավակիրառ պրակտիկան
ինչ ընթացակարգ է նախատեսում, երբ դատավորը տվյալ գործի քննությանը չի կարող մասնակցել։
Գործող իրավանորմերով դատավորի ինքնաբացարկը պետք է ունենա օրենքով նախատեսված և իրավաբանորեն հիմնավորված հիմք։ Ինքնաբացարկի հարցը չի կարող վերածվել գործը քննելուց պարզապես հրաժարվելու կամ դատական քննությունն անորոշ ժամանակով ձգձգելու մեխանիզմի։ Դատավորը պարտավոր է իր ինքնաբացարկի հիմքերը բացահայտել կողմերին, դրանք արձանագրվում են, և ընդունվում է համապատասխան որոշում։
Եթե ինքնաբացարկը հիմնավոր է և բավարարվում է, դատավորը հեռանում է գործից, և գործում պետք է ապահովվի այլ իրավասու դատավորի կողմից գործի քննությունը։ Այսինքն՝ օրենքը չի նախատեսում այնպիսի իրավիճակ, երբ նույն գործով դատավորների հաջորդական ինքնաբացարկները կարող են փաստացի հանգեցնել արդարադատության իրականացման անհնարինության։
Ուստի երեք դատավորների հերթականությամբ գործից հեռանալը իրավական տեսանկյունից պահանջում է առանձնապես խիստ գնահատական՝ յուրաքանչյուր ինքնաբացարկի հիմքի օրինականության, օբյեկտիվության և բավարար հիմնավորվածության տեսանկյունից։ Հատկապես հանրային մեծ նշանակություն ունեցող քրեական գործի պարագայում դատարանը պարտավոր է բացառել ինչպես իրական, այնպես էլ արտաքին դիտորդի համար հիմնավոր կասկած հարուցող անաչառության խնդիրները։
Ավելին՝ եթե ինքնաբացարկների հետևանքով տվյալ դատարանում գործը քննելու համար հնարավոր չէ կազմավորել օրինական դատական կազմ, ապա հարցը պետք է լուծվի օրենքով նախատեսված ընդդատության և դատական կազմի ձևավորման ընթացակարգերով, այլ ոչ թե գործի քննությունը փաստացի փակուղի մտցնելու միջոցով։
Այս գործի առնչությամբ արդեն արձանագրվել է, որ առաջին դատավորը ինքնաբացարկ է հայտնել, երկրորդը գործն ուղարկել է ընդդատության հարցը լուծելու նպատակով, իսկ երրորդ դատավոր Վահագն Մելիքյանը նույնպես դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։
Իրավական պետության չափանիշը շատ պարզ է․ դատարանը կարող է հրաժարվել գործը քննելուց միայն օրենքով նախատեսված հիմքով, բայց չի կարող հրաժարվել արդարադատություն իրականացնելուց։ Եթե ինքնաբացարկների շղթան վերածվում է գործի քննությունը հնարավորինս երկար հետաձգելու միջոցի, ապա արդեն առաջանում է ոչ միայն առանձին դատավորների որոշումների, այլև ամբողջ դատավարական մեխանիզմի արդյունավետության և դատական անկախության նկատմամբ հանրային վստահության հարցը։

