Եվրոպան տեկտոնիկ փոփոխությունների շեմին է
ՎերլուծությունԻհարկե, ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի մոսկովյան այցով սկսված, ռուս–ամերիկյան մասամբ տեսանելի, մասամբ ստվերային բանակցային գործընթացում ամենեւին էլ միայն Ուկրաինայի հարցը չէ, որ քննարկվում է (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=348374&l=am): Խնդիրն ավելի լայն է` հնարավո՞ր է հասնել ռուս–ամերիկյան ռազմավարական նշանակության համաձայնության, որը ենթադրում է փոխադարձ անվտանգություն, այն է` կենսական շահերի ապահովում, այդ թվում` կողմերից յուրաքանչյուրի անվտանգության երաշխիք հանդիսացող ողջ տիրույթով մեկ: Եվ այն, որ մասնավորապես Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքային տիրույթի մեջ է մտնում նաեւ Հարավային Կովկասը, նորություն չէ:
Այսինքն, որ ռուս–ամերիկյան այդ քննարկումներում կա նաեւ ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ` Իրանի թեման, թերեւս կասկած չի առաջացնում: Այլ հարց է, թե որոշակի պայմանավորվածությունների հեռանկարներ կա՞ն, նաեւ, այդ ամենի վրա կարո՞ղ է վճռորոշ ազդեցություն ունենալ Եվրոպան:
Իհարկե, նոր բան չէ նաեւ, որ մեր տարածաշրջանում Եվրոպան, առաջին հերթին` Բրիտանիան, փորձում է ռուսական դիրքերը զրոյացնել առաջին հերթին հենց Փաշինյանի միջոցով: Հենց այս տրամաբանության մեջ էլ մտնում են այն բոլոր սրացումները, որոնք նիկոլյան Հայաստանը զարգացնում է ռուսական ուղղությամբ: Ասենք նաեւ Մոսկվայից եկող պատասխան քայլերը, հատկապես` տնտեսական ճնշումների տեսքով: Բիշքեկում վերջերս կայացած Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը այս ինտրիգի վերջնական պատասխանը չտվեց, ինչը նաեւ խոսում է այն մասին, որ Նիկոլը դեռ լուրջ տատանումների մեջ է: Որքան էլ որ հետո «հերոսաբար» հայտարարեց, թե ուզում են, թող մեզ հեռացնեն ԵԱՏՄ–ից, ՀԱՊԿ–ից, ռուսական բազան հանեն եւ այլն: Բայց երբ դրանից հետո խոսում է Երեւանում ռուսների կողմից մետրոյի կայարան կառուցելու կամ Հայաստանում ռուսական միջուկային ռեակտորներ տեղակայելու մասին, դա արդեն իսկ նշանակում է տատանում:
Եվ ահա, նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է կայանալ մոտ ժամանակում, թեեւ հստակ ամսաթվերը դեռեւս որոշված չեն։ Ու, թերեւս, հենց այդ այցն է, որ կարող է դառնալ այն վերջնական կետը, թե վերջապես որ ուղղությամբ է գնալու Նիկոլը:
Մի կողմից, իհարկե, Փաշինյանի վրա ազդում են այն բոլոր ազդակները, ցուցումները, որոնք գալիս են եվրալիբերալներից: Այս ազդակները միանշանակ ուղղված են ռուսներին հնարավորինս արագ Հայաստանից դուրս մղելու պահանջին: Մյուս կողմից, իհարկե, Նիկոլի համար զսպող գործոնների պակաս եւս չկա: Ո՞ւր կգնան ռուս–ամերիկյան բանակցությունները, եւ այդ գործընթացում ի՞նչ դիրք կստանա Մոսկվան մեր տարածաշրջանում: Կամ, այդ ֆոնին` ի՞նչ հետագա ընթացք է ունենալու ուկրաինական պատերազմը. այս անորոշությունները, ավելի կոնկրետ` դրանց արդյունքների մասին Նիկոլի պատկերացումները, իհարկե, չեն կարող չազդել նրա որոշման վրա:
Սրան էլ եկավ գումարվելու մեկ այլ գործոն` գերմանական Սաքսոնիա-Անհալթում կայացած ընտրությունների արդյունքները: Գերմանական ինչ–որ տարածաշրջանում կայացած ընտրությունները, իհարկե, որպես կանոն, ունեն ընդամենը հենց այդ տարածաշրջանի համար իմաստ եւ նշանակություն: Բայց ոչ այս դեպքում. այս անգամ Սաքսոնիա-Անհալթի ընտրությունները, առանց չափազանցության, ստացան համաշխարհային, ավելին` պատմական իմաստ եւ նշանակություն: Իսկ Գերմանիայի համար այն բառացիորեն քաղաքական երկրաշարժ դարձավ:
Ամբողջ իմաստը սա է. Գերմանիայի իշխող ուլտրալիբերալ ուժը` Մերցի գլխավորած «Քրիստոնյա–Դեմոկրատական դաշինքը» (CDU), կպահի՞ դիրքերը, թե՞ առաջին պլան է գալու հակադիր բեւեռը` Ալիս Վայդելի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը: Արդյունքը սա է` AfD–ը 44.5%-ով (գրաֆիկում) առաջատար դարձավ` ավելի քան կրկնակի գերազանցելով իշխող ուժի 18.8%–ը։ Սա, իհարկե, բացարձակ հաղթանակ չէ, եւ AfD–ը դեռ պետք է լեզու գտնի միակ կողմնակից ուժի` Սահրա Վագենկնեխտի BSW դաշինքի հետ` պակասող երեք ձայնը ստանալու համար: Բայց դա արդեն տեղական նշանակության թեմա է: Գլխավոր ազդակն արդեն կա. կանցլեր Մերցը` նրա ղեկավարած ուժը նախորդ ընտրությունների համեմատ կորցրել է իր ընտրողների ավելի քան կեսին: Նրա իրական քաղաքական հակառակորդը, ավելի ճիշտ` թշնամին կրկնապատկեց իր ձայները: Այսինքն, գերմանացիների քաղաքական հայացքների կտրուկ փոփոխության արդյունքում աջերն այս պահին ունեն բացարձակ մեծամասնություն։
Իհարկե, Մերցն այժմ կրկնակի ճնշման տակ է։ CDU-ի ներսում ղեկավարության փոփոխության եւ դաշնային քաղաքականության վերագործարկման անհրաժեշտության մասին բանավեճը անխուսափելիորեն կսրվի։ Արտաքին հարթությունից էլ այս տարածաշրջանային ընտրությունները կդիտարկվեն որպես ապագա դաշնային ընտրությունների փորձ։ Այսինքն, Գերմանիայի համար հիմա ոչ միայն օրակարգային է դառնում հարցը, թե դեռ իշխող համակարգը կվերարտադրվի՞, այլ, թե այն մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները կկարողանա՞ գոյատեւել: Այն իմաստով, որ այս ընտրությունների արդյունքները Մերցին լիովին զրկում են լեգիտիմությունից` առաջ քաշելով Գերմանիայում վաղաժամկետ համապետական ընտրությունների հարցը: Ամեն դեպքում, առնվազն սուր քաղաքական ճգնաժամն անխուսափելի է։
Հիշեցնենք, խոսքը Եվրոպայի առաջատար Գերմանիայի մասին է, եւ եթե այստեղ առաջին պլան են գալիս աջ ուժերը, ապա դա անխուսափելիորեն փոխում են նաեւ եվրոպական կառույցների բովանդակությունը: Առավել եւս, որ նման միտումներ տեսանելի են Ֆրանսիայում, Բրիտանիայում եւ այլ երկրներում եւս: Կարճ ասած, առաջիկա գոնե մեկ–երկու տարիներին Բրյուսելը կպահի՞ իր ներկա տեսքը. արդեն քիչ հավանական է թվում, եւ Գերմանիայի այս ընտրությունների ամենահիմնական իմաստը հենց դա էր:
Ու այս ամենից զատ` այս նոր իրավիճակն ինչքանո՞վ է ազդելու Նիկոլի «աշխարհայացքի» վրա. դա ցույց կտա նրան սպասվող մոսկովյան այցը:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71725

