Տարվա մեջ 2-ից ավել նեղ մասնագետի խորհրդատվության դեպքում երեխաների համար համավճար է գործում. ԱՆ ահազանգի հետքերով
Առողջապահական«Կառավարությունը երեխաների բուժսպասարկումը դարձրեց վճարովի», ահազանգում է քաղաքացին՝ նշելով՝ պոլիկլինիկայում անչափահաս երեխային նեղ մասնագետի մոտ խորհրդատվության համար պարտադրել են համավճար վճարել։
«Կառավարությունը երեխաների բուժսպասարկումը դարձրեց վճարովի». ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Գալստյանը օրերս այս վերնագրով ֆեյսբուքյան գրառում էր կատարել, իր իսկ փորձով կիսվել, թե ինչպես են պոլիկլինիկայում իր անչափահաս երեխային նեղ մասնագետի մոտ խորհրդատվության համար պարտադրել համավճար վճարել։ «Էրեկ էրեխուն բժշկի էի տարել իրա պոլիկլինիկա՝ ուղղորդեց դեպի նեղ մասնագետ (վնասվածքաբան): Ու զգուշացրեց, որ արդեն գործում ա «ՀԱՄԱՎՃԱՐԻ» սկզբունքը նեղ մասնագետի դեպքում։ Այսինքն, ես սկսել եմ հավելյալ գումար մուծել համընդհանուր ապահովագրության շրջանակում, որ էրեխուս անվճար ԲԱԶԱՅԻՆ բուժսպասարկումը դառնա վճարովի (լո՞ւրջ): Սա համակարգի բարեփոխում չի, սա էպիկ ՖԵՅԼ ա, բացահայտ ու քննարկման ոչ ենթակա։ Էրեխեքի անվճար բուժսպասարկումը (բազային) «կարմիր գիծ ա»։ Ես չեմ ասում լիքը բաների մասին, որը չի ծածկվում ու ծնողների հաշվին ա (շատ վատ ա) բայց էս բազային պահանջները միանշանակ պտի բավարարվի ԱՆՎՃԱՐ»։ Գրառմանն արձագանքած օգտատերերից շատերը նշել էին, որ իրենց դեպքում ևս համավճարի սկզբունքն է գործել։
Արդյո՞ք օրենքում փոփոխություններ են եղել․ պարզվում է՝ ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ անվճար բուժօգնությանը զուգահեռ համավճարի հարց է առաջանում «Իրավունքը» հետաքրքրվել է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից պարզաբանեցին հետեւյալը.
- Վերը նշյալը չի համապատասխանում իրականությանը, այո, կան ծառայություններ, որտեղ գործում է համավճար։ Ապահովագրությունը գործում է 0-18 տարեկանների համար, բայց նեղ մասնագետի տարվա մեջ երկուսից ավել խորհրդատվության դեպքում համավճար է գործում, բայց ընդհանուր առմամբ երեխաների բուժօգնությունը, այո, անվճար է։

