Գերության ամենասարսափելի ձևը մարդու մեջ այն համոզմունքը կոտրելու փորձն է, որ ինքը դեռ ինքն է. Գերության դժոխքը վերապրած հայորդի

Հանդիպում

 Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը օրեր առաջ Բաքվի բանտից ուղերձ էր հղել, մասնավորապես նշելով, որ իրենք «նստած են, բայց ծնկած չեն»։ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի ուղերձներում ևս կար այս միտքը, որ իրենք անգամ այդ պայմաններում պահում են իրենց արժանապատվությունը։ Այս ուղերձների մեսիջները որո՞նք են ու ո՞ւմ են ուղղված հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ հինգ տարի երեք ամիս 2 օր ադրբեջանական գերության մեջ գտնվող, «Նոր Հայաստան Հայրենիք–Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր ԳԵՎՈՐԳ ՍՈՒՋՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

- Ես ինքս գիտեմ, թե ինչ է նշանակում գերության, բանտարկության մեջ գտնվել։ Այնտեղ ամենադժվար պայքարը միայն ֆիզիկական գոյատևման պայքարը չէ։ Ամենադժվար պայքարը ներսում է՝ չթողնել, որ քեզ համոզեն, թե դու պարտված ես, անարժեք ես կամ այլևս որևէ ձայն չունես։
Դավիթ Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի և մյուսների ուղերձներում ես հենց այդ դիմադրությունն եմ տեսնում։ Նրանք ասում են՝ դուք կարող եք մեզ փակել, կարող եք սահմանափակել մեր ազատությունը, կարող եք դատել մեզ, բայց մեր արժանապատվության տերը մենք ենք։
Իսկ ո՞ւմ են ուղղված այդ ուղերձները։ Առաջինը՝ հայ ժողովրդին։ Որպեսզի մենք չմոռանանք նրանց։ Որպեսզի նրանց ֆիզիկական բացակայությունը չվերածվի մեր հիշողության մեջ նրանց անհետացման։ Նրանք մեզ ասում են՝ մենք այստեղ ենք, մենք չենք կոտրվել, դուք էլ չպետք է կոտրվեք։
Երկրորդ հասցեատերը, իմ կարծիքով, Ադրբեջանն է։ Որ այդ մարդկանց նկատմամբ կիրառվող ճնշումը չի կարող նրանց ստիպել ընդունել իրենց պարտադրվող պատմությունը։ 
Բայց ես այստեղ ևս մեկ շատ կարևոր հասցեատեր եմ տեսնում՝ մեզ՝ ազատության մեջ գտնվողներիս։
Որովհետև գերիների ամենամեծ վախերից մեկը, իմ համոզմամբ, միայն այն չէ, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Նրանց համար կարևոր է նաև իմանալ, որ դրսում իրենց չեն մոռացել։
Ես չեմ ուզում նրանց ուղերձները մեկնաբանել որպես պարտության կամ հուսահատության խոսք։ Ընդհակառակը՝ դրանք ինձ համար դիմադրության խոսքեր են։

- Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանությունը թողնում է, որ նման ուղերձները հասնեն հայ հանրությանն ու ոչ միայն։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այսպիսով։


- Իմ կարծիքով՝ այստեղ մի քանի շերտ կա։
Առաջինը՝ վերահսկողության ցուցադրությունն է։ Ադրբեջանը կարող է ցանկանալ ցույց տալ, որ նույնիսկ իր բանտերում գտնվող հայերի խոսքը հասանելի է միայն այն սահմաններում, որոնք ինքն է թույլ տալիս։ Այսինքն՝ ուղերձը կարող է հասնել մեզ, բայց դրա ճանապարհը, ժամանակը և պայմանները վերահսկվում են Բաքվի կողմից։
Երկրորդը՝ տեղեկատվական պատերազմն է։ Բաքվին կարող է ձեռնտու լինել, որ հայ գերիների խոսքերը հայտնվեն հայկական հասարակության մեջ, որովհետև դրանց շուրջ բնականաբար առաջանում են ներքաղաքական քննարկումներ, մեղադրանքներ, հիասթափություն, բաժանումներ։ Այսինքն՝ մի մարդու խոսքը, որը բանտից դուրս է գալիս որպես արժանապատվության և դիմադրության ուղերձ, կարող է փորձ արվել օգտագործել նաև Հայաստանի ներսում քաղաքական լարվածություն առաջացնելու համար։
Երրորդը՝ միջազգային հանրության համար պատկերի ձևավորումն է։ Ադրբեջանը կարող է ասել՝ «տեսեք, նրանք կարողանում են խոսել, կարողանում են ուղերձներ փոխանցել, ուրեմն կապ ունեն արտաքին աշխարհի հետ»։ Բայց այստեղ ես շատ կարևոր հակադարձ հարց կտայի,խոսելու հնարավորություն ունենալը դեռևս չի նշանակում, որ մարդն ունի արդար դատավարության, լիարժեք պաշտպանության կամ իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություն։ Հենց վերջին ուղերձներում էլ բարձրաձայնվել են դատավարական գործընթացի և իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ։

- ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ գերության մեջ գտնսողները խոշտանգվում են նաեւ կրոնական հողի վրա՝ Մաշկի վրայից այրման կարգով հեռացվել է խաչը, ստիպել են Ղուրան ընթերցել։ Ձեր այնտեղ գտնվելու ժամանակ նման խոշտանգման տարրերի ականատես եղե՞լ եք ։

- Ես այս հարցին ուզում եմ պատասխանել շատ զգույշ, որովհետև խոսքը մարդկանց ամենածանր ապրումների մասին է։ Ես անձամբ իմ գերության ընթացքում ականատես չեմ եղել այն կոնկրետ դեպքերին, որոնց մասին այսօր խոսվում է՝ խաչը մարմնից այրման միջոցով հեռացնելու կամ Ղուրան պարտադրելու մասին։ Հետևաբար ես իրավունք չունեմ դրանք ներկայացնելու որպես իմ աչքով տեսած փաստ։
Գերությունը միայն այն չէ, որ մարդուն փակում են չորս պատերի մեջ։ Գերության ամենասարսափելի ձևը մարդու մեջ այն համոզմունքը կոտրելու փորձն է, որ ինքը դեռ ինքն է։
Երբ մարդուն զրկում են ազատությունից, դա ֆիզիկական բռնություն է։ Բայց երբ փորձում են նրան զրկել իր անունից, իր հավատքից, իր խորհրդանիշներից, իր լեզվից, իր հիշողությունից կամ իր արժանապատվությունից, այդ բռնությունը մտնում է մարդու ամենախորը տարածքը՝ նրա ինքնության մեջ։
Խաչը տվյալ դեպքում պարզապես մաշկի վրա պատկերված նշան չէ։ Այն մարդու հավատքի, հիշողության, ընտանիքի, ժողովրդի և իր անցյալի հետ կապի խորհրդանիշ կարող է լինել։ Եթե այդ խորհրդանիշը մարդու մարմնից հեռացվում է բռնությամբ, ապա վնասվում է ոչ միայն մարմինը։ Փորձ է արվում վիրավորել այն իմաստը, որը մարդն այդ խորհրդանիշին տվել է։
Նույնը վերաբերում է կրոնական պարտադրանքին։ Հավատքը արժեք ունի միայն այն ժամանակ, երբ այն ազատ ընտրություն է։ 

- Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի Բաքվից Հայաստան վերադառնալու հնարավորությունները ներկա իրողություններում։

- Ես այս հարցին չէի ցանկանա պատասխանել ո՛չ կեղծ լավատեսությամբ, ո՛չ էլ հուսահատությամբ։ Ես կասեի՝ նրանց վերադարձը դժվար է, բայց ես այն երբեք չեմ համարի անհնար։ Եթե այս մարդիկ պարզապես դատապարտված անձինք լինեին, հարցը միայն դատական գործընթացի շրջանակում կմնար։ Բայց նրանք Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունն են, և նրանց պահելը Բաքվի համար ունի քաղաքական նշանակություն։
Այդ պատճառով ես կարծում եմ՝ նրանց վերադարձը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ քաղաքական հաշվարկը փոխվի և նրանց ազատ արձակումը Ադրբեջանի համար դառնա ավելի ձեռնտու, քան նրանց շարունակական պահելը։
Մենք չպետք է ինքներս մեզ խաբենք։ Այսօր նրանց նկատմամբ կայացված դատավճիռները ցույց են տալիս, որ Բաքուն առայժմ չի գնում այդ ուղղությամբ։ Բայց քաղաքականության մեջ «այժմ» բառը շատ կարևոր է։ Այսօրվա փակ դուռը չի նշանակում, որ այն հավերժ փակ է։
Ես դա ասում եմ նաև իմ սեփական փորձից։ Ես վերադարձել եմ գերությունից և շատ լավ գիտեմ, որ երբ մարդը երկար ժամանակ գտնվում է փակ համակարգում, դրսից երբեմն թվում է, թե վերադարձի ճանապարհ չկա։ Բայց քաղաքական և դիվանագիտական գործընթացները կարող են փոխել նույնիսկ այն իրավիճակները, որոնք որոշակի պահին թվում են բացարձակ փակուղի։
Եվ այստեղ ես մեկ այլ կարևոր բան կասեի․ մենք չպետք է նրանց վերադարձը պայմանավորենք միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ կամ ինչ-որ մեկի բարի կամքով։
Գերիների հարցը պետք է մնա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում՝ անկախ նրանից, թե ինչ փուլում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում