Ուկրաինական բանակցային այս նոր փուլը կհասցնի՞ խաղաղության
ՎերլուծությունԱյն, որ վերջին օրերին ողջ համաշխարհային ուշադրությունը կենտրոնացած էր Մոսկվա եւ Կիեւ Թրամփի բանագնացների այցի վրա, իհարկե, պատահական չէր: Ու հարցն այն չէ, թե կան լուրջ սպասելիքներ, որ այս անգամ վերաբացված ուկրաինական բանակցային գործընթացը կարող է հասնել խաղաղության. ընդհակառակը, անգամ ուկրաինական լուրջ աղբյուրների մոտ սպասելիքները 30–35 տոկոսի կարգի էին: Կար էլ ավելի կարեւոր հարց. դեպի ուր են գնալու ռուս–ամերիկյան հարաբերությունները, հաշվի առնելով այն ծայրահեղ լարվածության մակարդակը, որին դրանք հասել են վերջին մեկ–երկու ամիսներին:
ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ, ՔԱՆ ԿԱՐԻԲՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Հասկանալու համար, թե ինչ էֆեկտիվություն կարող են ունենալ շաբաթ եւ կիրակի օրերին Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ուիտկոֆի եւ Քուշների այցը Մոսկվա, այնտեղից էլ` Կիեւ, նախ պետք է տեսնել այն հիմքը, որի վրա դա իրողություն դարձավ: Այսպես, ամերիկյան այս միջնորդության նախորդ փուլում ամեն ինչ կառուցված էր Ալյասկայում անցած ամռանը տեղի ունեցած Պուտին–Թրամփ հանդիպման եւ դրա արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների բազայի հիման վրա: Այդ փուլը որեւէ արդյունք չտվեց, թեեւ Մոսկվան քանիցս հայտարարեց, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ԱՄՆ–ի առաջարկների եւ երաշխիքների հիման վրա: Իսկ ահա վերջին ամիսներին Մոսկվան էապես կոշտացրեց այդ թեմայով իր դիրքորոշումը` առաջ քաշելով այն միտքը, թե իրականում Ալյասկայի պայմանավորվածություններով իր գլխի տակ հերթական անգամ փափուկ բարձ են դրել: Դրանով թուլացնելով ռուսական ուժերի ռազմական գործողությունները, կազմակերպել են ուկրաինական բանակի վերազինումը, այդ թվում` Եվրոպայում եւ Ուկրաինայում անօդաչուների արտադրության գործարաններ կառուցելու եւ այդ զինատեսակով ուկրաինական բանակը լիուլի լցնելու տեսքով: Ավելին, որ թույլ են տալիս ուկրաինական կողմին, օգտվելով ՆԱՏՕ–ական երկրների տարածքից, հարվածներ հասցնել Ռուսաստանին: Էլ ավելին, որ ամերիկյան եւ եվրոպական հետախուզության, օդային ղեկավարման համակարգերն օգտագործվում են այդ հարվածներն ուղղորդելու համար: Ու սրացումը հասավ նրան, որ Ռուսաստանը սկսեց միանշանակ ակնարկներ, նաեւ ուղիղ մեղադրանքներ հղել ԱՄՆ–ին եւ Եվրոպային, որ այդ գործողություններով Ռուսաստանի հետ մտել են չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ: Ըստ այդմ, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան հարվածներ հասցնել: Այդ թվում` ծովում` նկատի ունենալով ռուսական առեւտրային նավերի գրավման մի շարք դեպքերը: Ընդ որում, Բրիտանիայի մասով այդ սպառնալիքները շատ ավելի լուրջ տեսք ստացան: Նաեւ հաշվի առնելով ռուսական հրապարակային ցուցադրությունները նորագույն միջուկային հիպերձայնային հրթիռների, ինչպես նաեւ` «Պոսեյդոն» խորջրյա միջուկային համակարգերի կրող նոր սուզանավերի սպառազինություն վերցնելու մասին: Իսկ այս ամենը մի բան է նշանակում` շատ ավելի սուր միջուկային ճգնաժամ, քան անգամ այն, որը կար Կարիբյան ճգնաժամի ժամանակ:
Այն, որ այս բոլոր մեսիջներից հետո Թրամփը հատուկ առաքելությամբ օգոստոսի 27–ին Մոսկվա ուղարկեց ամերիկյան առանցքային ֆիգուրաներից մեկին` Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆին, իհարկե, խոսում էր այն մասին, որ Վաշինգտոնը Մոսկվայի այդ բոլոր մեսիջները տեղը տեղին ստացել է: Իսկ ահա փաստը, որ նման կարեւոր առաքելություն կատարողին Մոսկվայում ընդունեցին ոչ թե Պուտինի, այլ` Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի մակարդակով, Վաշինգտոնի համար պետք է որ դառնար հավելյալ ազդակ, որ այս անգամ Մոսկվայում ԱՄՆ–ին չեն նայում որպես կողմի, որից ինչ–որ սպասելիք ունեն: Նայում են որպես հավասարի` նույնարժեք միջուկային պետոնցիալ ունեցող գերտերության: Այսինքն, որ կա՛մ 5–6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող առաջատար միջուկային երկրները կկարողանան անվտանգային հարցերով լեզու գտնել, կա՛մ էլ` ով իմանա, թե ինչ կլինի ողջ աշխարհի հետ:
Իսկ լեզու գտնելու հիմնական առաջնային ուղղությունը, իհարկե, հենց Ուկրաինան է:
ԿՀՎ ՏՆՕՐԵՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ
Ահա այս ֆոնին էլ, իհարկե, պատահական չէ, որ ԿՀՎ տնօրենի այցին գրեթե անմիջապես էլ հաջորդեց Ուիտկոֆ–Քուշներ զույգի այցը Մոսկվա եւ Կիեւ: Սա, թերեւս, ակնարկ է այն մասին, որ ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում պարզ գիտակցում են, որ պետք է մի կերպ ուկրաինական թեման ինչ–որ հանգուցալուծման հասցնել, անկախ այն բանից, որ որոշ ուլտրալիբերալական շրջանակներ դեռ մտածում են հետագա էսկալացիայի մասին: Արդյունքում, ունենք նման հնարավոր տարբերակներ:
Առաջինը, ԱՄՆ–ն կկարողանա այն կարգի ճնշումներ գործադրել Կիեւի վրա, որ վերջինս ընդունի Մոսկվայի հետ համաձայնեցված խաղաղության պայմանները: Այցի շեմին նման որոշ ճնշումներ նկատվեցին: Մասնավորապես, ամերիկացիների վերահսկողության տակ գտնվող ուկրաինական հակակոռուպցիոն կառույցները, զարգացնելով Զելենսկու շրջապատի ուղղությամբ աղմկոտ քրեական թեման, սկսեցին խուզարկություններ եւ ձերբակալություններ իրականացնել արդեն նաեւ Գլխավոր դատախազությունում եւ անգամ նախագահի գրասենյակում: Բայց ամենագլխավորը. իրավիճակը, որը ներկա պահին տիրում է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ` թիկունքում, թե՛ Ուկրաինայում, թե՛ Եվրոպայում էապես նվազեցրել են հույսերը, որ Զելենսկին դեռ կարող է ռազմական գործողություններում կամ Ռուսաստանում հեղաշրջում հարուցելու միջոցով ինչ–որ բան փոխել: Ավելին, ռուսներն աչքի առաջ զրոյացնում են ոչ միայն ուկրաինական թիկունքը` դրա բոլոր պարամետրերով հանդերձ, այլ ի ցույց են դնում նաեւ նշաններ, որ պատրաստ են մասշտաբային հարձակումներ իրականացնել Եվրոպայի այն զինագործարանների դեմ, որոնք աշխատում են ուկրաինական բանակի համար:
Երկրորդը, Զելենսկին դեռ կդիմանա այս ճնշումներին: Ավելին, կփորձի այս բանակցային գործընթացը սպառնալիք դարձնել Եվրոպայի համար` նոր միջոցներ ստանալու եւ աթոռը պահելու նպատակով: Ընդ որում, անկախ այն բանից, թե ինչ կորուստներ դեռ կլինեն ճակատում եւ թիկունքում:
Թերեւս, հենց սա է Զելենսկու նախնական տրամադրությունը: Ամեն դեպքում, Ուիտկոֆ–Քուշների հետ բանակցություններին զուգահեռ նա հասցրեց հայտարարել, որ այդպես էլ չի պատրաստվում զորքերը հանել Դոնբասից: Այն է` ռուսական հիմնական պահանջը չի կատարելու: Դա, իհարկե, իր տրամաբանությունն ունի. Զելենսկին հասկանում է, որ բավական է խաղաղության ինչ–որ փաստաթուղթ ի հայտ գա, որ գրեթե անմիջապես էլ կկորցնի աթոռը, մեծ հավանականությամբ` նաեւ գլուխը: Բայց ամբողջ խնդիրն այս պահին այն է, որ եթե ցանկանում է պատերազմը շարունակելու համար նոր ռեսուրսներ ստանալ Եվրոպայից, ապա մեծ հարց է` Եվրոպան կարո՞ղ է այդ ռեսուրսները տրամադրել: Ընդ որում, նաեւ ռազմական եւ քաղաքական նկատառումներից ելնելով:
Այսպես, օրերս Գերմանիան պաշտոնական աղմուկ բարձրացրեց, թե` ռուսները ռազմականացված ինչ–ինչ գործողություններ են իրականացրել գերմանական օդանավակայանում: Սակայն ռեակցիան, որը եկավ Մոսկվայից, ավելի շատ այս տրամաբանության մեջ էր` լավ ենք արել, պետք եղավ, շատ ավելին կանենք: Ու թե ինչ ներքին ֆոն կառաջանա եվրոպական այդ երկրներում, եթե ռուսները սկսել իրականացնել այդ սպառնալիքները, հասկանում են բոլորը. կա՛մ պետք է անցնեն բաց պատերազմի, որի ժամանակ փաստ չէ, որ ԱՄՆ–ն կօգնի, կա՛մ ստիպված են լինելու դադարեցնել Ուկրաինային զինելը: Ինչ վերաբերում է Կիեւի հիմնական թիկունքին` Բրիտանիային, ապա այստեղ թեեւ դեռ միայն վերջերս են նոր վարչապետ ընտրել, սակայն արդեն իսկ բրիտանական առաջատար աղբյուրները խոսում են անգամ ոչ թե միայն նրա պաշտոնանկության, այլ նաեւ արտահերթ ընտրությունների մասին: Այն է` առկա ներքաղաքական մեգաճգնաժամն այդպես էլ չի հաղթահարվում, եւ եթե ռուսները մեկ–երկու թեթեւ հարված հասցնեն, ապա այդ ճգնաժամը միայն խորանալու է:
Բացի այդ, թեեւ մեծ աղմուկների գնով Եվրոպան կարողացավ հաստատել Ուկրաինայի ֆինանսավորումը, սակայն տարին կիսված, արդեն իսկ առաջացել է ավելի քան 30 միլիարդ դոլարի ճեղքվածք:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, բանակցային այս նոր փուլը կհասցնի՞ խաղաղության: Ուկրաինական ներքին աղբյուրները հայտնում են, որ Ուիտկոֆը Զելենսկուն նաեւ փոխանցել է, որ Թրամփի վարչակազմը հրաժարվում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը եւ նաեւ կասկածներ են հայտնել հակաօդային պաշտպանության հրթիռներ տալու վերաբերյալ: Ավելին, որ Ուիտկոֆը խորհուրդ է տվել Զելենսկիին` մինչեւ նոյեմբեր–դեկտեմբեր լուծել խաղաղության հարցը` նաեւ պատրաստակամություն հայտնելով կազմակերպել ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ ուղիղ եռակողմ բանակցություններ, եթե հոկտեմբերին համաձայնության հասնեն շրջանակային խաղաղության համաձայնագրի շուրջ:
Իհարկե, հնարավորություն կա, որ Զելենսկին անձնական անվտանգության երաշխիքների դիմաց գնա այդ քայլին: Թեեւ մյուս կողմից էլ նման մեսիջներ եղել են նաեւ բանակցային նախորդ փուլի ժամանակ, սակայն հաջորդել է նոր էսկալացիա: Չնայած, այս փուլում մեկ առանձնահատկություն կա. Մոսկվան ցուցադրաբար հրաժարվում է ամեն մի միջանկյալ հրադադարից, ինչպես նաեւ հարվածների ներկայիս մակարդակը թուլացնելուց, քանի դեռ չկան վերջնական պայմանավորվածություններ: Այսինքն, այս անգամ խաղաղության հասնելու հեռանկարները, թերեւս, ավելի հավանական տեսք ունեն, քան նախորդ փուլում:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71724

